Քաղաքականություն

Հանրային աջակցությունը կեղծում է, որ ընտրությունները կեղծի

Հանրային աջակցությունը կեղծում է, որ ընտրությունները կեղծի

Փաշինյանը փորձում է հանրային աջակցություն բեմականացնել, ընտրություններից առաջ ցույց տալ, թե ինքն ունի հասարակության լայն աջակցությունը, իր կոչով մարդիկ կարող են գալ ինչ-որ միջոցառումների։ Հենց սկզբից էլ պարզ էր, որ նրա մոտ երաժշտական տաղանդի հայտնագործությունը եւ համերգ-պարահրապարակ կազմակերպելը նախընտրական քարոզչական միջոցառում է։ Սպասելի էր նաեւ, որ նա դա կանի նման կոպիտ եւ անամոթ ձեւով, հայտարարելով․ «Հեղափոխությանն ասում եմ այո՝ հունվարի 30-ի պարահրապարակի համար»։ Ասածն այն է, որ ով եկավ պարահրապարակ, աջակցում է հեղափոխությանը, այդպիսով իր աջակիցն է։ 

Ընտրություններին դեռ չորս ամսից մի փոքր ավելի ժամանակ կա, եւ հանրային աջակցություն բեմականացնելու համար մենք Փաշինյանին մի քանի խորհուրդ տանք, որոնք նրան կօգնեն ավելի շատ մարդ հավաքել եւ ավելի մեծ հանրային աջակցության տպավորություն ստեղծել։ Հաջորդիվ նա կարող է Հանրապետության հրապարակում կազմակերպել չալաղաջի, հետո՝ քյաբաբի, շաուրմայի փառատոներ, եւ եթե հիմա երաժշտական գործիքների ֆոնին է նկարվում, ապա այդ դեպքում մանղալի մոտ խորովածի շիշը պտտեցնելով կարող է ասել․ «Հեղափոխությանն ասում եմ «այո», Հանրապետության հրապարակում կազմակերպված չալաղաջի փառատոնի համար», ովքեր սիրում են անվճար, բացարձակ ձրի չալաղաջ, կարող են գալ Հանրապետության հրապարակ եւ ստանալ իրենց բաժին չալաղաջը, հեղափոխությանն ասում եմ «այո», համեցեք Հանրապետության հրապարակ եւ ստացեք նախկին թալանչի իշխանություների կողմից ձեզնից խլված եւ մեր կողմից ձեզ վերջապես վերադարձվող քյաբաբները՝ դրանով ձեր աջակցությունը հայտնելով հեղափոխությանը, այսինքն՝ ինձ։ 

Իսկ ընտրությունների հենց նախորդող օրը, այսպես կոչված՝ լռության օրը, կարող է կազմակերպել լրիվ ապաքաղաքական ակցիա՝ ստրիպտիզ-մերկապար Հանրապետության գլխավոր հրապարակում։ Դրանով կկարողանա ոչ միայն հսկայական թվով «հեղափոխության առաջնորդների» հավաքել հրապարակում, այլեւ ի ցույց դնել սեփական իշխանության մերկությունը եւ սնանկությունը։ Մերկապարի մասնակիցներին, որպես հումանիտար-բարոյական աջակցություն, կուղարկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Հիշո՞ւմ եք Տիգրան Կարապետյանին՝ ԱԼՄ հեռուստաընկերության հիմնադիր սեփականատիրոջը, որը նաեւ Ժողովրդական կուսակցության նախագահն էր եւ այդ կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորելով՝ մասնակցեց խորհրդարանական ընտրություններին։ Կարապետիչը նախընտրական շրջանում անում էր ճիշտ նույն բաները, ինչ հիմա անում է Փաշինյանը՝ փորձում էր հասարակության սիրտը շահել եւ հանրային աջակցություն բեմականացնել․ աղքատ եւ անապահով մարդկանց ավտոբուսներով տանում էր Սեւան, այնտեղ մի կտոր հաց էր տալիս, նրանց հետ լուսանկարվում էր եւ փորձում էր այդկերպ համոզել, որ ինքն այդքան մեծ թվով աջակիցներ ունի։ Բայց նրա հետ Սեւան գնացած, նրա հետ հաց կիսած եւ լուսանկարված մարդկանց մի չնչին մասը միայն իր ձայնը տվեց նրան, Կարապետյանը նույնիսկ չհաղթահարեց անցողիկ շեմը, այդպիսով նեղանալով եւ երախտամոռության մեջ մեղադրելով հասարակությանը։

Փաշինյանը, իհարկե, Տիգրան Կարապետյան չէ, ի տարբերություն Կարապետյանի, որն ընտրություններին մասնակցում էր որպես ընդդիմություն, Փաշինյանն ընտրությունների է գնում որպես իշխանություն։ Փաշինյանը ոչ թե փորձում է հասարակությանը եւ ընտրողներին կաշառել կամ փոխել իր նկատմամբ ունեցած վերաբերմունքը՝ հասկանալով, որ դա անիմաստ եւ անիրականանալի է, նա ընդամենը ուզում է հող նախապատրաստել ընտրակեղծարարության համար։ Նա չի կարող նախընտրական մեծ հանրահավաք կազմակերպել՝ մարդ չի գա, չի կարող նույնիսկ մարզային մեծ հանդիպումներ կազմակերպել՝ մարդիկ զզվում են իրենից, բայց ապաքաղաքական մասսան, որին ո՛չ ընտրություններն են հետաքրքիր, ո՛չ Փաշինյանը եւ ո՛չ էլ Հայաստանի ապագան, կարող է հավաքվել երգ ու պարի, խորոված-քյաբաբի, ստրիպտիզ-կանեփի փառատոներին։ Նրանք ընտրության չեն գնա եւ չեն քվեարկի Փաշինյանի եւ ՔՊ-ի օգտին, բայց կապահովեն հանրային աջակցության տեսարաններ, տպավորություն կստեղծեն, որը Փաշինյանին հնարավորություն կտա ընտրությունները կեղծելուց հետո ասել՝ ասում եք, թե ես այդքան ձայն չէի կարող ստանալ, քանի որ երկիրը, մարդիկ զզվում են ինձնից, ատում են ինձ, բայց այդքան մարդ ո՞նց հավաքվեց իմ կանչով։

Մի մարդ, որը կարող է հանրային աջակցությունը կեղծել, արդյոք չի՞ կարող ընտրություն կեղծել, մանավանդ որ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովն արդեն իր միանշանակ աջակցությունն է հայտնել պլանավորված ընտրակեղծարարությանը, իսկ ԿԸՀ նախագահն իր նախկին օգնականն է։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image