Հասարակություն

Հեռարձակվող ոլորտում էլ պետք է լինեն փոփոխություններ, ինչպես արդարադատության ոլորտում

Հեռարձակվող ոլորտում էլ պետք է լինեն փոփոխություններ, ինչպես արդարադատության ոլորտում

Բեմադրիչ Աշոտ Ադամյանը, անդրադառնալով վերջերս Հանրային հեռուստաընկերության շուրջ ծավալված բանավեճին, Hraparak.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այն այդ պայմաններով չի բավարարում իր պահանջներին։ 
«Հարկատուների հաշվին գոյատեւող Հանրային հեռուստաընկերությունը բոլորովին չի բավարարում իմ սպասելիքները։ Պետք է ամբողջությամբ փոխվի սկզբունքը, հայեցակարգը, բովանդակությունը»,- ասաց Աշոտ Ադամյանը։

Մեր հարցին, թե նա Հանրայինից ստանո՞ւմ է անաչառ լրատվություն, Աշոտ Ադամյանն ասաց՝ բնականաբար ոչ։ 

««Հայլուր» ընդհանրապես չեմ նայում, լրատվությանը ծանոթանում եմ ինտերնետից․ կան կայքեր, որոնք լկտիաբար ստում են, կան կայքեր, որոնք հարաբերական ճշմարտություն են մատուցում, կան կայքեր, որոնք անաչառ լրատվություն են մատուցում։ Ես վստահում եմ ճիշտ տեղեկատվություն մատուցող կայքերին, իսկ Հանրային հեռուստաընկերության լրատվականն ինձ բավարար տեղեկատվություն չի տալիս»,- նշեց մեր զրուցակիցը։
Աշոտ Ադամյանը նկատում է, որ ինքը մոտ 15 տարի է, ինչ չի նայում ոչ մի հեռուստաընկերություն։ 
«Ե՛վ լրատվական, ե՛ւ կրթական, եւ՛ ժամանցային ծրագրերից ես ոչինչ չեմ հասկանում, տեղյակ չեմ, չեմ էլ ուզում տեղյակ լինել»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է բանավեճին, ապա Աշոտ Ադամյանն այն համարում է օգտակար, ժամանակին սկսվել է երկխոսությունը, եւ այդ հարցը հրատապ լուծման կարիք ունի, ինչպես արդարադատությունը։
«Ես կարծում եմ, որ բոլոր համակարգային կառույցները նախորդ իշխանությունների օրոք դարձել են ոչ նպատակային եւ խառնիխուռն վիճակում են։ Դրանց թվում է նաեւ հեռարձակվող ոլորտը, մասնավորապես՝ Հանրային հեռուստաընկերությունը»,- ասաց նա։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image