Պատկերացրեք՝ ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական որեւէ մանր պետության՝ մրցակից համակարգի օժանդակությամբ իշխանության եկած ղեկավարը քրեական գործ կարեր իր երկրի քաղաքացի ու, միաժամանակ, այդ դաշինքի ղեկավարի վրա: Իսկ հիմա պատկերացրեք, թե ինչ կաներ այդ երկրի հետ դաշինքի առանցքային պետությունը: Պատկերացրեք, որ եվրոպական այդ երկրում ծնված, մեծացած, սակայն ԱՄՆ քաղաքացի ու այնտեղ 15-20 մլրդ (ռուսական ու ամերիկյան միլիարդատերերի հարստության հարաբերակցությամբ պայմանավորված գումար է) դոլարի կարողություն կուտակած անձի նկատմամբ նույն այդ երկրի ղեկավարը քրեական գործ կարեր: Եվ նորից պատկերացրեք, թե ինչ կաներ այդ երկրի հետ ԱՄՆ-ն՝ հատկապես եթե գլուխը խառը լիներ մեկ այլ պետության հետ պատերազմով: Կարծում եմ, որ վերը նշված երկրի ղեկավարին ադեկվատություն վերադարձնելը մի քանի ժամվա հարց կլիներ: Իսկ Հայաստանին, ոմանց կարծիքով, «թշնամի» Ռուսաստանը, զարմանալիորեն, նման քայլի չի դիմում: Ինչեւէ:
Այնպիսի զգացողություն ունեմ, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը համառորեն գնում է դեպի կործանում: Եթե դա միայն իր անձնական խնդիրը լիներ, կասեի՝ բարի ճանապարհ: Բայց վախենամ, որ մեզ՝ բոլորիս, կտանի իր հետ՝ զուտ պաշտոնի բերումով: Կարծում եմ, որ վերջինիս կամակատար ՔՊ-ական շրջապատը դա չի ընկալում: Չի ընկալում, որ պետության ղեկավարի կործանումը շատ հաճախ կործանման է տարել նաեւ այդ պետությունը: Իսկ այն տարբերակը, երբ ղեկավարը բռնում է ինքնաոչնչացման ճանապարհը, իսկ երկիրը դրա արանքում մի կերպ պլստում է, շատ հազվադեպ է պատահում: Ու մենք, դժբախտաբար, չունենք հիմնավորում, թե ինչու այդ հազվադեպը պետք է տեղի ունենա հենց մեզ հետ: Հատկապես որ պատմությունը վկայում է հայոց պետականության կորստի մի քանի դրվագների մասին: Դա այն ժամանակ էր, երբ թագավորը նույնականացած էր թագավորության հետ: Դրա տիպիկ օրինակը միջնադարում Բագրատունիների թագավորության կործանումն էր: Եթե հակաճառեն, որ ժամանակները փոխվել են, որ մեր օրերում նման բան չի կարող պատահել, ապա մինչեւ Արցախի կորուստն ու հայաթափումը երբեք չէինք մտածի, թե նման բան է հնարավոր:
Այն, ինչ նախորդ օրը տեղի է ունեցել ռուսահայ գործարար եւ բարերար Սամվել Կարապետյանի հետ, հենց այդ երեւույթի հերթական վկայությունն է: Այն հանգամանքի վկայությունը, որ 21-րդ դարում ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձն ինքնանույնականացվել է Հայաստանի Հանրապետության հետ: Եթե այդպես չլիներ, ապա, նախ, առանց օրինական հիմքերի, օտար երկրի քաղաքացուն չէին ձերբակալի, իսկ հետո կայանավորեին: Եվ, երկրորդ, պաշտոնանկ չէին անի ԱԱԾ տնօրենին, որ այդ անօրեն հրահանգը կատարելն ուշացրել էր: Ու քանի որ նույնականացումն այնքան հզոր է, որ նույնիսկ զարմացել էր, թե ինչպես կարող էր ԱԱԾ տնօրենն իր հրամանը չկատարել: Իհարկե, չէր գիտակցել, որ ԱԱԾ տնօրենն իրավունք չունի առանց օրինական հիմքի մարդ ձերբակալել: Դա ոչ թե ժողովրդավարական պետության ընտրված ղեկավարի, այլ բացարձակ միապետի վարքագիծ է: Եվ հենց ինքնապետի ինքնաոչնչացման վարքագիծը հանգեցնելու է պետության կործանմանը:
Այլեւս գաղտնիք չէ, որ այդ վարքագիծը պայմանավորված է, որքան էլ դա անհավանական թվա, հենց վախով, ինչը, ի դեպ, վաղուց արդեն արձանագրվել է բազմաթիվ անձանց կողմից: Հենց միայն վախի դեպքում է հնարավոր, որ պետական հսկայական լիազորություններ ունեցող անձը կորցնի ինքնատիրապետումն ու իրականության զգացումը, դուրս գա բոլոր սահմաններից: Հիշենք խորհրդային պատմության՝ այդ առումով ամենացայտուն օրինակը. ազգությամբ հրեա բժիշկների վնասարարության վերաբերյալ պետության ղեկավար Իոսիֆ Ստալինի շիզոֆրենիկ կասկածները եւ նրանց ձերբակալելու հրահանգը, ինչն իր տրամաբանական ավարտին չհասցվեց զուտ բռնապետի մահվան շնորհիվ:
Ի դեպ, չեմ կարող չնկատել, որ այդ անձն ինչպես սկսեց իր գործունեությունը որպես վարչապետ, այնպես էլ ավարտում է: Իսկ սկսեց նա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական գործ կարելով: ՀԱՊԿ-ն, ինչ էլ ասվի, ընդամենը ռուսական պրոյեկտ է: Այս անգամ էլ փորձում է նույնն անել ռուսահպատակ հայ գործարարի եւ բարերարի նկատմամբ: Կարծում եմ, որ ի պաշտպանություն Եկեղեցու, իսկ այնուհետեւ Սամվել Կարապետյանի սկսված շարժումը հենց այն հնարավորությունն է, որ կարող է կյանքի կոչել իմպիչմենտի հարցը: Իսկ եթե խորհրդարանական ընդդիմությունը չկարողանա օգտագործել նաեւ այս հնարավորությունը, ապա պետք է գնա ինքնալուծարման: Որովհետեւ այն հայտարարում է, որ ցանկանում է երկիրն ազատել վարչապետի աթոռից կառչած անձից, սակայն չի ցանկանում Մարուքյանին տեսնել որպես վարչապետի թեկնածու, ինչը կարող էր հանգեցնել այդ խնդրի լուծմանը: Բայց, միաժամանակ, չի կարողանում նաեւ ինքը լուծել այդ հարցը՝ դրա փոխարեն գզվռտվելով ինքն իր մեջ: Նման դեպքում ավելի ճիշտ չէ՞ր լինի, եթե այդ ընդդիմությունը հայաստանյան հասարակությանն ազատեր հենց իրենից: