Հասարակություն

Համեստ հասարակություն

Համեստ հասարակություն

Ինչո՞ւ մեզանում սոցիալական բնույթի բունտեր չեն լինում: Չէ՞ որ Հայաստանը մեկ շնչին ընկնող եկամտի չափով ամենահետին տեղերում է գտնվում՝ համաշխարհային սանդղակներում, բայց գների առումով գերազանցում է ամենահարուստ եվրոպական երկրներին: Հայաստանում ապրելը թանկ է, բնակմակերեսի վաճառքի գները Փարիզի ու Բրյուսելի հետ են մրցում, իսկ մեր աշխատավարձերն ու թոշակները ցածր են, նպաստները` ծիծաղելի, եւ պետությունը սոցիալական աջակցության ծրագրեր չի իրականացնում: Անգամ Արցախից մազապուրծ եղած մարդկանց համար ոչինչ չարեցին` միայն մի մեռելածին ծրագիր երկնեցին, որից ոչ ոք չօգտվեց: Ուրեմն ինչո՞ւ մեր հասարակությունը փողոց դուրս չի գալիս բարձր գների, ցածր աշխատավարձերի, գազի ու հոսանքի, առողջապահական ծառայությունների ոչ մատչելիության համար:

Ինչո՞ւ չի պահանջում բարձրացնել նվազագույն աշխատավարձն ու թոշակը, ընդլայնել անապահով խավի շրջանակները` նրանց ապահովելով անվճար կրթության, առողջապահության, տրանսպորտի եւ այլ կենսապահովման միջոցներով: Իրականում, հայ մարդն աշխարհում ամենահարմար քաղաքացին է իշխանությունների համար:

Մեզանում մարդիկ իրենց պետությանն ուղղված պահանջների իմաստով շատ համեստ են ու չափավոր: Պետությունից նրանք, որպես կանոն, ակնկալիքներ գրեթե չունեն` ի տարբերություն զարգացած երկրների երես առած քաղաքացիների: Պատրաստ են անմռունչ աստղաբաշխական հարկեր ու տուրքեր վճարել, խելոք ենթարկվել ցանկացած անհեթեթ որոշման` միայն մի պահանջ ներկայացնելով իրենց վճարած հարկերից սնվող իշխանավորներին, որ պետությունն իրենց չխանգարի` չափից դուրս ծանր հարկեր չսահմանի, քաղաքացիական դիրքորոշում հայտնելու համար իրենց չհալածի, պետական մարմինների հետ շփումների ժամանակ չնվաստացնի: Թողնի՝ իրենց յուղի մեջ տապակվեն:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image