Հասարակություն

Ռադիոյի տնօրենի մրցույթի փաստաթղթեր

Ռադիոյի տնօրենի մրցույթի փաստաթղթեր

Ինչպես հայտնի է, «Հանրային ռադիոընկերության» գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար 28.06.2024թ-ին հայտարարված մրցույթին դիմել էր ութ թեկնածու։ Արդյունքները ամփոփվեցին 29.07.2024թ-ին եւ հաղթող ճանաչվեց «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արմեն Քոլոյանը։ Բազմաթիվ խոսակցություններ կան այն մասին, որ Քոլոյանի ընտրությունը թելադրված է եղել Կառավարության շենքից, նույնքան հնարավոր է ՀՀԽ (Հանրային հեռարձակողի խորհրդի) անդամները ներքին գրաքննությամբ ու մղումով են այդ ընտրությանը հանգել։ Ամեն պարագայում խիստ փոքր է հավանականությունը, որ Արմեն Քոլոյանը, ինչպես օրինականությունն է պահանջում, ընտրված լինի իր ներկայացրած փաստաթղթային փաթեթի հիման վրա։ 

Փաստաթղթերի ցանկում որ պահանջվում էր ներկայացնել մրցույթին, կային երեքը որ բովանդակային նշանակություն ունեին՝ մոտիվացիոն նամակ, ինքնակենսագրություն եւ Հանրային ռադիոընկերության զարգացման հայեցակարգ։ Ինչու է անձը ցանկանում ղեկավարել Հանրային ռադիոն, ով է այդ անձը եւ ինչպես է պատկերացնում իր ղեկավարումը, այս հարցերին էին պատասխանում այդ երեք որոշիչ փաստաթղթերը։ 

Ստորեւ տպագրում ենք իմ ինքնակենսագրությունը եւ մոտիվացիոն նամակը, որ եղել են մրցութային դիմումի փաթեթում եւ կոչ ենք անում, որպեսզի հրապարակվեն նույն փաստաթղթերը պրն. Քոլոյանի դիմումային փաթեթից՝ իր կողմից կամ ՀՀԽ-ի։ Հաջորդիվ կարող են հրապարակվել նաեւ Հանրային ռադիոընկերության զարգացման հայեցակարգերը։ 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

2016-ի աշնանը ԱՄՆ Պետքարտուղարության Արտասահմանյան մամուլի կենտրոնների (Foreign Press Centers) հրավերով ես մեկնել էի Միացյալ Նահանգներ։ Ծրագրի համար, որով ինձ հրավիրել էին, շուրջ 25 լրագրող էր ընտրվել ողջ աշխարհից եւ ծանոթությունները դյուրացնելու համար FPC-ն յուրաքանչյուրի մասին համառոտ տեղեկանք էր կազմել։ Իմ մասին, ի թիվս այլնի, գրել էին․ «Լուսինե Պետրոսյանը «Հրապարակ» օրաթերթի գլխավոր քաղաքական և դիվանագիտական լրագրողն է։ «Հրապարակը» առաջատար ընդդիմադիր օրաթերթ է և Հայաստանի հինգ հիմնական տպագիր թերթերից մեկը»։
Հայաստանյան լրատվադաշտում իմ դերի մասին Պետդեպի դիտարկումը կարծում եմ ճիշտ էր այն ժամանակ, ճիշտ է նաեւ այսօր։ Ես «Հրապարակ» օրաթերթին սկսել եմ աշխատակցել հիմնադրման տարեթվից՝ 2008թ-ից։ Գրում եմ միջազգային հարաբերությունների թեմաներով, նաեւ՝ ներքաղաքական իրադարձությունների։ Իմ հոդվածները հասանելի են https://hraparak.am/profile/Lusine-Petrosyan հղումով։

Մինչեւ 2008-ին ակտիվ լրագրության վերադառնալը եւ «Հրապարակին» աշխատակցելը զբաղվել եմ վավերագրական կինեմատոգրաֆով։ Երկու հեղինակային ֆիլմ եմ նկարել, որոնցից առաջինի համար՝ «Հենրիկ Մալյան․ չնկարված ֆիլմեր» 2004-ին կինոփառատոնի եմ հրավիրվել Իրան, երկրորդ ֆիլմի համար 2007-ին հրավիրվել եմ Կաննի կինոփառատոն։ Իմ «Մի երկնչեք» ֆիլմը, որ քրիստոնեության եւ Հովհաննես Պողոս II պապի մասին էր, ընտրվել էր փառատոնի Short Film Corner (Կարճամետրաժ ֆիլմերի անկյուն) ծրագրի համար։ 

