«Հայաստանի ատոմակայանի վարչական տարածքի պահեստներից մեկից գողացված խողովակները հին, ապամոնտաժված խողովակներ են եղել, որոնք ուղղակի նյութական արժեք են ներկայացնում, սակայն արդեն չէին շահագործվում», «Հրապարակի» հետ զրույցում ասաց «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։
Հիշեցնենք՝ մարտի 10–ին տեղեկություն տարածվեց, որ Հայաստանի ատոմակայանի վարչական տարածքի պահեստներից գողացել են պղնձից, նիկելից և երկաթից պատրաստված խողովակներ եւ ատոմակայանին պատճառել խոշոր չափի նյութական վնաս։
Ատոմակայանի գլխավոր տնօրենին մի քանի հարց ուղեցինք․
- Պարոն Մարտիրոսյան, հաճա՞խ են լինում նման դեպքեր, որ ատոմակայանում գողություն լինի։
- Եթե հաճախ լիներ, հաճախ կգրվեր մամուլում։ Գողության սովորական փաստ է, ոչ մի առավել բան չկա։ Այն, ինչ գրվել է, որ երեք տեսակ մետաղներից խողովակներ են եղել, այնքան էլ այդպես չէ։ Ոչ թե երեք տեսակի մետաղ է եղել, այլ ուղղակի համաձուլվածք էր, որի մեջ որոշակի բաղադրություն կա եւ երկաթի, եւ նիկելի, եւ պղնձի։
-Այդ պահեստը, որտեղից գողացել են խողովակները, չի՞ հսկվել, ինչպես են նման գողություն արել, եթե այդտեղ հսկիչներ են եղել։
- Ամեն ինչ էլ հսկվել է, հսկողներն էլ կան։ Հիմա քննություն է ընթանում, կպարզվի և քննությամբ ամենը կներկայացվի։
- Վերջին մեկ տարում նման գողություններ էլի են եղե՞լ ատոմակայանից։ Ի վերջո, ռազմավարական նշանակության օբյեկտ է, և բոլորը անհանգստանում են։
-Կարելի է ասել, որ վերջին 4–5 տարում նման գողություններ չեն եղել։ Գույները մի քիչ խտացվել են, ապամոնտաժված խողովակներ էին։
ՀԳ Դեպքով զբաղվում է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունը, որտեղ նախաձեռնվել է վարույթ` «պետական ունեցվածքի գողություն» հոդվածի հատկանիշներով։