Ռուսաստանում շարունակվում են քննարկումները պրիգոժինյան մեկօրյա ապստամբության վերաբերյալ։ Շատ փորձագետներ հատկապես ուշադրություն են հրավիրում «ապստամբության» ընթացքում ռուսական էլիտաների կեցվածքի, մասնավորապես այն բանի վրա, որ նրանց օդանավերն արագությամբ եւ շատ ինտենսիվ թռիչքներ էին իրականացնում դեպի Դուբայ, Ստամբուլ, Աբու-Դաբի, Երեւան, Թբիլիսի։ Հասկանալի է՝ երկրից հանելով էլիտաների ներկայացուցիչներին։ Շատ վերլուծաբաններ սա համարում են յուրատեսակ «առնետավազք» եւ նկատում, որ էլիտաներն այլեւս իրենց ապահով չեն զգալու Ռուսաստանում՝ նույնիսկ այս խնդրի հանգուցալուծումից հետո։ Եվ դա չի խոսում այն մասին, որ պուտինյան վարչակարգը դեռ երկար է մնալու իշխանության ղեկին։ Գահը, այպես ասած, ճոճվել է արդեն։ Հնարավոր է, որ ինչ-որ լուծում գտնի Պուտինը եւ մթնոլորտը լիցքաթափելու համար իշխանության ողջ համակարգի «թարմացում» իրականացնի, հանուն այն բանի, որ հանկարծ ընդվզումը չկրկնվի, որովհետեւ առաջին նախադեպը, մեծ հաշվով, ի վնաս գործող վարչակարգի է աշխատում, որքան էլ որ պաշտոնական մեդիա-քարոզչական հարթակներն այլ բան շեփորահարեն։ Մյուս կարեւոր պահը, որը ներկայում քննարկվում է Ռուսաստանում, իրավապահների կեցվածքի հետ է կապված։
Կա տեղեկատվություն, որ իրավապահների մեծ մասը հրաժարվել է գնալ վագներականների դեմ։ Ժողովուրդն էլ հիմնականում կատարվողն ընկալել է՝ «դե, իրենց գործն է, մենք այս հարցերին չենք խառնվում»։
Մյուս արձանագրումը, որ կարելի է անել, կապված է թերեւս նրանց հետ, որոնց, ընդհանուր առմամբ, անվանում են «հանրային կարծիք ձեւավորողներ»։ Նրանցից շատերը, որ դեռ օրեր առաջ հպարտանում էին, որ Պրիգոժինն իրենց մտերիմն է, միանգամից շրջադարձ կատարեցին՝ ցույց տալով իրենց իրական էությունը։ Բացի այս, իրավիճակը ցույց տվեց, որ ուժային կառույցները գրեթե ամբողջությամբ չեն կարողանում ճիշտ աշխատել տեղեկատվության հետ կամ էլ ցանկություն չունեն դա անելու՝ համարելով իրենց առաքելությունից ցածր մի բան։ Սակայն կյանքը գոնե այս դրվագով լավ ապտակ հասցրեց ու ապացուցեց նրանց մոտեցման սխալականությունը։
Պակաս ապիկար չէին նաեւ «թիրախային» ռեգիոնների ղեկավարները։ Լիպեցկի մարզի նահանգապետը նախ կարգադրում է ոչնչացնել այն կամուրջները, որոնք ընկած են վագներականների ճանապարհին, միջպետական ճանապարհներին մեծ խրամատներ փորել, որ վագներականների տանկերը չկարողանան առաջ շարժվել, հետո էլ սուբսիդիա է խնդրում, երբ իրավիճակը հանգուցալուծվում է, որպեսզի դրանք վերականգնի։ Վորոնեժի նահանգապետին գտնել հնարավոր չէր, որ խոսեր, նիրվանայի մեջ էր՝ սպասողական վիճակում։ Միայն Ռոստովի մարզի նահանգապետն իրեն նորմալ պահեց՝ գոնե արտաքին հանդարտության վիճակ ապահովելով։ Հատուկ պետք է նշել Տուլայի նահանգապետ Դյումինին։ Առանց հիստերիաների, հանգիստ եւ առանց ամպագոռգոռ հայտարարությունների։ Մոսկվան էլ իրեն առանց խուճապի պահեց, ինչը Սոբյանինի շնորհքն էր նաեւ։ Հատկապես լավ էր մեկ օր հավելյալ հանգստյան օր հայտարարելու գաղափարը, որը չչեղարկվեց անգամ այն բանից հետո, երբ խռովությունը զսպեցին։