Գագիկ Ծառուկյանի նկատմամբ անհամաչափ բռնի ուժի կիրառումն ու գետնին տապալելու կադրերը մեծ վրդովմունք են առաջացրել հանրության մեջ եւ լայն քննարկումների առարկա դարձել։
Մարդիկ նաեւ պահանջում են, որ Ծառուկյանի եւ մյուս ընդդիմադիր գործիչների, ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների նկատմամբ բռնի ուժի կիրառմանն արձագանքի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը։
Երեկ ՄԻՊ-ը մի հայտարարություն տարածեց, սակայն իր բնորոշ ոճի մեջ` լղոզված, առանց հստակ գնահատականների, առանց կոնկրետ հասցեատերերին նշելու:
Մեզ հետ զրույցում իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանն ասաց, որ պետք է օգնել ՄԻՊ-ին, որովհետեւ կարծես Մանասյանն ուզում է արձագանքել, սակայն չգիտի, թե ինչպես անի դա։ «ՄԻՊ-ն արձագանքեց նաեւ մարդկանց խտրականության ենթարկելու, նրանց ընտրելու իրավունքից զրկելու հետ կապված, սակայն հասցեական չի անում` դիվանագիտորեն է անում, որ ԱԱԾ-ից չգան, իրեն քացու տակ գցեն, տապալեն, բայց փորձում է մի քիչ մոտենալ մարդու իրավունքների պաշտպանության առաքելությանը։ Կամաց-կամաց, վախվորելով` փորձում է: Եկեք այս շրջանն օգտագործենք ու ՄԻՊ-ին փորձենք ուժեղացնել, որ մարդու իրավունքները պաշտպանի, ոչ թե Նիկոլի վայրագությունները»,- շեշտեց իրավապաշտպանը։ Իշխանյանը հորդորեց հիշել, թե ՄԻՊ-ն ինչպես է ընտրվում՝ Ազգային ժողովի 3/5-ով։ Այն ժամանակ Ազգային ժողովում ՔՊ-ն 71 պատգամավոր ուներ եւ 65 ձայնով ընտրում էր ՄԻՊ-ին, հարց է առաջանում` այդ մարդը կարո՞ղ է անկախ լինել՝ հռետորական հարց է տալիս Իշխանյանը։ «Բնականաբար, ՄԻՊ-ն անկախ լինել չի կարող, եւ մեր խնդիրն է՝ հասկանալ, թե ոնց կարող ենք այս իրավիճակում, երբ Սահմանադրությունը հնարավորություն չի տալիս ՄԻՊ-ին անկախ լինել, փորձենք գոնե անկախության նշույլներ հաղորդել ՄԻՊ-ին։ Ես համոզված եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում աշխատակիցներ կան, որոնք շատ լավ ընկալում են այս իրավիճակը, իրենց դուր չի գալիս, բայց այս գերության մեջ իրենք, այնուամենայնիվ, փորձում են մարդու իրավունքների պաշտպանության կողմը բռնել, ոչ թե ինչ-որ 150 հազար հոգու էթնիկ զտման ենթարկած թափթփուկների»,-եզրափակեց Հովհաննես Իշխանյանը։
Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը, սակայն, կարծում է, որ ՄԻՊ-ը Գագիկ Ծառուկյանի դեմ կիրառված բռնի ուժի կիրառման մասով հայտարարության մեջ սկզբունքներին է անդրադարձել։ «Այնպես չէ, որ դա այլ արձագանք կարող էր ունենալ, որովհետեւ ՄԻՊ-ն այն ինստիտուտն է, որը սկզբունքների մասին է, հիշեցնում է մարդու իրավունքների հիմնարար կետերը։ Կոնկրետ դեպքի հետ կապված կարելի է ասել, որ պետությունն այն ամբողջական համակարգն է, որն ունի թե՛ վերահսկողական, թե՛ կանխարգելման գործառույթ, այսինքն՝ այդ բոլոր գործառույթները չկատարելու դեպքում վերջում ցուցադրել այսպիսի ցուցադրական հարկադրանքի, ուժի նվաստացնող տեսարաններ, կարծում եմ, հենց այն մնացած ֆունկցիաների չկատարման արդյունքն է: Օրինակ, կենդանիների օգտագործման, պահման հետ կապված, նրանց անազատության մեջ պահելու եւ խնամելու հետ կապված բազմաթիվ գործառույթներ ունի պետությունը։ Նույնը վերաբերում է քաղաքական, տնտեսվարող սուբյեկտների վերահսկողության, կանխարգելման մեխանիզմներին, եթե պետությունն այդ ամեն ինչը չի իրականացնում, հետո վերջում ցուցադրական նվաստացուցիչ տեսարաններ է բեմադրում, արդեն դա վերածվում է մարդու իրավունքների խախտումների, ինչը, կարծում եմ, ՄԻՊ-ն ավելի իրավական շարադրմամբ ներկայացրել է»,- ասաց Հովհաննիսյանը։
Հարցին, թե արդյո՞ք ՄԻՊ-ի գործառույթը կոնկրետ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը չէ, ու արդյոք հասցեական չպե՞տք է լինեն ՄԻՊ-ի արձանագրումները, ասաց, որ ՄԻՊ-ի գործառույթները հենց քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն է` պետության ոտնձգություններից, տարբեր մարմիններից, այդ թվում՝ նաեւ իրավապահ համակարգից։ «Կարելի էր ավելի սուր գրել, բայց բոլոր բաները նշել է իրականում, հիմա սա լեզվի խնդիր է` ավելի սուր կասի, թե ավելի հասցեական կասի, փաստերը կարծես թե նշված են»,- նշեց Զառա Հովհաննիսյանը եւ հավելեց, որ ՄԻՊ-ը նշանակվում է Ազգային ժողովի քաղաքական մեծամասնության կողմից: Դա նշանակում է, որ Անահիտ Մանասյանը կաշկանդվա՞ծ է այն հանգամանքով, որ իրեն ընտրել է ՔՊ-ն։ «Մշտապես այդպես է եղել, այդ մասին միշտ հայտարարել ենք եւ միակ ժամանակահատվածը հեղափոխությունից հետո էր, երբ ՄԻՊ-ը կարողանում էր ավելի սուր քննադատություն հնչեցնել՝ համարելով, որ նոր քաղաքական վերնախավից կախվածություն չունի, որովհետեւ իրենք չեն ընտրել իրեն։ Դա մշտական լինում է պետական ինստիտուտներում, ես չեմ կարող առանձնացնել հենց ՄԻՊ-ը որպես կառույց»,- եզրափակեց Զառա Հովհաննիսյանը։