2002-ից մինչեւ 2006թ․ ես պայմանագրային համագործակցություններ եմ ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ, եւ ընդհանուր թվով հինգ տեղեկատվական ֆիլմ եմ նկարել ԵՄ-ի, Հայաստանում ԵՄ ծրագրերի մասին։ Ֆիլմերից մեկը 2006-ին նկարահանել եմ Սլովակիայում եւ  ֆիլմի համար ի թիվս այլոց հարցազրույց եմ վերցրել Սլովակիայի նախագահից։ 

1999-2003թթ․ աշխատակցել եմ «Առավոտ» օրաթերթին․ ստորեւ այդ շրջանից երկու հրապարակման մասին խոսք կլինի։ Իսկ լրագրության աշխարհ ես մուտք եմ գործել 1990-ականներին՝ դեռ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում ուսանելիս՝ տպագրվելով «Հայաստանի Հանրապետություն» եւ «Ազգ» օրաթերթերում։ Հատկապես «Ազգի» շրջանից հրապարակումներ կան, որ հիշում եմ այսօր էլ․ 
օրինակ, իմ հարցազրույցը Հայաստանում Եգիպտոսի առաջին դեսպանի հետ 1993-ին, որ նաեւ դեսպանի առաջին հարցազրույցն է հայաստանյան մամուլին, Չինաստանի առաջին դեսպանի առաջին հարցազրույցը 1994-ին, Առաջին տիկին Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի՝ սահմանամերձ այցերի մասին հոդվածը, որ գրեցի տիկին Լյուսյայի հետ 1993-ին Ճամբարակ մեկնելուց հետո, Վազգեն Սարգսյանից 1996-ի հոկտեմբերին, թե նոյեմբերին վերցրած իմ հարցազրույցը, որ 96-ի նախագահական ընտրություններից հետո առաջինն էր։ Սարգսյանին տված իմ հարցերից մեկը հիշում եմ մինչեւ այսօր․ «Նիցշեն ասում է ապրելու արժանի չեն ժողովուրդները, որոնց մեկ մարդ է փրկելու․ հիմա Դուք չե՞ք տեսնում մեկին, ով կարող էր Ձեզ փոխարինել ՊՆ նախարարի պաշտոնում»... 1997-ին Հենրիկ Խաչատրյանին ՀՀ Գլխավոր դատախազ նշանակելու օրը ինչ-որ համընկնումով ես ՍԴ-ում էի, իրենից հարցազրույց խնդրեցի, եւ դա «Ազգում» տպվեց ավելի վաղ, քան «Արմենպրեսը» լուրը տարածեց...

Իմ լրագրողական կարիերայում մի պրոֆիլի դրվագներ կան, որոնց մասին չեմ կարող չնշել՝ ՀՀ նախկին նախագահներին առնչված միջադեպերը։ 

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի պարագայում՝ 1999-ին «Առավոտում» իմ հերթական հոդվածն էր տպագրվել «Ներիշխանական վերադասավորումներ» վերնագրով (30․07.1999թ․)։ Մի քանի օր անց «Голос Армении»-ն, որ 1998-ի իշխանափոխությունից հետո կիսապաշտոնական օֆիցիոզ էր դարձել, ընդարձակ առաջնորդող է զետեղում առաջին էջում՝ պնդելով, թե իմ հոդվածը գրվել է նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից, «Լուսինե Պետրոսյան» ստորագրությունը այդտեղ կեղծանուն է։  «Առավոտը» «Голос Армении»-ի թեզը իհարկե հերքեց, ես իրենց խմբագրությունում եղա... բայց անհիմն խոսակցությունները, թե իմ հոդվածները գրում կամ նայում է նախագահ Տեր-Պետրոսյանը, մի որոշ շրջան շարունակվեցին մինչեւ ի վերջո համոզվեցին, որ գրում եմ ես։ Իմ ինքնասիրությունը, իհարկե, շոյվել էր, որ իմ հոդվածները լրջորեն շփոթվում էին նախագահի գրավոր խոսքի հետ, այն էլ մի նախագահի, որ պատմագիտության ու բանասիրության դոկտոր էր։ 

