Մարտի 17-ին Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու օրդեր տվեց՝ բնակչության, այդ թվում՝ երեխաների անօրինական տեղահանման հետ կապված ռազմական հանցագործություններին մասնակցելու մեղադրանքով։ Դա նշանակում է, որ ցանկացած երկիր, որը վավերացրել է Հռոմի ստատուտը, իր երկրի տարածք այցելության դեպքում իրավունք ունի (ավելի ստույգ՝ պարտավոր է) ձերբակալել Պուտինին եւ ՌԴ երեխաների օմբուդսմենին։ Չնայած այդ վտանգին, Ռուսաստանի նախագահը ՄՔԴ որոշումից հետո կատարել է մի քանի արտերկրյա ուղեւորություն։
Այսպես, հոկտեմբերի 12-13-ը նա պաշտոնական այցով ժամանել է Բիշքեկ (Ղրղզստան) եւ մասնակցել ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։ Այցի շրջանակում Պուտինը եղել է «Աթա-Բեյթ» հանրապետական հուշահամալիրում եւ ծաղկեպսակ դրել 1916 թ. ողբերգական իրադարձությունների ժամանակ զոհվածների հուշարձանին։ Նա Պատվո շքանշան է հանձնել Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովին, մասնակցել Ղրղզստանում ռուսական ավիաբազայի 20-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը, հանդիպումներ ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։
Հոկտեմբերի 17-18-ը Կրեմլի ղեկավարն աշխատանքային այց է կատարել Պեկին, մասնակցել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» III միջազգային ֆորումին: Բանակցություններ է վարել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի հետ, հանդիպումներ ունեցել Վիետնամի նախագահ Վո Վան Թյոնգի, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի, Թաիլանդի վարչապետ Սեթայ Տավիսինի, Մոնղոլիայի նախագահ Ուխնագիին Խուրելսուխի, Լաոսի նախագահ Թոնգլուն Սիսուլիտի, Պակիստանի վարչապետի պաշտոնակատար Անվար Կաքարի, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի եւ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւի հետ։
Նոյեմբերի 9-10-ը Պուտինը պաշտոնական այցով եղել է Աստանայում, մասնակցել է Ղազախստանի եւ ՌԴ միջեւ միջտարածաշրջանային համագործակցության XIX ֆորումին։ Նոյեմբերի 23-ին մեկնել է Բելառուս, մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։ Դեկտեմբերի 6-ին նա աշխատանքային այցով ժամանել է Աբու Դաբի (ԱՄԷ), որտեղ բանակցություններ է վարել թագաժառանգ Մուհամեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Նույն օրը մեկնել է Սաուդյան Արաբիա։ Նկատենք, որ վերոնշյալ երկրներից եւ ոչ մեկը չի վավերացրել Հռոմի ստատուտը, հետեւապես ՄՔԴ մասնակից պետություն չէ։