Օրերս Հորդանանի մայրաքաղաք Ամմանում տեղի է ունեցել Հորդանանում Ադրբեջանի դեսպանատան եւ, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջան համայնքի» կողմից համատեղ կազմակերպված գիտաժողով՝ «Արեւմտյան Ադրբեջանի մշակութային ժառանգության հետքերով» խորագրով։ Ինչպես փոխանցում է «Գեղարդ» հիմնադրամը, միջոցառման շրջանակներում ավելի ուշ Ադրբեջանի դեսպանատանը բացվել է նաեւ «Արեւմտյան Ադրբեջանի մշակույթը» ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվել են գորգեր, հագուստներ, զենք-զրահ, ինչպես նաեւ՝ իբր թե Երեւանում հատված՝ Սեֆյան ժամանակաշրջանի 5 մետաղադրամ։
Բացման խոսքում Հորդանանում Ադրբեջանի դեսպան Էլդար Սալիմովը նշել է, որ համաժողովը մարմնավորում է մի ամբողջ «ժողովրդի» իրավունքների, մշակույթի եւ հոգեւոր ժառանգության վերականգնման նպատակով տարվող համատեղ ջանքերը։ Նրա խոսքով՝ միջոցառման շրջանակներում նախատեսվող ելույթները, քննարկումներն ու առաջարկվող նախաձեռնություններն իբր թե նպաստելու են «արեւմտյան ադրբեջանցիների» մշակութային ժառանգության, պատմական հուշարձանների, բանահյուսության եւ ազգային-հոգեւոր արժեքների պահպանմանն ու տարածմանը։
Հորդանանի փոխվարչապետ Մուհամմադ Ալ-Մալքավին, որը նաեւ Մերձավոր Արեւելքում խաղաղության մշակույթի միության ղեկավարն է, բարձր է գնահատել «բարեկամ եւ եղբայրական» երկու ժողովուրդների միջեւ առկա մշակութային կապերն ու ընդհանուր արժեքները: Նա ընդգծել է իր մասնակցության կարեւորությունը դեռեւս 2023 թվականի դեկտեմբերին Բաքվում կայացած «Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի ապահովումը. գլոբալ համատեքստ եւ արդար լուծում» միջազգային համաժողովին եւ կարեւորել «ադրբեջանցիների վերադարձի իրավունքը»: «Լրջագույն անհանգստություն է առաջացնում այն փաստը, որ Հորդանանի բարձրաստիճան պաշտոնյան եւ համապատասխան կառույցները ոչ մի ուշադրություն չեն դարձրել այն հանգամանքին, որ կազմակերպված գիտաժողովն ու միջոցառումները նվիրված են եղել հորինված քարոզչական միֆ «Արեւմտյան Ադրբեջանին» եւ միտված են ծառայել արաբ ժողովրդին մշտապես բարեկամաբար տրամադրված հայ ժողովրդի տարածքային եւ պատմամշակութային ժառանգության յուրացմանը։ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը կտրականապես դատապարտում է Ադրբեջանի կողմից նման միջոցառումների եւ ցուցահանդեսների կազմակերպումը, որոնք ակնհայտորեն նպատակաուղղված են շինծու «Արեւմտյան Ադրբեջան» հասկացության միջազգայնացմանը։ Ադրբեջանի այս գործողությունները վկայում են տարածաշրջանային կայունությունը խաթարելու եւ պատմական իրականությունը խեղաթյուրելու Բաքվի հետեւողական ռազմավարության մասին։ Տարբեր երկրներում «Արեւմտյան Ադրբեջան» անհիմն ձեւակերպման օգտագործմամբ նման միջոցառումների կազմակերպումն ուղղված է պատմական փաստերի խեղաթյուրմանն ու տարածաշրջանում լարվածության պահպանմանը»,- նշված է հայտարարության մեջ։