Երկրորդ նախագահի պարագայում ես 2011-ին «Հրապարակում» հոդված էի գրել «Քոչարյանին ոչնչացնում են, Ծառուկյանին բացատրում» վերնագրով (15․02.2011թ.), որի դեմ նախագահ Ռ․ Քոչարյանը դիմեց դատարան՝ վիրավորանքի եւ զրպարտության համար պահանջելով  6 միլիոն դրամ։ Մինչ ընթանում էր դատավարությունը, ես դիմեցի ԵԱՀԿ Մամուլի ազատության ներկայացուցչին, ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին եւ փաստարկեցի, որ ՀՀ օրենսդրությունը հակասում է ՄԱԿ, ԵԽ կոնվենցիաների «կարծիքի ազատության» հոդվածներին։ Նշյալ ատյանների՝ ինձ սատարող դիրքորոշումը վճռորոշ եղավ, որ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Քաղ․ օր․ 1087.1 հոդվածի սահմանադրականութ- յան հարցով դիմի ՍԴ (երբ ինքը հոդվածի հեղինակներից էր)։ ՍԴ-ի կողմից հոդվածին տրված իմպերատիվ մեկնաբանություններն այնպիսին էին, որ Ռ․ Քոչարյանը գերադասեց հրաժարվել դրամական պահանջներից եւ առաջարկել հաշտություն։ Իմ մեկամյա իրավական-լրագրողական պայքարի եւ ՍԴ-ում նվաճված արդյունքի համար ՄԹ Thomson Foundation-ը ինձ առաջադրեց UNESCO-ի Guillermo Cano մրցանակի։ 

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը 2010-ի մարտին պաշտոնանկ արվեց նրանից հետո, երբ ես երկու նյութ տպագրեցի Նախագահի` Միացյալ Թագավորություն կատարած այցի մասին։ 2010-ի փետրվարին տեղի ունեցած այդ այցը, Էլիզաբեթ II թագուհու հետ հանդիպումը, Վինձորի ամրոցում ընդունելությունը Նախագահականից ներկայացվում էր որպես պաշտոնական կամ աշխատանքային այց։ Այնինչ, ՄԹ դեսպանի հետ իմ հարցազրույցից պարզվեց, որ այցը պաշտոնական կամ աշխատանաքային չէր, այլ մասնավոր։ Դրանից հետո ես մեկ այլ հոդված հրապարակեցի՝ «Արմեն Սարգսյանի Yerevan-My Love ֆարսը» (4.03.2010թ․ «Հրապարակ»), որտեղ ՄԹ դեսպանատան միջոցով Բուքինգեմյան պալատից ստացված պատասխաններ կային: Պատասխանները չէին հաստատում այցի կազմակերպիչ Արմեն Սարգսյանի հայտարարությունները արքայական ընտանիքի հետ մտերմության, արքայազն Չարլզի հետ իր համատեղ ծրագրերի ու այլնի մասին։ Լրատվական ձեռնածության բացահայտումից օրեր անց Ս․ Ֆարմանյանը պաշտոնից ազատվեց։ 
Չորրորդ նախագահի պարագայում ես եմ լրագրողական հետաքննությամբ բացահայտել ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի՝ ՄԹ քաղաքացիություն ունենալու, ՀՀ սահմանադրությամբ արգելված երկքաղաքացի լինելու հանգամանքը։ 2018-ի փետրվար-մարտին «Հրապարակում» տպագրվեց իմ հոդվածների շարքը (ընդհանուր թվով 7), որոնց վերնագրերն արդեն խոսուն էին․ 2․«ՀՀԿ-ում ավելի լա՞վ գիտեն, թե Արմեն Սարգսյանն ու իր կինը որտեղ են ապրում» (13.02.2018թ․), 3․«Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության ոդիսականը» (16.02.2018թ․), 5․«ՄԹ դեսպանատունն ըստ էության հաստատեց Արմեն Սարգսյանի 2012-14թթ․ բրիտանական քաղաքացիությունը» (27.02.2018թ․), 7․«Արմեն Սարգսյանի քաղաքացիության խնդրով մեր հետաքննությունը շարունակվում է» (17.02.2018թ․)։ Դրանցում վկայաբերված փաստերը, հրապարակված փաստաթղթերը, ՄԹ դեսպանատնից, UK Home Office-ից ստացված պատասխանները կասկածից վեր ապացուցում էին, որ պրն․ Արմեն Սարգսյանին 2000-ականների կեսերին շնորհված ՄԹ քաղաքացիությունը երբեւէ չի դադարել։ 

