Այլ

17 տարի առաջ 17-ամյա թուրքը սպանեց Դինքին․ Թուրքիայում հիշում են, իսկ Հայաստանու՞մ

17 տարի առաջ 17-ամյա թուրքը սպանեց Դինքին․ Թուրքիայում հիշում են, իսկ Հայաստանու՞մ

Ուղիղ 17 տարի առաջ այս օրը՝ հունվարի 19-ին, Ստամբուլում իր խմբագրատան առջևի զինված հարձակման հետևանքով սպանվեց հայտնի մտավորական, լրագրող, Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը։

Սպանությունը կատարել էր թուրք ազգայնական Օգյուն Սամասթը, որն այդ ժամանակ 17 տարեկան էր։ Նրան մեղավոր ճանաչեցին ու դատապարտեցին 23 տարվա ազատազրկման։

Դինքը մշտապես ու բացահայտ խոսում էր 1915-ի հայոց ցեղասպանության մասին, պարբերաբար հանդես գալիս հայ և թուրք ժողովուրդների երկխոսության կոչերով՝ նշելով, որ դա կհանգեցնի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը:

Սպանությունից առաջ Հրանտ Դինքը դատապարտվել էր Թուրքիայի ՔՕ 301 հոդվածով, որը պատիժ է սահմանում «թուրք ազգին վիրավորելու համար»: Նրա սպանությունից հետո Թուրքիայի ողջ տարածքում տեղի են ունեցել բազմահազարանոց ցույցեր: Սպանությունը դատապարտել էին նաև օտարերկրյա պետությունների ղեկավարները և միջազգային հանրությունը։

Անցյալ տարվա նոյեմբերին հայտնի դարձավ, որ 16 տարի 10 ամիս անազատության մեջ գտնվող Սամասթն ազատվել է  «լավ վարքի» համար։ Newsinfrance.com-ի փոխանցմամբ, այդ որոշումը չեն ողջունել ո՛չ Թուրքիայի ընդդիմությունը, ո՛չ էլ մամուլի ազատության հարցերով զբաղվող կազմակերպությունները։ 

Ի դեպ, այսօր Հրանտ Դինքի հիշատակին նվիրված միջոցառում կանցկացվի Ստամբուլում։ Թուրքական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ միջոցառումը տեղի կունենա հունվարի 19-ին՝ Դինքի սպանության օրը, «Ակոսի» նախկին խմբագրության շենքի դիմաց։

Անկախ թուրք ազգայնականների, այդ թվում՝ Անկարայի ղեկավարության ծպտյալ հայատյացների դիրքորոշումից, փաստ է, որ այդ երկրում Դինքը շարունակում է ժողովրդականություն ու հարգանք վայելել։ Մինչդեռ խաղաղություն քարոզող Հայաստանի իշխանությունները, կարծես, անտեսել են մեծանուն մտավորականին, երբ թվում է Թուրքիայի հետ հաշտեցման օրակարգը պիտի միավորեր նրանց գաղափարական առումով։

Համազգային արժեքների հիմնարար կազմաքանդմանը լծված փաշինյանական ռեժիմն, ինչ խոսք․ շարունակում է պոպուլիստական վարքագիծը, առաջին հերթին՝ ներքին թշնամի փնտրելու մոլեռանդությամբ ու իրական թշնամուն հնազանդվելու և ենթարկվելու աղետալի քաղաքականությամբ, հընթացս ուրանալով ազգի մեծերին, նվիրյալներին ու այրելով ազգային արժեքներին կապող բոլոր կամուրջները։

Լույս ու խնկարկում հիշատակիդ, Հրանտ Դինք․ քո խաղաղության կոչն առավել ըմբռնելի էր, առավել մարդասիրական ու արժանապատիվ․ վկա՛ն՝ ապրածդ կյանքդ, որ սպանությունից 17 տարի անց անընդհատ է ու սթափեցնող․․․

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image