Նիկոլ Փաշինյանի «Կառավարությունը ես եմ, եթե կա մեկը, ով իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունի՝ դիմումը գրի» հայտարարությունը շատերը միայն մակերեսորեն դիտարկեցին։ Այնինչ այս խոսքերով նա փաստացի հռչակեց, որ պետական կառավարման բոլոր լծակները կենտրոնացված են իր ձեռքում։ Կառավարությունում որևէ մեկը գոյություն ունենալ չի կարող, եթե նրա կամքին հակառակ քայլ անի․ դիմումը պիտի գրի ու հեռանա։ Այլընտրանք չկա։ Այլ դիտարկում, ցավոք, համարյա չեղավ։
Սակայն կա ամենակարևոր դիտարկումը, որը շատերը գիտակցաբար կամ ակամա բաց են թողել։ Երբ մարդ հայտարարում է, որ ինքը ինքնին կառավարությունն է, ապա նա ինքնաբերաբար ստանձնում է ամբողջական պատասխանատվություն։ Անտեսելով բոլոր սահմանադրական ու ինստիտուցիոնալ նորմերը, պետք է ի գիտություն ընդունել, որ եթե կառավարությունն ինքն է, ուրեմն կառավարման բոլոր լծակների պատասխանատուն ևս ինքն է։
Բոլոր լծակները թվարկելու կարիք չկա․ բավական է մեկ օրինակ բերել՝ իրավական ու ուժային համակարգը։ Հիշենք Փաշինյանի սկանդալային խոսքը․ «Կա՞ տենց դատավոր, որ իմ ասածը չանի»։ Այս նախադասությունն ամբողջովին ցեմենտում է այն իրականությունը, որ անգամ դատական համակարգը նա է դարձրել իր կամքի գործիք։ Դատավորի գործն էլ է ինքը անում՝ իր ուզած ձևով։ Դրա վկայությունը Աջապահյանի դատավարությունն է, երբ դատավորի ձայնը դողում էր, բայց վճիռ կայացնում էր ոչ թե օրենքով, այլ ըստ Փաշինյանի քաղաքական կամքի։
Եվ ահա անցնենք բուն նյութին։ Երեկ տեղի ունեցած կազմակերպված սպանությունը ցույց տվեց իրավիճակի ամբողջ մերկությունը։ Քաղաքական շատ գործիչներ սկսեցին պահանջել ՆԳ նախարարի հրաժարականը կամ իրավական լուծումներ։ Սակայն սա ինքնախաբեություն է։ Փաշինյանը բացահայտ ասել է՝ կառավարությունը ինքն է։ Ինչո՞ւ պահանջել ենթականերից, եթե գլխավոր պատասխանատուն հենց ինքն է։ ՆԳ նախարարին թողնելով պատասխանատվության դաշտում՝ դուք խաղում եք Փաշինյանի երազանքի սցենարը․ նա ցանկացած պահի կարող է զոհաբերել որևէ ենթակայի և շարունակել իր չարաբաստիկ գործառույթը։
Նա նույնիսկ իր ցավակցական գրառման մեջ ուղղորդում էր իրավապահներին՝ հստակ ցույց տալով, թե ինչ ուղղությամբ պետք է տանեն գործը։ Սա էլ ավելի է վկայում, որ իրավապահները կատարողներ են, իսկ գլխավոր որոշողը և պատասխանատուն ինքն է։
Պետք է ընդգծել, որ սեպտեմբերյան մղձավանջը միակը չէ։ Վերջին ութ տարիներին Հայոց նորագույն պատմության ամենածանր փորձությունները հենց այս ամսին են տեղի ունեցել․ 44-օրյա պատերազմը, ողբերգական զարգացումները և մեր պետականության համար ճակատագրական իրադարձությունները գրեթե միշտ կատարվել են Անկախության տոնից մի քանի օր առաջ կամ հետո։ Սա արդեն օրինաչափություն է, ոչ թե պատահականություն։
Ուստի պետք է հստակ ասել․ պահանջ ներկայացրեք ոչ թե նախարարներին կամ ստորադասներին, այլ հենց Փաշինյանին։ Նա է պատասխանատուն, նա է թելադրողը։
Հակառակ դեպքում ամեն սեպտեմբեր մենք կունենանք նույն մղձավանջային զարգացումները՝ նոր զոհաբերված «պատասխանատուի» տեսքով, բայց անփոփոխ մնացող գլխավոր գործոնով՝ Փաշինյանի «Կառավարությունը ե՛ ս եմ» սկզբունքով։