ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան քննադատական գրառմանը՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության՝ պատերազմական իրավիճակում ոչ արդյունավետ եւ համագործակցային աշխատանքի վերաբերյալ, գործող իշխանությունը կամ ստույգ հասցեատերը՝ վերոնշյալ նախարարությունը, որեւէ կերպ չի արձագանքել։ Սա զարմանալի հապաղում է մի իշխանության կողմից, որը հատկապես հանրային գրառումների հանդեպ չափազանց զգայուն է եւ ուշադիր եւ որը հանրության աչքում իր կայացման խնդիրը հիմնականում լուծում է հենց նման հարթակներում։
ՄԻՊ Ա․ Թաթոյանը, որ լուրջ եւ պետական մտածելակերպ ունեցող հանրային գործչի համարում ունի, աներկմտորեն մեղադրում է վերոհիշյալ նախարարությանը՝ Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ սահմանադրական պարտականությունները, սեփական կարգավիճակի «լրջությունը» չգիտակցելու, ՄԻՊ աշխատակազմի հետ «լիարժեք համագործակցություն» չապահովելու համար։ «Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ղեկավար այն անձնակազմից եւ մյուս պատասխանատուներից, ովքեր այս օրերին անմիջականորեն ներգրավված են մարդկանց սոցիալական աջակցության ապահովման գործընթացին, պահանջում եմ գիտակցել սահմանադրական պարտականությունները Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ եւ սեփական կարգավիճակի լրջությունը, բացառել անպատասխանատու վերաբերմունքը եւ ապահովել լիարժեք համագործակցություն մեր աշխատակազմի հետ»: Խոստովանենք, որ մեղադրանքը բավականաչափ լուրջ է, նույնիսկ՝ իրավական հարթություն միտող։
Ա․ Թաթոյանի գրառմանը հետեւեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի ֆեյսբուքյան գրառումը՝ խիստ կարճառոտ, համարյա ծածկագրի սեղմության․ «Հիշեցում․ մենք #հաղթելուենք: Պատերազմն ավարտվելու է»: Այսքան բան։ Բայց եթե «բացենք» ծածկագիրը, տիկին նախարարը նախ սարսռազդու «խորագրով»՝ հիշեցում, հիշեցնում է, որ պատերազմ է, ասել է թե՝ ավելորդաբանությունների ժամանակը չէ, բացի այդ՝ նաեւ կարծես սպառնում է՝ «մենք հաղթելու ենք», ասել է թե՝ պատերազմը կավարտվի՝ «մենք» կխոսենք։
Այս արձագանքը, չգիտեմ ինչու, ինձ հիշեցնում է ՔՊ-ական տիկնանցից մեկ ուրիշի՝ մի պատգամավորի խոսքը, որը սպառնում էր լրագրողին, թե՝ պատերազմը կավարտվի, դեռ կխոսենք։
Բնականաբար, հնարավոր է, որ ճիշտ չեմ բացում նախարարի «ծածկագիրը»։ Բայց քանի որ ծանոթ եմ նրա պոետական համառոտաբան ոճին ու խորքին, համարյա բացառում եմ սխալվելուս հավանականությունը։ Ավելացնեմ միայն, որ տիկին նախարարը ճիշտ ձեւաչափ եւ լեքսիկոն չի ընտրել՝ պատասխանելով ՄԻՊ-ի մեղադրանքներին։ Մանավանդ որ վերջինս իր գրառման հետգրության մեջ ասում է․ «Նպատակահարմար չեմ համարում այս պահին անդրադառնալ ոլորտում առկա մեր արձանագրած խնդիրներին՝ հասկանալի պատճառներով: Ներկայում հերթական ուսումնասիրությունն է ամփոփվում եւ կուղարկվի իրավասու մարմիններին»:
Սպասենք իրադարձությունների զարգացմանը, մանավանդ որ պատերազմը, ինչպես վարչապետն է գլխագրել ֆեյսբուքյան իր էջում, «մի օր լուռ կավարտվի»։
Լուռ սպասենք։