Քաղաքականություն

«Հրապարակ». Վարորդների գլխին` վերակացու, քաղաքացիների գլխին՝ պատուհաս

«Հրապարակ». Վարորդների գլխին` վերակացու, քաղաքացիների գլխին՝ պատուհաս

Հանրային տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը շարունակվում է` ուղեկցվելով խայտառակ միջադեպերով, քաղաքապետարանի տեսուչների եւ վարորդների մասնակցությամբ։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երեւանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները փետրվարի 1-ից հետո «գործուղվել» են ավտոբուսներ՝ քաղաքացիներին իբրեւ թե «հորդորելու», որ վճարեն տրանսպորտից օգտվելու համար։ Հորդորը, սակայն, հաճախ վերածվում է լեզվակռվի, իսկ որոշ դեպքերում՝ քաշքշուկի։ Վարորդներն ու տեսուչները վիրավորում են քաղաքացիներին, վարորդները հրաժարվում են վարել ավտոբուսը, քանի դեռ բոյկոտող քաղաքացին չի իջել։ Օրեր առաջ էլ ավտոբուսում միջադեպ էր տեղի ունեցել` վարորդը տարեց մարդուն դուրս էր հրավիրել, քանի որ վերջինս բոյկոտում էր եւ երթեւեկում առանց վճարելու։ Ավելի ուշ պարզվեց, որ տարեց մարդն ունի հաշմանդամության 2-րդ կարգ եւ իրավունք ունի անվճար երթեւեկելու։ Սակայն վարորդների այս տգեղ պահվածքին գումարվել է նաեւ քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների՝ տեսուչ կոչվածների ոչ պատշաճ մոտեցումը։ Համացանցում լայն տարածում գտավ մի նախկին ոստիկանի լուսանկար, որն այժմ աշխատում է քաղաքապետարանում եւ, որպես տեսուչ, հայտնվել էր ավտոբուսում։ Ցույց ցրող նախկին ոստիկանը որոշ ոստիկաններին բնորոշ գռեհկությամբ էր աչքի ընկել։ 

Հարց է ծագում` արդյո՞ք հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները կարող են որպես տեսուչ աշխատել եւ քաղաքացիների նկատմամբ ճնշումներ գործադրել` ստիպելով, որ նրանք երթեւեկեն թանկացված սակագնով։ 

Օրենքով որո՞նք են այս ծառայության վրա դրված պարտականությունները։ Մենք գտանք այդ ծառայության անձնագրի նկարագրությունը. Ծառայության աշխատակիցները ծառայողական պարտականությունները կատարելիս կարող են կրել համազգեստ, որն ունի տարբերանշաններ եւ խորհրդանշան, որոնց նկարագիրը, ինչպես նաեւ դրանք կրելու եւ հատկացնելու կարգը հաստատում է Երեւանի քաղաքապետը: Ծառայության աշխատակիցներին տրվում են Երեւանի քաղաքապետի կողմից հաստատված միասնական նմուշի վկայականներ: Իսկ ավտոբուսներում շրջող տեսուչները չեն կրում համապատասխան հանդերձանք եւ ստեղծում են տպավորություն, թե շարքային քաղաքացիներ են, որոնք կողմ են թանկացմանը, դեմ՝ բոյկոտին։ 

«Ծառայության նպատակը, խնդիրները եւ հիմնական գործառույթները» բաժնում կարդում ենք. «Ծառայության նպատակը հասարակական կարգի պահպանության բնագավառում. 1) համակեցության կանոնների պահպանման ապահովումն է, 2) Երեւան քաղաքի ավագանու կողմից հաստատված կանոնների պահանջների պահպանման ապահովումն է, 3) վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված դեպքերում զանցանքների բացահայտման, կանխարգելման, նվազեցման, արձանագրման եւ դրանց հետեւանքների վերացման ուղղությամբ համապատասխան միջոցառումների իրականացման ապահովումն է։ 8. Ծառայության գործառույթները եւ խնդիրները բխում են ՀՀ օրենսդրությամբ Երեւանի քաղաքապետին վերապահված լիազորություններից եւ կոչված են դրանց կենսագործմանը եւ իրականացմանը: 

Ծառայության գործառույթներն են. 1) քաղաքաշինության եւ կոմունալ տնտեսության, տրանսպորտի եւ ճանապարհաշինության, հողօգտագործման, առեւտրի եւ սպասարկման, կրթության, մշակույթի եւ երիտասարդության ոլորտներում՝ զանցանքների հայտնաբերման, կանխման, կասեցման, արձանագրման եւ դրանց հետեւանքների վերացմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը»։ Ծառայության մասին օրենքի ոչ մի կետում նշված չէ, որ հասարակական կարգի պահպանության աշխատակիցները կարող են նաեւ տեսուչի գործառույթ իրականացնել։ 
«Երեւան ավտոբուս» ՓԲԸ մամուլի խոսնակը «Հրապարակ»-ի հետ զրույցում շեշտում է՝ տեսուչները քաղաքացիներին հորդորում են վճարել։ Փաստացի այս մարդիկ ոչ թե հորդորում են, այլ ուղղակի վարորդների գլխին վերակացու են կարգվել, որ մթնոլորտ ստեղծեն, ծեծկռտուք հրահրեն։ 

Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ Երեւանի քաղաքապետարանից, սակայն հրաժարվեցին մեզ պարզաբանում տալ` ասելով, թե խոսնակ Հայկ Կոստանյանն արդեն ստատուս է գրել։ Իսկ  6 օր առաջ գրված ստատուսում խոսնակն ասում է, որ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ստուգայցեր է իրականացնում մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում. «Ստուգայցերն իրականացվում են «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 56-րդ եւ 80-րդ հոդվածների հիման վրա՝ ապահովելու Երեւանի ավագանու հաստատած կանոնների պահպանումը, ինչպես նաեւ քաղաքային բյուջե վճարվող պարտադիր այլ վճարների մուտքագրումը»,- գրել է Կոստանյանը։

Ինչպես տեսնում եք` սրանք բոլորովին էլ ստուգայցեր չեն, այս կեղծ տեսուչներն աչքի են ընկել փողոցային պահվածքով, եւ դա քաղաքապետարանը, փաստորեն, չտեսնելու է տալիս։ Սովորականի պես լուռ է նաեւ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image