Քաղաքականություն

Աբխազիա. ուզում ենք՝ ինչպես Արցախում

Աբխազիա. ուզում ենք՝ ինչպես Արցախում

Նոյեմբերի 11-ից սկսված բողոքի ցույցերը տվեցին իրենց արդյունքը` Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան նոյեմբերի 19-ին հայտարարեց իր հրաժարականի մասին, ցուցարարները լքեցին կառավարական շենքերը: Իշխանության հակառակորդների համար ի՞նչ իմաստ ունի մնալ կառավարական շենքերում, երբ իրենց հիմնական պահանջը կատարվել է, նախագահը եւ վարչապետը հրաժարական են տվել, նրանց փոխարեն նշանակվել են պաշտոնակատարներ, նրանք էլ փետրվարի վերջին կկազմակերպեն արտահերթ նախագահական ընտրություններ: Պայմանավորվածության համաձայն, նախագահի պաշտոնակատար է նշանակվել փոխնախագահ Բադրա Գումբան, որը գործող նախագահի թիմակիցն է, իսկ վարչապետի պաշտոնակատար կնշանակվի բողոքավորների ներկայացուցիչ Վալերի Բգանբան, որն արդեն մի անգամ զբաղեցրել է այդ պաշտոնը: Արտահերթ ընտրությունների արդյունքում գործող նախագահի հակառակորդները հույս ունեն վերցնել իշխանությունը, չի բացառվում, որ Սերգեյ Բագապշը եւս առաջադրի իր թեկնածությունը, մինչեւ ընտրություններ շատ բան դեռ կփոխվի: Վերջին 10 տարում սա Աբխազիայում երրորդ դեպքն է, երբ ցուցարարների պահանջով նախագահը հրաժարական է տալիս. Աբխազիայի բնակչության մեծ մասը զինված է, այդ զենքն օրինական է, եւ երբ մի քանի հարյուր մարդ հավաքվում է նախագահականի դիմաց, ուժայինները չեն համարձակվում ուժ կիրառել, Հայաստանի նման՝ դիմացինն անզեն ցուցարար չէ, որին կարելի է անպատիժ բռնության ենթարկել:

Աբխազիայի ընդդիմությունը հանդես է գալիս Աբխազիայի գաղութացումը եւ ռուսականացումը կանխելու կոչերով, ինչը մեծ արձագանք ունի հասարակության շրջանում: Բայց, ինչպես շատ հաճախ է լինում, ամենաազգայնական եւ հայրենասիրական ճառեր արտասանողները իրենց գործողություններով կարող են երկրին եւ հասարակությանն ավելի մեծ վնաս հասցնել, քան նրանք, ովքեր, թվում է, թե այնքան էլ մտահոգ չեն ազգային շահերի պաշտպանությամբ: Հայաստանի գործող իշխանությունը` մեզ օրինակ:
Աբխազիայում բողոքի ցույցերը սկսվեցին, երբ երկրի խորհրդարանում ներկայացվեց Ռուսաստանի հետ ներդրումային ծրագրի հաստատման հարցը, որը պետք է քվեարկության դրվեր հոյեմբերի 15-ին, բայց այդպես էլ մնաց օդի մեջ: Ռուսաստանի եւ Աբխազիայի էկոնոմիկայի նախարարությունների միջեւ կնքվել էր մի համաձայնագիր, ըստ որի՝ ռուսական բիզնեսը միլիարդավոր ռուբլիներ պետք է ներդներ Աբխազիայում 30 հազար բնակարանների եւ ենթակառուցվածքների շինարարության մեջ, հետո այդ բնակարանները պետք է հայտնվեին ազատ վաճառքում: Բացի դրանից, երկու երկրների միջեւ կնքվել էր ներդրումների պաշտպանության համաձայնագիր, ոը ներառում էր արբիտրաժային դատարանների որոշումները երկուստեք ճանաչելու համաձայնություն. տնտեսական վեճերի դեպքում ռուս ներդրողները կարող էին դիմել Ռուսաստանի արբիտրաժային դատարան, որի որոշումները պետք է պարտադիր լինեին Աբխազիայի իշխանությունների համար: Աբխազիայի բնակչությունը, որը չի գերազանցում 200 հազարը, հիմնավոր մտավախություն ունի, որ այս ծրագրի իրականացումը կարող է հանգեցնել երկրի բնակչության էթնիկ կազմի փոփոխության, Աբխազիայում միանգամից կարող են բնակություն հաստատել 100 հազարից ավելի ռուսներ: Դրան ավելացնենք, որ երկրում սկսելու է գործել ռուսական օրենսդրությունը, որի արդյունքում Աբխազիան կորցնելու է իր ինքնուրույնությունը եւ վերածվելու է ռուսական գաղութի: Այս իմաստով աբխազների բողոքը կարելի է անվանել հակագաղութատիրական պայքար` ուղղված ռուսական իմպերիալիզմի եւ գաղութատիրության դեմ: Հարցն այն է, թե ինչ արդյունքի կարող է հանգեցնել այդ պայքարը:

