Եվ հիմա մենք պետք է յուրաքանչյուրին բացատրենք ահա թե ինչ․
խոսել ժողովրդի անունից՝ նույնն է, ինչ խոսել Աստծո անունից։ Երկուսն էլ հարմար են այն իմաստով, որ անապացուցելի են։ Եվ ինչքա՛ն հեշտ է թվում մեր օրերում ասել, օրինակ․ «եկել եմ պատարագի Աստծո կանչով» կամ «ժողովուրդը կողմ է եկեղեցու բարենորոգմանը» և նման բաներ։
Այսպես խոսելը դժվար չէ․ դրա համար բավական է ամոթի իսպառ բացակայությունը։ Որևէ մեկը չի կարող իրեն վերապահել ամբողջ ժողովրդի անունից խոսելը։ Անգամ ընտրություններում 50% + 1 ձայն հավաքած մեկը չի կարող խոսել ամբողջ ժողովրդի անունից, քանի որ կա և գոյություն ունի 50% – 1 ժողովուրդը, որը փաստորեն չի լիազորել իր անունից խոսել։
Այնպես որ, ամբողջ ժողովրդի անունից խոսողներն անամոթ են առնվազն 50% – 1 չափով։
Իսկ Աստծո կոչով որևէ գործողություն կատարողները անամոթ են ամբողջ 100 տոկոսով, քանի որ վստահաբար Աստված նրանց ոչնչի չի «կոչել», առավել ևս՝ հաստատ չի կոչել իր անունից ասպատակել իր տունը և «բանադրել» իր զավակներին։
Այսպիսի մտքեր արտահայտելու համար անհրաժեշտ է որևէ հավատքի կամ ամոթի 100 տոկոսանոց բացակայություն։ Իսկ ինչպե՞ս ի հայտ եկան այդ մարդիկ, որոնք կարող են կանգնել եկեղեցու պատի տակ, ընդունել հնարավոր ամենաանմեղ դեմքի արտահայտությունն ու ասել․ «եկել եմ Աստծո կանչով»։ Հետո նրանք գնում են տուն, նայում իրենց հարազատների ու երեխաների աչքերին, աշխատավայրում՝ գործընկերների ու հարևանների դեմքին, և երևի բոլորը հիշում ու տարակուսում են․ ինչպե՞ս է այս մարդը լսել Աստծո կանչը և գնացել կիրակնօրյա Սուրբ և Անմահ պատարագի։ Արդյոք մենք սովորական մահկանացուներս, որ չենք լսում աստծո կանչը, այլ առաջնորդվում ենք մեր խղճով, մեր գիտելիքով ու դաստիարակությամբ միայն, չպիտի երկրպագենք հենց նրան, համբուրենք աջը, երդվենք իր անունով, նրա, որ լսում է Աստծո ձայնը՝ բառի ամենաբուն և ուղիղ իմաստով։
Կարելի՞ է նրան լուրջ ընդունել, հավատալ, վստահել։ Արդյո՞ք նրանից հնարավոր չէ սպասել ամենազազրելի արարքն անգամ։ Արդյո՞ք այդպիսի բան ասող մարդն արդեն վտանգավոր չէ իր շրջապատի համար։
Մենք այնքան ենք վարժվել անհեթեթ հայտարարությունների, ստերի ու անամոթությունների, որ լսում ենք նման բան ու շարունակում մեր կյանքը՝ աչք անգամ չթարթելով։ Մենք ապրում ենք հանրային բաց գժանոցում, որտեղ Աստծո կանչը լսած մարդը որևէ կերպ առանձնացված չէ, իրեն Նապոլեոն կամ Հիսուս համարող մարդկանցից, ազատ շրջում են ամեն կիրակի տարբեր տեղեր՝ կանչվելով պատարագի։ Իսկ նրանք, ովքեր չեն կորցրել բանականությունը, փորձում են հասկանալ, թե որքան հեռու կգնան այս անհավատ ու անամոթ մարդիկ՝ իրենց հալյուցինացված Աստծո կանչով։
Շաքե Ավոյան