«Վստահ եմ՝ վաղ թե ուշ Ուկրաինան կկորցնի այդ արևմտյան հողերը։ Եվ այն, ինչ պատկանել է Լեհաստանին, պատկանել է Հունգարիային, պատկանել է Ռումինիային, վաղ թե ուշ՝ ոչ վաղը, գուցե ոչ էլ մյուս օրը, մեկ տարի, երկու, տասը, տասնհինգ տարի հետո, բայց պատմականորեն ամեն ինչ կվերադառնա իր տեղը: Ուկրաինայի տարածքային ամբողջականության միայն մեկ երաշխավոր կար՝ Ռուսաստանը»,- օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսպես է արտահայտվել Ուկրաինայի վաղվա օրվա մասիրն:
Ավելի վաղ Պուտինը Ուկրաինան անվանել էր «Լենինի անվան հանրապետություն»՝ հասկացնելով շատերին, որ Ուկրաինան ԽՍՀՄ միութենական հանրապետություն, ապա և անկախ հանրապետություն չէր լինի, եթե չլիներ Ռուսաստանը, եթե ռուս ցարերից մինչև Լենին չմիավորեին այսօրվա Ուկրաինայի հողերը: Իսկ Ուկրաինայի արևմտյան տարածքները՝ Բեսարաբիա, Կարպատներ Լվով պատմականորեն որևէ կապ չեն ունեցել Ուկրաինա հասկացության հետ և ընդհուպ եղել են անկախ միավորներ, իսկ հետագայում միացվել են Ավստո-Հունգարիային, Լեհաստանին և Ռումինիային:
Լեհաստանին, Ռումինիային և Հունգարիային արված առաջարկը՝ չե՞ք ուզում տեր կանգնել ձեր պատմական հողերին, Պուտինի կողմից բարձրաձայնվել է դեռ հատուկ ռազմական օպերացիայի առաջին օրերին՝ տակնուվրա անելով ողջ Եվրոպան, ինչու ոչ, նաև՝ ԱՄՆ-ը: Արևմուտքը, որ հարյուրավոր միլիարդներ էր ծախսել Ուկրաինան ռուսական ազդեցությունից դուրս բերելու համար, հանկարծ բախվում է մի իրողության, որ ԵՄ անդամ առնվազն 3 պետություն կարող է հողային պահանջ ներկայացնել Ուկրաինային: Սա, իհարկե, առաջին հերթին ձեռնտու չէ Գերմանիային և Ֆրանսիային, որոնք ողջ պատերազմի ընթացքում եղել են Ուկրաինայի այսպես կոչված անվտանգության հովանավորները և հանկարծ կարող են ձեռնունայն մնալ, եթե Լեհաստանը, Հունգարիան և Ռումինյան սկսեն լուրջ հավակնություններ դրսևորել Ուկրաինայի արևմտյան հատվածների նկատմամբ:
Ռուսաստանին Կիևից և Օդեսայից այնկողմ ոչինչ պետք չէ, Ռուսաստանն ի վիճակի էլ չէ եվրոպական նոր «արշավանք» կազմակերպելու: Դա գիտակցում է ողջ աշխարհը և, իհարկե, զավեշտալի համարում Մակրոնի և Մերցի տագնապները Բեռլինի և Փարիզի ապագայի հետ կապված: Խնդիրն, իսկապես, ուրիշ տեղ է: Եվրոպան, ձգելով ռուս-ուկրաինական անպտուղ և արյունալի հակամարտությունը, աշխատում է Ուկրաինայից ստանալ ավելին, քան այդ երկրի արևմտյան՝ բանդերական, հողերն են: ԱՄՆ-ը, օրինակ, իրենը ստացավ՝ Ուկրաինայի հետ պայմանագիր կնքելով ընդերքի շահագործման մասին: Ի՞նչ կհասնի այս պատերազմի արևմտյան մյուս դերակատարներին՝ դեռ հայտնի չէ:
Կարելի՞ է, արդյաք, Լեհաստանին, Հունգարիային և Ռումինիային Պուտինի արած «առաջարկը» համարել Ուկրաինայի պարզ բաժանում նշված երկրների և Ռուսաստանի միջև: Մանկամտություն չի՞ լինի արդյոք, պատկերացնել, որ Ռուսաստանը, Լեհաստանը, Հունգարիան և Ռումինյան, ահա, սեղանի շուրջ նստած, կտոր-կտոր են անում Ուկրաինան: Բնականաբար, ամեն ինչ այդքան պարզ չէ: Ուկրաինան, ամենաքիչը, պատերազմ կհայտարարի Լեհաստանին, Ռումինիային և Հունգարիային, եթե վերջիններս բացահայտ քայլեր կատարեն իրենց տեսանկյունից «պատմական արդարությունը» վերականգնելու ուղղությամբ: Այս երկրներն առայժմ կիսաձայն հրաժարվում են Ռուսաստանի դեմ պատերազմը շարունակելու համար Ուկրաինային օգնություն տրամադրելուց, բայց և վստահ են՝ Ուկրաինայի դեմ առաջին իսկ գործնական քայլի դեպքում կհայտնվեն ուկրաինական անօդաչուների թիրախում: Եվ Արևմտյան Եվրոպան հաճույքով կօգնի Ուկրաինային՝ այս անգամ ԵՄ-ն քայքայող այդ օջախները լռեցնելու հարցում:
Այս ծանր իրավիճակից դուրս գալու համար Ուկրաինային օդ ու ջրի պես խաղաղություն է հարկավոր: Երկիրը պետք է շնչելու, ինվենտարիզացիա անելու հնարավորություն ստանա, ինչը տեղի չի ունենա քանի դեռ կառավարման ղեկի մոտ Վլադիմիր Զելենսկին է՝ Ռուսաստանի ոխերիմ թշնամին և Արևմուտքի ձախողված խամաճիկը: Ամենասոսկալի բանը, որ կարող է տեղի ունենալ՝ դա Ուկրաինայի կազմաքանդումն է՝ որպես պետություն: Զելենսկին հրճվում է Ռուսաստանի խորքերին հարվածներ հասցնելու իր այս պահի հնարավորությամբ, բայց դա ընդամենը հորթի հրճվանք է, երբ գիտես, որ Ռուսաստանը մեկ գիշերում հողին կհավասարեցնի քո երկրի միանգամից մի քանի խոշոր քաղաքներ, այդ թվում և մայրաքաղաքը, դա հորթի հրճվանք է, երբ գիտես, որ քո երկրի նկատմամբ հողային պահանջներ ունեն հենց քո «դաշնակիցները», որոնք, գուցե, դիտմամբ են քեզ հրահրում Ռուսաստանի դեմ պատերազմի: Ուկրաինային հենց հիմա պետք է նոր իշխանություն և նոր բանակցող, որ նախ կդադարեցնի Արևմուտքից հրահրվող անիմաստ սպանդը և ապա կմեղմի մյուս հարևանների հարաճուն ախորժակը, քանի դեռ վերջիններս չեն անցել վճռական գործողությունների՝ երկրի արևմտյան սահմանների մոտ: