Քաղաքականություն

Հնարավոր չէ տնտեսական արտերիաները կապել որեւէ երկրի հետ եւ մնալ որպես առանձին սուբյեկտ

Հնարավոր չէ տնտեսական արտերիաները կապել որեւէ երկրի հետ եւ մնալ որպես առանձին սուբյեկտ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը նախօրեին հայտարարել էր, թե անհրաժեշտ է փուլային լուծում, եւ որ Ակնայի (Աղդամի) ճանապարհի գործարկումը կարող է հրատապ լուծում լինել ստեղծված իրավիճակում։ Թեեւ նա հավելել էր նաեւ, թե Եվրամիությունը կարծում է, որ Բերձորի (Լաչինի) միջանցքը պետք է ապաշրջափակվի, սակայն այս հայտարարությունը հայ հասարակությունը շատ վատ ընդունեց` համարելով, որ սա Եվրախորհրդի նախագահի հերթական հակահայկական հայտարարությունն է` ի շահ մեր հակառակորդների։

«Հրապարակի» հետ զրույցում քաղաքագետ Արա Պողոսյանն ասաց, որ նախորդ հանդիպման արդյունքներով Ադրբեջանը հայտարարել է, որ համաձայնություն է ձեռք բերվել՝ բացել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը, որից հետո ինքը կբացի նաեւ Բերձորի ճանապարհը։

««Ճանապարհ» բառը հատուկ եմ շեշտում, որովհետեւ իրենց խոսույթում «միջանցք» բառը կարծես թե արդեն դուրս է գալիս։ Հետագայում Շառլ Միշելն իր հայտարարությամբ արձանագրեց, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն` Ակնայի ճանապարհի հետ կապված։ Հիմա սա դարձել է Ադրբեջանի քաղաքականության կամ մարտավարական քայլերի հիմնական մասը։ Այսինքն՝ ամեն գնով, այդ թվում՝ նաեւ ռազմական սադրանքների գնով, հասնել Ակնայի ճանապարհի բացմանը։ Ճանապարհի նշանակությունն Ադրբեջանը հստակ է դրել եւ հստակ գիտի, թե այդ ճանապարհի բացումն իրենց ինչ է տալու, կամ դրանով ինչ գործընթաց են մեկնարկում։ Հաջիեւը հստակ ներկայացրեց, որ դա կլինի, այսպես կոչված, վերաինտեգրման վերջին քայլը եւ Բերձորի միջանցքի կարգավիճակի վերջնական ավարտը»,- ասաց Պողոսյանը։

Քաղաքագետի կարծիքով` դրանից հետո Բերձորի ճանապարհը կմնա որպես ընդամենը ճանապարհ, որտեղ կլինի հսկիչ-անցագրային կետ, եւ Հայաստանի ցանկացած բեռ, որ կմտնի, կենթարկվի մաքսային ձեւակերպումների։ Մաքսային ձեւակերպումներ իրականացնելու համար միջպետական պայմանագրեր եւ այլ հարցեր պետք է լուծվեն, եւ այս հարցերն արդեն բարձրաձայնվում են Ադրբեջանի կողմից։

Ստացվում է, որ Ակնայի ճանապարհի գործարկումով ավարտվելու է Բերձորի միջանցքի գործունեության ռեժիմը, ընդ որում՝ ե՛ւ քաղաքական, ե՛ւ հումանիտար առումներով։ «Շառլ Միշելի այս հայտարարությունը, ցավոք սրտի, ունի երկու ուղերձ, ուղերձներից մեկն այն է, որ այլեւս հնարավորություն չկա Ադրբեջանի վրա ազդելու` Լաչինի միջանցքն առանց նախապայմանների բացելու ուղղությամբ, եւ հաջորդը, որ Եվրոպական միությունը՝ Շառլ Միշելի գլխավորությամբ, ընդունում է Ադրբեջանի այս պահանջի լեգիտիմությունը։ Նախկինում եւ ընդհանրապես հայկական կողմի տեսակետն այն էր, որ նախ պետք է բացվի Բերձորի միջանցքը, որովհետեւ այն ունի իրավական հիմք՝ խոսքը նոյեմբերի 9-ի հայտարարության մասին է, եւ չի կարող լինել սակարկության առարկա։ Բայց այս հայտարարությամբ այն դառնում է սակարկության առարկա եւ վերածվում է նախապայմանների ընդունման կամ պարտադրման գործիքի»,- նկատեց քաղաքագետը։

Հարցին, թե արդյոք Շառլ Միշելի այս հայտարարությունը կարո՞ղ ենք ընկալել որպես Արցախի հայաթափման, վերջնական կործանման` հայկական Արցախի գոյության դադարեցման մասին հայտարարություն, ասաց, որ այս պահին դժվար է ասել, թե Եվրոպական միությունն ինչ հանձնառությունից եւ ինչ քաղաքական պատկերացումներից ելնելով է սա առաջարկում, բայց խորքում այն տանում է առաջին հերթին Բերձորի միջանցքի զրոյացմանը։ Իսկ Բերձորի միջանցքի զրոյացումն իր հետ բերելու է շղթայական ռեակցիայի՝ կա անվտանգային խնդիր Արցախի Հանրապետության քաղաքացիների մասով, օրինակ։ Չէ՞ որ բոլոր քայլերը եւ կատարված գործողությունները ցույց տվեցին, որ Արցախը գտնվում է Ադրբեջանի ահաբեկչական իշխանության հսկողության ներքո, եւ ցանկացած պահի, ցանկացած մեկի վրա կարող են հարուցել կեղծ, հնարովի քրեական գործեր ու պարզապես ձերբակալել։

«Ընդ որում՝ ձերբակալել հատկապես այն մարդկանց, ովքեր կառչած են իրենց հողին, ովքեր ունեն արմատական մոտեցումներ եւ ովքեր հավատարիմ են Արցախի Հանրապետությանը եւ Արցախի ինքնիշխանությանը։ Բացի անվտանգայինը, սա նոր հումանիտար աղետի սկիզբ է դառնալու` այն իմաստով, որ Հայաստանի Հանրապետությունից այլեւս շատ դժվարությամբ բեռներ կգնան: Կարճաժամկետ եւ միջնաժամկետ հատվածում կարելի է բացառել, որ բեռներ կգնան, իսկ երկարաժամկետ հատվածում բեռներ կգնան ճիշտ այնպես, ինչպես կգնան, օրինակ, Նախիջեւան կամ Ադրբեջանի ցանկացած այլ շրջան։ Այսինքն՝ սա իր հետ կբերի Արցախում ապրանքների թանկացման, որովհետեւ ցանկացած ապրանք մուտք գործելու համար պետք է անցնի ձեւակերպումներ, ձեւակերպումները ենթադրում են մաքսատուրքերի վճարում։ Մյուսը կմնա ադրբեջանական այլընտրանքը` ապրանքների ներկրման, իսկ ես չեմ պատկերացնում, թե ինչպես է հնարավոր այդ պարագայում տնտեսական արտերիաները կապել այդ երկրի հետ եւ մնալ որպես առանձին սուբյեկտ։ Ես դա լավ չեմ պատկերացնում, որովհետեւ դա ինքնին բերելու է նրան, որ Արցախը կգնա ինքնալուծարման, ու դա Ադրբեջանում հասկանում են, եւ սա է պատճառներից մեկը, որ իրենք ամեն կերպ ձգտում են այդ ճանապարհի բացմանը»,-եզրափակեց Արա Պողոսյանը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image