Այնպես չէ, որ գործող նախագահ Բագապշը չէր հասկանում իր երկրին սպառնացող վտանգը` նա դավաճան էր եւ ուզում էր երկիրը նվիրել կամ վաճառել ռուսներին: Բայց նա հայտնվել էր անելանելի վիճակում. տարիներ ի վեր Ռուսաստանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Աբխազիային, տարեկան մոտ 100 միլիոն դոլարի չափով, որով վճարվել են բժիշկների, ուսուցիչների, ուժային կառույցների աշխատողների աշխատավարձերը, ինչպես նաեւ՝ թոշակները: Ռուսաստանն Աբխազիային մատակարարել է գրեթե անվճար էլեկտրաէներգիա: Կարելի է ասել, որ Ռուսաստանն Աբխազիային եւ աբխազներին գիտակցված նստեցրել է «ռուսական ասեղի» վրա, սովորեցրել նրանց ոչինչ կամ գրեթե ոչինչ չանելով ապրել: Բայց այս տարվա սեպտեմբերի 1-ից Ռուսաստանը դադարեցրեց «ձրի» փողի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումներն Աբխազիա, եւ, ինչպես ամեն մի թմրամոլ կվարվեր նման անելանելի վիճակում հայտնվելու դեպքում՝ պատրաստ ցանկացած պայմանով ստանալ թմրանյութի հերթական չափաբաժինը, Բագապշի իշխանությունը եւս գնաց զիջման՝ հայտարարելով, որ պատրաստ է ստորագրել ու վավերացնել ռուսների ներկայացրած թղթերը, միայն թե օգնությունը շարունակվի: Այլապես նրա դեմ դուրս կգային առանց աշխատավարձի մնացած սեփական ուժայինները, ուսուցիչները, բժիշկները, թոշակառուները եւ անհոսանք մնացած բնակչությունը, եւ ինքը կկորցներ իշխանությունը: Բագապշը կորցրեց իշխանությունը, բայց՝ մի քիչ այլ հանգամանքներում:

Ընդդիմության իշխանության գալու դեպքում Ռուսաստանի հետ խնդիրը մնալու է. Ռուսաստանը շարունակելու է պահանջել՝ կա՛մ վավերացնել իրեն անհրաժեշտ փաստաթղթերը, կա՛մ էլ պատժամիջոցները չեն հանվի: Հնարավոր է, որ ընդդիմությունն ի վերջո պարտադրված լինի ընդունել ռուսական պահանջները, մանավանդ որ ընդդիմության ներկայացուցիչները հայտարարում են, որ իրենց պայքարը չունի հակառուսական ուղղվածություն: Առանց Ռուսաստանի ֆինանսական աջակցության եւ առանց ռուսական էլեկտրաէներգիայի Աբխազիան միայն մի ելք ունի` շրջվել դեպի Վրաստան, որից բաժանվել է 30 տարի առաջ, իսկ 2008 թվականին էլ Աբխազիայի տարածքում բախվեցին Ռուսաստանի եւ Վրաստանի բանակները, եւ Վրաստանը տարածքային նոր կորուստներ ունեցավ: Չի բացառվում, որ Ռուսաստանի իրական նպատակը հենց պլան Բ-ն է՝ Աբխազիան հետ հանձնել Վրաստանին, բայց՝ աբխազների ձեռքով:

Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից առաջ խոսակցություն կար, որ եթե ընտրություններում հաղթի հակաարեւմտյան «Վրացական երազանքը», Ռուսաստանը կարող է օգնել Վրաստանին՝ վերաինտեգրելու Աբխազիան եւ Հարավային Օսիան: Հարավային Օսիայի դեպքում համոզելու բան չկա, Ռուսաստանից ոնց ասեն, այնպես էլ կլինի, համենայնդեպս, դիմադրությունը մեծ չի լինի, իսկ Աբխազիայի դեպքում խնդիրն ավելի լուրջ է` աբխազները պայքարում են իրենց պետականության եւ ինքնիշխանության համար:

Հարցը հեշտացնելու համար աբխազներին պետք է թշնամացնել Ռուսաստանի հետ, որից հետո Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ գտնվող այդ երկիրն այլ ելք չի ունենա, քան շրջվել դեպի Վրաստան, ինչպես որ 1993 թվականին թշնամանալով Վրաստանի հետ, դարձավ ռուսական պրոտեկտորատ: Աբխազիային ինքնուրույն եւ փոքրիշատե ինքնաբավ ապրելուն խանգարելու է սեփական էներգետիկ եւ տնտեսական ռեսուրսների անբավարարությունը․ Աբխազիայի սեփական եկամուտը ձեւավորվում է Ռուսաստան արտահանվող ցիտրուսների վաճառքից եւ ռուսաստանցի զբոսաշրջիկներից: Եթե Ռուսաստանի հետ հարաբերությունները փչանում են, Աբխազիան, ուզի թե չուզի, պետք է ճանապարհ փնտրի՝ Վրաստանի հետ խոսելու, Վրաստանի հետ վերաինտեգրվելու` պակասող փողն ու էլեկտրաէներգիան այնտեղից ստանալու հույսով: Վրաստանում ասում են, որ իրենց համար Արցախի օրինակն ընդունելի չէ, երբ Ադրբեջանը հազարավոր զոհերով եւ ամբողջ բնակչությանը բռնագաղթի ենթարկելով` տիրացավ Արցախին, իրենք ուզում են աբխազների հետ պայմանավորվելու միջոցով վերականգնել իրենց տարածքային ամբողջականությունը: Իսկ որպեսզի աբխազները ցանկություն ունենան խոսել վրացիների հետ եւ դառնան մի քիչ զիջող, պետք է հայտնվեն անելանելի վիճակում: Եթե Աբխազիայում իշխանության գան ուժեր, որոնք մերժում են Ռուսաստանի պայմանները, Ռուսաստանը կարող է գնալ ավելի կոշտ քայլերի՝ ընդհանրապես փակելով սահմանը եւ հաղորդակցությունը Աբխազիայի հետ՝ դրանով արագացնելով Աբխազիայի վերադարձը Վրաստան: 

Մենք չենք կարող ասել, թե որ տարբերակն է գործելու` Աբխազիայի ավելի սերտ ինտեգրումը Ռուսաստանի՞ն, թե՞ վերադարձը Վրաստանի գիրկը, բայց մի բան հաստատ է. ազգայնական եւ հայրենասիրական կոչերի տակ գրեթե միշտ թաքնված է պայքարն իշխանության համար, եւ իշխանության հասնելուց հետո է միայն, որ բացահայտվում է երեկվա մոլի ազգայինների ու թունդ հայրենասերների իրական հակազգային եւ դավաճանական էությունը, նրանց իշխանության գործունեության իրական արդյունքը: Հեշտ է ասել` նախկիններն ուզում էին Աբխազիան հանձնել Ռուսաստանին, ոչնչացնել մեր ինքնիշխանությունը, իշխանություն ստանալուց հետո միայն պարզ կդառնա, թե ով էր ավելի շատ ցավում ինքնիշխանության համար, իսկ ով է պատրաստ այն զիջել առաջին իսկ հարմար պայմանով: Հայաստանի գործող իշխանությունների օրինակը դրա վառ վկայությունն է:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image