Քաղաքականություն

ԱԺ նախագահը հորդորում է. «գնա` կպի գործերիդ»

ԱԺ նախագահը հորդորում է. «գնա` կպի գործերիդ»

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցի հետ կապված հանգուցալուծումը կարծես գտնվել է` այն կքննվի փակ լսումների ֆորմատով, ինչից հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը գոհ չէ եւ պնդում է, որ ժամկետների խախտում չկա` ԱԺ նախագահը պարտավոր է զեկույցը կանոնակարգ -օրենքի համաձայն մտցնել լիագումար նիստերի օրակարգ։

ԱԺ նախագահն էլ պնդում է, որ ստացել է ԱԺ իրավական վարչության եւ քարտուղարության եզրակացությունները, համաձայն որոնց խախտվել են ժամկետները։ Քննիչ հանձնաժողովը, ձեւավորվել է 2022 թ. փետրվարին։ «ԱԺ կանոնակարգ» օրենքը սահմանում է, որ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը 6 ամիս է, որը կարող է 2 անգամ, հանձնաժողովի առաջարկությամբ՝ ԱԺ որոշմամբ երկարաձգվել 6-ական ամսով, 2023-ի օգոստոսի 11-ին պետք է ավարտվեին աշխատանքները, եւ ներկայացվեր եզրափակիչ զեկույցը, բայց այն ներկայացվել է 2 տարի անց՝ այս սեպտեմբերին։

Ընդունենք, որ Ալեն Սիմոնյանի պնդումները ծանրակշիռ են եւ ինքը չի կարող ժամկետների խախտումներով զեկույցն օրակարգ բերել, այդ դեպքում հարց է ծագում՝ ինչու են` թքած ունենալով օրենքի վրա 2023 թ. նոյեմբերին երրորդ ժամկետ երկարացրել հանձնաժողովի գործունեության ժամկետը, որը օրենքով նախատեսված չէ։

Դեռ այն ժամանակ մենք հրապարակումներ ենք արել, «Հայաստան» խմբակցությունն էլ՝ Արծվիկ Մինասյանի նախաձեռնությամբ, հարց էր բարձրացրել քննիչ հանձնաժողովի լեգիտիմության վերաբերյալ` գրավոր դիմել էր ԱԺ նախագահին՝ ակնկալելով, որ նա կարձանագրի այս փաստը եւ կդադարեցնի ապօրինի գործող հանձնաժողովի լիազորությունները: 

Մինասյանը պնդում էր, որ 2023 թ. օգոստոսի 11-ից հետո ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովն այլեւս չպետք է գործի։ Սակայն մեզ ԱԺ նախագահի աշխատակազմից այդ դիմումի վերաբերյալ բառացի հետեւյալն էին փոխանցել․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022 և 2023 թվականների ամռանը պատգամավորները գտնվել են իրենց հասանելիք արձակուրդներում, և հանձնաժողովը փաստացի չի գործել իր ամբողջական կազմով, ուստի վերոնշյալ ժամանակահատվածների հաշվանցմամբ հանձնաժողովի լիազորությունները ավարտվելու են 2023 թ. դեկտեմբերին՝ ՀՀ ԱԺ համապատասխան նիստում՝ հանձնաժողովի զեկույցի քննարկումն ավարտելու պահին»։ 

Երեկ Ալեն Սիմոնյանին նախ հարցրեցինք՝ եթե գիտեր, որ ժամկետ է խախտվել, ինչո՞ւ նախապես չէին ասում, որ զեկույց չկազմեին, հսկայածավալ աշխատանք չտարվեր, ավելի քան 200 էջ է կազմում զեկույցը, Սիմոնյանն ասաց` ինչո՞ւ պետք է ինքն այդ հարցով զբաղվեր: Եթե այսօր առաջնորդվում է Կանոնակարգ օրենքով, որը երկու ժամկետ է թույալտրում երկարաձգել քննիչ հանձնաժողովի ժամկետը, ինչո՞ւ են երրորդ ժամկետ թույլ տվել, հիշեցրեցինք նաեւ Արծվիկ Մինասյանի դիմումի մասին, սակայն ԱԺ նախագահը ձեւացրեց, թե չի հիշում, ապա ձայնի ինտոնացիան բարձրացրեց՝ փորձելով հոգեբանական ճնշում գործադրել մեզ վրա, հետո էլ հորդորեց` «գնամ կպնեմ գործերիս»։ Իսկ մեր գործը հենց իրենց ապօրինություններն ու երկակի ստանդարտները բացահայտելն է:

Ակնհայտ է, որ զեկույցը` «համեստ» ֆորմատով, առանց աղմուկ -աղաղակի քննարկումից հանելը հրահանգվել է Փաշինյանի կաբինետից։

Ի վերջո, ինչպես էլ իշխանությունը սեփական պատկերացումներով զեկույց գրի, չի կարողանալու թաքցնել ավերիչ պատերազմում քաղաքական պատասխանատվության հանգամանքը, իսկ իրենք խաղաղության դարաշրջան են պրոպագանդում, լապշաներ են փորձում կախել ժողովրդի ականջներից եւ բոլորովին պատեհ պահ չէ` պատերազմին քննարկումներով վերադառնալու եւ մեր ժողովրդի կրած ցավերն ու կորուստները հիշեցնելու։


 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image