Քաղաքականություն

ՀԱՊԿ պատասխանը ցավոտ էր, բայց տրամաբանական 

ՀԱՊԿ պատասխանը ցավոտ էր, բայց տրամաբանական 

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հայտարարությունը, թե Հայաստանի հարավում իրավիճակի սրումը պայմանավորված է Ադրբեջանի հետ նոր սահմանների հաստատմամբ և «սահմանային միջադեպ է», ոչ թե  ագրեսիա, որի դեպքում կգործարկվեր ՀԱՊԿ ներուժը, պարզվում է, միանգամայն սպասելի էր հայ քաղաքագետների համար։

Արմեն Բադալյանն ասում է. «ՀԱՊԿ-ի պատասխանը սպասելի էր, որովհետև կա հարցի իրավական և կա քաղաքական կողմ։ Եթե իրենք նայում-տեսնում են, որ Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն անում ՀՀ տարածք մտած ադրբեջանական զորքերին դուրս հանելու համար, եթե իրենք տեսնում են, որ Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն անում մեր բանակում բարեփոխումներ իրականացնելու համար և երբ տեսնում են, որ ՀՀ իշխանությունները քաղաքական տեսակետից նաև ոչ մի բան չեն անում միզազգային մակարդակով, որպեսզի ՀՀ մտած ադրբեջանական զորքերին դուրս հանեն և Ադրբեջանին ագրեսոր ճանաչեն, այլ շատ հանգիստ առևտրի մեջ են մտնում Ադրբեջանի հետ և քարտեզներ փոխանակելով 15-ական գերի են վերցնում, բնականաբար, ՀԱՊԿ-ն պետք է պատասխաներ այնպես, ինչպես պատասխանել է։ Որ տեղի ունեցածը ոչ թե հայ-ադրբեջանական կոնֆլիկտ է, այլ ընդամենը սահմանային տհաճ միջադեպ, որը ագրեսիա չէ։ Եվ իրենք տեսան մեր քաղաքականությունը` գիտակցված, թե ոչ, միտումնավոր կամ ոչ, դա կարևոր չէ, կարևորն այն է, որ ՀԱՊԿ-ն տեսավ և հասկացավ»։

Արմեն Բադալյանն ամփոփում է՝ ՌԴ-ն անում է այնքանով, որքանով իր շահերից է բխում։ Այն է՝ Սյունիքում ռազմական բազա է բացում։ «Այո, Ռուսաստանը միգուցե, բայց ՀԱՊԿ-ն այլևս ոչինչ չի անելու Հայաստանի համար»,-ասաց քաղաքագետը։

Ստեփան Դանիելյանն ասում է. «Ես լինեի, նույնկերպ կպատասխանեի, շատ տրամաբանական պատասխան է։ Իրենք ասում են, քանի որ մեկը ասում է՝ վիճելի է, մյուսը՝ այլ բաներ, ասում են՝ սահմանները դեմարկացիա արեք, որ մենք էլ իմանանք, թե ուր գանք, և մեր պարտավորություններն ուժի մեջ մտնեն»։

Ստանիսլավ Զասի պատասխանի վերաբերյալ քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի պատասխանն էլ այսպիսին է. «Ինձ զարմացնում է ոչ այնքան ՀԱՊԿ-ի արձագանքը, այլ այն, որ ՀՀ-ում դեռ կան մարդիկ, որոնք ՀԱՊԿ-ից այլ պատասխան էին սպասում։ Ի սկզբանե ակնհայտ էր, որ ՀԱՊԿ-ի պատասխանն այդպիսին է լինելու և, վստահաբար՝ այդպիսին կլինի նաև ՀՀ սահմանների նկատմամբ այլ ագրեսիայի դեպքում։ Ինձ այստեղ մի հարց է հետաքրքրում՝ ՀՀ իշխանությունները պաշտոնապես հայտարարե՞լ են, որ դա ադրբեջանական կողմի ագրեսիան է Հայաստանի նկատմամբ, և եթե այո, Հայաստանի իշխանությունները ի՞նչ են արել այդ ագրեսիային դիմակայելու հարցում»։

Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը, ԱԳՆ այլևս նախկին խոսնակ Աննա Նաղդալյանը չպատասխանեցին մեր զանգերին։ Անհասանելի է նաև ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կազմը՝ Հովհաննես Իգիթյանը, Տաթեւիկ Հայրապետյանը, իսկ Շիրակ Թորոսյանը խնդրեց, որ 5 րոպեից զանգենք, ու այլևս չպատասխանեց։ Ահա այսպես, հարկատուների ու ընտրողների հաշվին աշխատավարձ ստացող պետական պաշտոնյաները արհամարհում են մամուլը։

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամ Արման Աբովյանն էլ ՀԱՊԿ քարտուղարի հայտարարության մասով ասաց․ «Այն կարծիքին եմ, որ պետք է դադարել մի ծայրահեղությունից մեկ այլ ծայրահեղության գիրկն ընկնել և խաղալ թուրքահաճո խաղեր։ Պետք չէ բոլորին մեղադրել ամեն ինչում։ Եթե դու չես ուզում քո հայրենիքը պաշտպանել, ինչու ես մտածում, որ ուրիշը պետք է դա անի, ու դու էլ մուննաթ գաս սրա-նրա վրա»։

Ցավոք, մեր հարցի պատասխանը չկարողացանք ստանալ նաև ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զեյնեթդինովից, որը մեր հարցին ի պատասխան ասաց. «Ես շատ ծանր ինքնազգացողություն ունեմ, ուստի որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image