Հասարակություն

Հայաստանը վերածվել է մեծ կազինոյի

Հայաստանը վերածվել է մեծ կազինոյի

Պրահայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով իրեն ուղղված մեղադրանքներին, թե հողեր է հանձնում, ասաց. «Մենք 2017 թվականի համեմատ 2 միլիարդ դոլարով Հայաստանի պետական բյուջեն ավելացրել ենք, եւ էդ բյուջեն ի՞նչ է՝ հող պահելու քո ընդունակությունն է, որեւէ պետության ընդունակությունն է»։

2 միլիարդ դոլարով պետական բյուջեի ավելացումը պետք է երկրում երեւա` նոր բան պիտի կառուցվի, մարդկանց կենսամակարդակը բարելավվի, երկրի անվտանգությունն ամրապնդվի։ Տնտեսագիտության դոկտոր Ատոմ Մարգարյանին հարցրինք՝ ինչպե՞ս է ստացվում, որ բյուջեն այդքան ավելացել է, ո՞ւր է ուղղվել այդ 2 միլիարդը: «Պետության բյուջեն կարող է ավելանալ, բայց երկրի քաղաքացիների մեծ մասի բյուջեն՝ ռեալ ծախսը, նվազել` գնաճի հաշվին։ Պետության բյուջեի ավելացման հիմնական գործոնները եղել են` նախ պատերազմի եւ covid-ի հետեւանքով գների աննախադեպ թռիչքը, վերաարտահանումները, տնտեսության մենաշնորհային կառուցվածքը, որ շարունակում է իր խայտառակ հաղթարշավը, օլիգարխիկ կառուցվածքը, որը հիմնված է ոչ թե ձեռնարկատիրական շահույթի, այսինքն՝ մրցակցային շահույթի, այլ իրենց մենաշնորհային դիրքի չարաշահման հետեւանքով քվազի ռենտայի ստացման վրա։ Այսինքն՝ որ մարդիկ օգտագործում են իրենց կապերը, կոռուպցիան, ստվերը, բազմակի անգամ ավելացնում են իրենց շահույթները, եւ դա գների վրա ունեցել է այդպիսի բազմապատիկ ազդեցություն։

Բյուջեի այդ ավելացումը շատ թանկ է նստել մարդկանց ճնշող մեծամասնության՝ հայաստանյան ընտանիքների 60-70 տոկոսից ավելիի բյուջեների վրա։ Նախ պետք է սա ֆիքսել․ պետությունն իր բյուջեն ավելացնում է, բայց մենք տեսնում ենք, որ անվտանգությունը շարունակում է մնալ խոցելի, ռազմական ծախսերը համադրելի չեն մեր հիմնական թշնամի պետության ռազմական բյուջեի հետ, շարունակում է 4-5 անգամ ավելի պակաս ծախս անել։ Այդ 2 միլիարդը, որ ավելացել է, ինչո՞ւ չի դարձել պաշտպանական եւ հարձակողական համակարգեր։ Նման թվեր ասելը պարզապես քաղաքական հայտարարություններ են»,- ասաց Մարգարյանը:

«Եթե շարունակեմ թվարկել գործոնները, ապա դրանցից մեկը խաղաբիզնեսն է․ Հայաստանը վերածվել է մեծ կազինոյի` լոտո, տոտո, տարբեր տեսակի օֆշորային գրանցում ունեցող խաղաբիզնեսներ, որոնք այլասերում են հասարակությանը։ Սրա հաշվին, իհարկե, կարելի է ոչ թե 2, այլ 12 միլիարդ ավելացնել, հետո՞ ինչ։ Եթե այդպես հայտարարում են, ապա թող ասեն, թե ինչ խոշոր բարձրտեխնոլոգիական բրենդներ են ստեղծվել, որոնք էլ ստեղծել են այդպիսի գերշահույթներ… Եթե դու քո բյուջեն ավելացնում ես, ինչո՞ւ ես պարտք վերցնում։ Այնպես որ, այդ խոսակցությունները միամիտ մարդկանց համար են։ Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում երկրի հետ, տնտեսության հետ, աշխատատեղերի հետ, մարդկանց կենսամակարդակի հետ։ Մարդկանց մեծ մասի կենսամակարդակն ընկել է, եւ կյանքի որակը վատացել է»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image