Հունիսի 18-21-ը Սանկտ Պետերբուրգում կկայանա ամենամյա միջազգային տնտեսական 28-րդ համաժողովը։ Իր նշանակությամբ այս աննախադեպ ֆորումը համախմբում է աշխարհի առաջատար քաղաքական գործիչներին եւ գործարար համայնքի ներկայացուցիչներին՝ քննարկելու առանցքային խնդիրներ եւ գտնելու դրանց լուծումները։ Այս տարի եւս համաժողովին կմասնակցի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։
Քաղաքական գործիչ, քաղաքագետ Աղվան Պողոսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում շեշտում է՝ ամեն տարի Հայաստանը ֆորումին ունեցել է ակտիվ մասնակցություն՝ ՀՀ վարչապետի, նախագահի մակարդակով։ Մասնակցել են գործարարներ, քաղաքագետներ, տնտեսագետներ, փորձագիտական հանրությունը։ «Այս տարի մասնակցություն կունենան, թե ոչ՝ թերեւս պետք է պատասխանեն Հայաստանի Հանրապետության իշխանությունները։ Իմ ունեցած տեղեկատվությամբ՝ բիզնես հանրությունը հետաքրքրված է այս ֆորումով, եւ ունենալու են շատ մեծ մասնակցություն»,- ասաց նա։ Բայց հայտնի չէ` իշխանությունն ակտիվ աշխատանքներ տանո՞ւմ է կազմակերպչական խմբի հետ, պայմաններ ստեղծո՞ւմ է իր գործարարների համար, թե՞ ոչ, տեղյակ է միայն, որ մեծ թվով գործարարներ իրենց կապերի շնորհիվ են մասնակցելու այդ ֆորումին։
«Դաշնակցային հարաբերությունները կարգավորվում են պետական մակարդակով, սակայն արդեն 6-7 տարի է՝ այդ հարաբերությունները գտնվում են այնպիսի իրավիճակում, որ մարդիկ փորձում են իրենց կապերը եւ բիզնես դաշտը կարգավորել անձնական կապերի միջոցով»,- ասաց զրուցակիցս։
Ռուսական եւ արտասահմանյան խոշորագույն ընկերությունների ղեկավարները, պետական գերատեսչությունների, քաղաքական եւ գիտական հանրության ներկայացուցիչները հավաքվելու են՝ նոր գործարար կապեր հաստատելու եւ խոստումնալից նախագծեր քննարկելու նպատակով։ Անցած տարի այս ֆորումին ներկա է եղել 139 երկրից ավելի քան 21 հազար 800 մասնակից։ Ֆորումի շրջանակում ստորագրվել է ավելի քան 1073 համաձայնագիր՝ ընդհանուր 6 տրիլիոն 492 միլիարդ ռուբլու չափով։ Եթե հայկական բիզնեսը հնարավորություն ունենա մասնակցել այս ֆորումին, նոր պայմանագրեր կնքելու շանսերը կմեծանան։
«Ֆորումը մի միջավայր է, որտեղ հնարավոր է ձեռք բերել նոր գործընկերներ, նոր պայմանագրեր։ Հայաստանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ-ի հետ ամենամեծն է, իսկ ԵԱՏՄ-ի առանցքային երկիրը Ռուսաստանի Դաշնությունն է։ Եթե Հայաստանն ունենա ակտիվ մասնակցություն, այն դրական կլինի մեր տնտեսական ակտիվության վրա»,- ասաց Պողոսյանը։
Եթե 2023-ին Հայաստանը Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի պանելային քննարկմանը մասնակցում էր նախագահ Վահագն Խաչատուրյանի մակարդակով, ապա 2024-ին` հայ-ռուսական հարաբերություններով պայմանավորված, ներկայացուցչական նշաձողն իջեցրել են մինչեւ էկոնոմիկայի փոխնախարարի մակարդակի։
«Անցած տարի մասնակցել են էկոնոմիկայի փոխնախարարի մակարդակով։ Քանի որ դեռ կա հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն, ես չգիտեմ՝ այս տարի ինչ մակարդակով են մասնակցելու։ Վստահ չեմ, որ բարձր մակարդակով կմասնակցեն»,- նշեց մեր զրուցակիցը։
Հաշվի առնելով, որ տնտեսական ֆորումին մասնակցում է Ռուսաստանի Դաշնության նախագահը, ուստի Հայաստանը պետք է մասնակցի հենց վարչապետի մակարդակով՝ նկատում է քաղաքագետը։ «Վլադիմիր Պուտինը մասնակցելու է, ես կարծում եմ, որ սա շատ լավ հնարավորություն է՝ ՌԴ նախագահին հաճոյանալու, ուստի Նիկոլ Փաշինյանը թող սա հաշվի առնի եւ մասնակցի։ Արդեն Հայաստանը մտել է նախընտրական փուլ, սա շատ լավ հնարավորություն է, որ նա հանդիպի ՌԴ նախագահի հետ»,- նկատեց Պողոսյանը։
Նախորդ տարի Պուտինին հաճոյանալու պահը բաց չեն թողել Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարները, նրանք այս տարի եւս մասնակիցների առաջին շարքերում են։ Ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել նաեւ Վրաստանի իշխանությունները, արեւմտյան մի շարք երկրներ, Գերմանիան եւ այլն։ «Նիկոլ Փաշինյանի քայլերի մեջ տրամաբանություն փնտրելը մի քիչ դժվար է, քանի որ այս պահին նրանք զբաղված են «դոմփելու» քաղաքական օրակարգ ստեղծելով։ Ես չգիտեմ, թե նա ինչով է առաջնորդվում, որովհետեւ գնահատական տալ նրա քայլերին՝ անշնորհակալ գործ է։ Փաշինյանը հիմա մտածում է միայն իր աթոռը պահելու եւ առաջիկա ընտրություններին վերարտադրվելու մասին, դրանից Հայաստանը կշահի, թե ոչ, ես կարծում եմ՝ նրան դա չի հետաքրքրում»,- հավելեց Պողոսյանը։
«Հրապարակը» փորձեց պարզել, թե այս տարի Հայաստանն ինչ մակարդակով է մասնակցելու միջազգային ֆորումին։ Արտաքին գործերի նախարարությունից մեզ պատասխանեցին․ «Հունիսի 18-21-ը Սանկտ Պետերբուրգում կայանայիք միջազգային տնտեսական ֆորումին մասնակցելու հրավեր ստացվել է, եւ միջոցառմանը կմասնակցի ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը»: