Հասարակություն

Ովքե՞ր են պատասխանատու Գյումրիի աղմկահարույց սխալ ցուցանակների համար

Ովքե՞ր են պատասխանատու Գյումրիի աղմկահարույց սխալ ցուցանակների համար

Վերջին շրջանում Գյումրիի տարբեր հատվածներում տեղադրված զբոսաշրջային ուղղորդող ցուցանակները դարձել են քննարկման և դժգոհության պատճառ։ Քաղաքում նկատվել են անվանումների մի շարք անճշտություններ, որոնք, մասնագետների կարծիքով, ոչ միայն մոլորության մեջ են գցում այցելուներին, այլև աղավաղում են քաղաքի պատմամշակութային իրական պատկերը։ Քննարկումների հիմնական կենտրոնում է «Կինո Հոկտեմբեր» կինոթատրոնի դիմաց տեղադրված ցուցանակը, որտեղ նշված է «Գյումրու Մաքսիմ Գորկու անվան կենտրոնական զբոսայգի»։ Գյումրիում նման անվանումով այգի երբևէ  գոյություն չի ունեցել։

Նախօրեին Գյումրու քաղաքապետարանում կայացած հանրային լսման ժամանակ հարցը ներկայացվեց պաշտոնական մակարդակով։ Տարբեր կողմերին ուղղված մեղադրանքներից հետո Գյումրու քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում երեկ հրապարակվեց փաստաթուղթ, որով բացահայտվում է սխալի իրական աղբյուրը։ Ըստ այդ փաստաթղթի՝ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը գրությամբ դիմել է Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանին՝ առաջարկելով քաղաքում տեղադրել զբոսաշրջային օբյեկտների ուղղությունները ցույց տվող տեղեկատվական վահանակներ։  Մարզպետը ուղարկել էր նաև ցուցանակների բովանդակության ամբողջական ցանկը, որտեղ արդեն ներառված էր սխալ ձևակերպումը՝ «Մաքսիմ Գորկու անվան կենտրոնական այգի»։ Այդ նույն տարբերակով էլ ցուցանակը հաստատվել ու տեղադրվել է ժամանակավոր պաշտոնակատար քաղաքապետի ղեկավարության ներքո։

Զբոսաշրջության ոլորտի մասնագետները նշում են, որ անճշտությունները միայն մեկ ցուցանակով չեն սահմանափակվում։ Սխալ է նշվում, օրինակ, Շիրազի թանգարանի անվանումը, քանի որ այն հուշատուն-թանգարան է, ոչ թե տուն-թանգարան։ Ձիթողցյանների տան դեպքում ևս կիրառվում է ոչ ճիշտ անվանում, մինչդեռ շենքը պաշտոնապես ներկայացվում է որպես Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան։ Միևնույն ժամանակ, քննարկվում է նաև այն հանգամանքը, թե ինչու գյումրեցիները Կենտրոնական զբոսայգին հաճախ անվանում են «Գորկու այգի»․ դա կապ չունի հեղինակի անվան հետ և ձևավորվել է «բլրակ» իմաստով՝ ռուսերեն гора/горка բառից։

Մասնագետներն ընդգծում են, որ նման սխալները կանխելի կլինեին, եթե պետական կառույցները նախապես խորհրդակցեին տեղական պատմաբանների, մշակութաբանների կամ համապատասխան ոլորտի գիտաշխատողների հետ։ Գյումրիում գործող գիտական կենտրոնների ներկայացուցիչները բազմիցս հայտնել են պատրաստակամություն աջակցել նման ծրագրերին, ներկայացնել ճշգրիտ տվյալներ ու պատմական փաստեր։

Քաղաքապետարանը հայտարարել է, որ խնդիրը գտնվում է ընթացիկ ուսումնասիրության փուլում։ Սխալ ցուցանակը ենթակա է տեղահանման, և դրա շտկմամբ զբաղվելու է քաղաքապետարանի ներկայիս աշխատակազմը։ Փաստացի, սխալ անվանումներով ցուցանակների ամբողջական ցանկը կազմվել է մարզպետարանի կողմից, իսկ քաղաքապետարանի ժամանակավոր ղեկավարությունը այն հաստատել է առանց մասնագիտական վերանայման։

Քննարկումները ցույց են տալիս, որ զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավումը կարևոր է և անհրաժեշտ, սակայն այն պետք է իրականացվի առավել պատասխանատու մոտեցմամբ։ Գյումրին պետք է ներկայացնել իրական անուններով, փաստերով ու ճշգրիտ տեղեկություններով, քանի որ զբոսաշրջիկները քաղաքը ճանաչում են այնպես, ինչպես այն ներկայացվում է պաշտոնական ցուցանակներով։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image