Քաղաքականություն

«Ջրային բանդաների» դեմ պայքարող Արագածոտնի փոխմարզպետը չգիտի բանդայի անունները

«Ջրային բանդաների» դեմ պայքարող Արագածոտնի փոխմարզպետը չգիտի բանդայի անունները

Արագածոտնի փոխմարզպետ Գառնիկ Աթանեսյանը, չնայած երիտասարդ տարիքին, հարուստ կենսագրություն ունի․ ներկայում՝ ՔՊ անդամ ու փոխմարզպետ, նախկինում՝ ՍԴ աշխատակազմի անդամ, «Արմենիա TV» փորձագետ, գործարար։ Փոխմարզպետի պաշտոնում նա արդեն հայտարարել է, որ շուրջ 2 տասնամյակ հանրապետականների ու դաշնակցականների կողմից փոխեփոխ ղեկավարվող մարզում կան «ջրային բանդաներ», որոնց դեմ անհաշտ պայքարելու է։ Մեզ հետ զրույցում Գառնիկ Աթանեսյանը սա հերքեց։

- Պարոն փոխմարզպետ, մարզի բնակիչներից մեկը, զանգահարելով խմբագրություն, ասաց, որ Դուք կանչում եք տարբեր անձանց եւ պաշտոնյաների, ասում եք՝ գրեք, թե ով ինչ ապօրինություն, խախտում է արել։

- Իրոք չեմ հասկանում… ո՞ւմ եմ կանչում։

- Քաղաքացիներին, տարբեր անձանց։

- Իհարկե, նման բան չկա։ Խնդրում եմ՝ փաստով, եթե մեկ հոգի նման մարդ կա, ես իրեն սիրահոժար կլսեմ, բայց նման բան չի կարող լինել, որովհետեւ Ձեր ասածն աբսուրդ է… ինչ, ես կանչում եմ մարդկանց, ասում՝ խնդրում եմ գրեք ուրիշի վրա՞… Կներեք, բայց դրա համար պետության մեջ կա իրավապահ համակարգ, որի համար իրենք փող են ստանում։

- Դուք հայտարարել էիք, որ կան «ջրային բանդաներ», որոնց դեմ պայքարելու եք, ի՞նչ արդյունքներ եք գրանցել։ Ասել էիք, որ շուտով բացահայտումներ կլինեն, ի՞նչ է արվել այդ ուղղությամբ։

- Սա այնպիսի աշխատանք չէ, որ մեկ օրվա մեջ անպայման պետք է ինչ-որ արդյունք լինի, եւ ամեն ինչ անում ենք, որ շահագրգիռ բոլոր կողմերի հետ քննարկումների արդյունքում հասկանանք, այսինքն՝ բնակչությունն արժանահավատ համարի ջրի համար վճարվող ցանկացած կոպեկը, որովհետեւ այսօր բնակչության հիմնական դժգոհությունն այն է, որ ջուրը կա՛մ թանկ է, կա՛մ ընդհանրապես չկա։ Անձամբ համոզված եմ, որ ճիշտ կառավարման դեպքում ջրային կորուստներ առհասարակ չպետք է ունենայինք։ Այսինքն՝ եթե ստվերային այգիները, ստվերային հողերը դուրս գան մաքուր դաշտ ու օգտագործած ջրի դեմ պայքարի, մենք կորուստ էլ չենք ունենա, բոլորն էլ գոհ ու երջանիկ կապրեն։

- Որքա՞ն են կազմում ձեզ մոտ ջրի կորուստները։

- Կան պաշտոնական թվեր, կարող եք վերցնել-նայել։ Անգամ պաշտոնական թվերով այս կորուստները սարսափելի են։ 50 տոկոս ջրի կորուստը լավ բան չէ։

- Իսկ ովքե՞ր են մարզի «ջրային բանդայի» անդամները։

- Ես անունների չեմ տիրապետում, որ տիրապետեի, միանգամից կնշեի։ Եվ «ջրային բանդա» ասելով՝ պետք չէ հասկանալ լոկ անուններ, այլ հարցն այն է, որ պետք է ոռոգման ջրի համակարգում ընդունվի կառավարման ճիշտ մոդել։ Եթե այս ամենը ճիշտ է լինում, հասնում է իր տրամաբանական կետին, էլ խնդիր չի լինի։

- Ճի՞շտ է, որ ժամանակին ազարտային խաղերով եք հրապուրված եղել եւ տանուլ եք տվել Ձեր ունեցվածքը՝ բնակարան եւ այլն։

- Ոչ, բնականաբար, ճիշտ չէ։

- Դրանից հետո հեռացել եք Հայաստանից։

- 2014-2016 թվականներին, այո, ապրել եւ աշխատել եմ Մոսկվայում եւ Մինսկ քաղաքներում, իմ կենսագրությանը կարող եք շատ հանգիստ ծանոթանալ։ Ես ՀՀ-ից դուրս եմ եկել այն ժամանակ, երբ Հայաստանում Սահմանադրական դատարանի դատական ծառայության գլխավոր մասնագետը ստանում էր ընդամենը 106 հազար դրամ աշխատավարձ։

 

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image