Վաղը կտրվի Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկը: Թեկնածուներն այս անգամ որոշել են աչքի ընկնել օրիգինալությամբ: Օրինակ, Անդրանիկ Թևանյանը որոշել է ռոք երգել, Հայկ Մարությանն իր քաղաքական մոնո-ներկայացումը ցուցադրել և դրամահավաք կազմակերպել, Տիգրան Ավինյանը Գազելի ղեկին մեկ օր վարորդ աշխատեց, իսկ «Ապրելու երկիր» կուսակցությունն էլ որոշել է Արամ MP3-ի «Շատ ապրես, Երևան» երգը դարձնել ընտրությունների իր խորհրդանիշը: Համացանցում օգտատերերը տարատեսակ մեկնաբանություններ են անում, նշելով, որ երգչին Ռուբեն Վարդանյանի թիմն 9000 դոլար է վճարել: Նախընտրական երգեր պատվիրելու, տեսահոլովակներ նկարելու, սիմվոլներ ու նշանաբաններ ստեղծելու ավանդույթը նոր չէ` միշտ եւ բոլոր ժամանակներում է գործել, աշխարհի բոլոր երկրներում են դա անում: «Հրապարակը» մի քանի հարց ուղղեց երգիչ Արամ MP3-ին, ով կատարում է «Շատ ապրես, Երևան» երգը:
- Արամ, ինչպե՞ս ծագեց «Ապրելու երկիր» կուսակցության համար երգ գրելու գաղափարը:
- Երգը դուրս է եկել երկու ամիս առաջ, ընդհանրապես կապ չի ունեցել որևէ մեկի հետ, հետո մեզ ասացին` կարո՞ղ ենք այն օգտագործել, ես ասել եմ` խնդիր չկա, կարող եք օգտագործել: Խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, երաժշտության հեղինակը` Կարեն Սևակն է:
- Այսինքն` երգը գրվել է առանց քաղաքական նպատակների համար ծառայեցնելու մտադրության:
- Չէ, նման բան չի եղել: Երևանյան երգ է: Մենք մտածում էինք, որ պետք է երգել նաև Երևանի մասին: Ամառային սեզոն է, լիքը հյուրեր ունենք, արտերկրից լիքը հայեր են եկել ու այդպես մտածեցինք, որ քաղաքամայր Երևանի մասին ևս մեկ անգամ պետք է երգել:
- Իսկ Դուք անձամբ ի՞նչ քաղաքական հայացքներ ունեք: «Ապրելու երկիր» կուսակցությանը համակրո՞ւմ եք:
- Ես առհասարակ քաղաքական կողմնորոշում չունեմ: Ուղղակի խնդրել են, ես էլ թույլ եմ տվել:
- Ո՞վ է խնդրել:
- Ինձ զանգահարել են, ասել են, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը շատ հավանել է երգը, ցանկանում է այն օգտագործել լավ նպատակներով, իսկ եթե երգն օգտագործվում է լավ նպատակներով, ես դեմ չեմ: Ասել եմ` խնդրեմ, օգտագործեք:
- Մեկնաբանություններ եղան, որ երգը վաճառել եք կուսակցությանը 9000 դոլարով:
- Չկա նման բան, երգը տրամադրել եմ անվճար: