Հոկտեմբերի 20-ին Գյումրիում տեղի ունեցած լարված իրադարձությունների ընթացքում իրավապահները բազմաթիվ քաղաքացիներ բերման ենթարկեցին։ Ըստ վերջին տվյալների՝ արդեն տասնյակ մարդիկ առնչվել են քննչական և օպերատիվ գործողությունների հետ։
Քիչ առաջ ձեռնաշղթաներով Գյումրիի Շիրակի մարզի քննչական բաժին բերեցին «Մեր ձևով շարժման» անդամ Ռուբեն Մխիթարյանին։ Քննչականի առջև հավաքված Գյումրու ավագանու անդամներն ու քաղաքացիները պահանջում են պարզաբանումներ իրավապահ մարմիններից։
Ռուբեն Մխիթարյանի փաստաբան Հայկ Հարությունյանը նշեց, որ այս պահին ձերբակալված 5 վստահորդ ունի, որոնցից երկուսին մեղադրանք է առաջադրվել ծանր հոդվածներով` զանգվածային անօրինական գործողություններ կատարելու համար։ Փաստաբանը հավելեց, որ ներկայացրել են տեսագրություններ, որտեղ երևում է, որ վստահորդները ոչ թե իրավախախտում են կատարում, այլ փորձում են կարգ պահպանել և ապահովել հանրային կարգի իրավունքը, բայց միևնույն է հաշվի առնող չկա։
Փաստաբանի խոսքերով՝ ձերբակալվածների թվում կա նաև անչափահաս, որի հանգամանքը ևս անտեսվում է։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ոստիկանները բիրտ ուժով բերման ենթարկեցին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Քաղաքացիները հավաքվել էին քաղաքապետարանի շենքի առջև և փորձում էին դիմադրել ուժայիններին։ Նշենք, որ բերման ենթարկվածների թվում են նաև քաղաքապետի եղբոր երկու որդիները, նրանցից մեկը` Գևորգ Ղուկասյանը, ավագանու անդամ է։