Եւ Կարեն Դեմիրճյանի հետ իմ հարցազրույցները պետք է նշեմ, որոնք տպագրվել են հետմահու, 17.04.2000-ին «Հետահայաց հարցազրույցներ» վերնագրով «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, իսկ մի հատված՝ հաջորդ տարի, 17.04.2001-ին՝ «Առավոտում»։ 2011-ին ամբողջությամբ վերահրատարակվել են «Հրապարակում»։ Հարցազրույցների ընդհանուր ծավալը 47 000 նիշ է, եւ այդ ամբողջը ես գրել եմ հիշողությամբ՝ առանց ձայնագրության, առանց նշումների։ Իսկ հետմահու, լոկ հիշողությամբ այդ հարցազրույցները գրելու ինքնավստահություն ունեի, որովհետեւ այնքան էի զրուցել Կարեն Սերոբիչի հետ, որ մի օր ծիծաղելով ասաց․ «Վերջը դառնալու ես экспертом по Демирчяну...», նաեւ տպագրմանը Դեմիրճյանների ընտանիքի հավանությունն էր եղել։ 

Վերջապես, իմ մասնագիտական ինքնակենսագրությունը չի կարող ավարտվել առանց արտասահմանյան ուղեւորությունների մասին նշելու, որոնց հրավիրվել եմ լրագրողի կամ ռեժիսորի հանգամանքով։ Հրավիրվել եմ Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Սլովակիա, Բելգիա, ԱՄՆ, Լատվիա, Իրան, Իսրայել, Թուրքիա, Եգիպտոս եւ այլն։ Հաճախ ուղեւորությունների, մարդկանց, երկրների մասին նաեւ գրել եմ, ինչպես անցյալ շաբաթ՝ Չինաստանի։ Այդ հոդվածաշարերից բացառիկ էր, գրեթե պատմության վավերագրում էր 2015-ի ապրիլին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Հրանտ Դինք հիմնադրամի հրավերով Թուրքիա կատարած իմ ուղեւորության մասին շարքը (7-8 հոդված)։ Առանձնակի արժեքավոր էր Իսրայելի ԱԳՆ-ի հրավերով 2011-ին Իսրայել-Պաղեստին կատարած ճանապարհորդության մասին հոդվածաշարը, որի չորս հոդված Իսրայելի մասին էր, երեքը՝ Երուսաղեմի Հայկական թաղամասի, եւ ենթավերնագրերից մեկն էր «Ես Արաֆաթ չեմ, այլ Արաֆաթյան»։ Բացառիկ էր նաեւ 2010-ի Thomson Foundation-ի «Ապագա մեդիա առաջնորդներ» ծրագրի հոդվածաշարը, որտեղ Բուքինգեմյան պալատի մասին էր պատմվում, Լորդերի պալատի, Շեքսպիրյան արքայական թատերախմբի, Կեսարի ժամանակներում հիմնադրված Կարդիֆի ամրոցի... ողջ աշխարհից հավաքված 10 լրագրողների մեր խմբի, մեզ այցելած հյուրերի՝ BBC-ի գլխավոր տնօրեն Գրեգ Դայքից մինչեւ Big Brother հեռուստաֆորմատի ստեղծող Փիթեր Բազելջեթ... եւ իհարկե համաշխարհային ճանաչում ունեցող Thomson Foundation-ի։

Գալով 2024 թվական, 2024-ի ապրիլի 5-ին ՀՀ-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հանդիպման օրը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենի հետ իմ հեռակա հարցուպատասխանը Brussels Media Hub-ում, որ հրապարակվեց «ՀՀ-Թուրքիա սահմանի բացումը եւ Կիլիկիայից Հայաստան տրանսպորտային միջանցքի հաստատումը ԱՄՆ օրակարգում է» վերնագրով (6.04.2024, hraparak.am) այնպիսի բեկում էր մոտեցման, հարցադրման, կարծրատիպեր կոտրելու առումով, որ երկար կհիշվի։ Բացառիկ էր նաեւ «Ի՞նչ է նշանակում Իսրայելի նախագահի լռությունը Հայկական պարտեզի հարցով» հոդվածը՝ Իսրայելի նախագահական պալատ ուղարկված հարցերով, ԱՄՆ Պետդեպից ստացված պատասխանով եւ այլն (3.05.2024, 7.05.2024, «Հրապարակ»)։ «Չինաստան․ «Անդրերկնային» եւ գերժամանակակից» հոդվածաշարն էլ, թերեւս, հետաքրքիր էր (6.07.2024, 10.07.2024, «Հրապարակ»):

Այսքանը իմ մասնագիտական կենսագրության մասին՝ 2024թ-ի հուլիսի 15-ի դրությամբ։ 


ՄՈՏԻՎԱՑԻՈՆ ՆԱՄԱԿ

Հայաստանի Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի պաշտոնի համալրման համար դիմելու իմ շարժառիթները գլխավորապես երկուսն են։ Առաջին շարժառիթը Հայաստանի եվրոինտեգրման ընթացքը հասարակության համար ըմբռնելի եւ վստահելի դարձնելու իմ ձգտումն է։ Ինչպես նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն էր 2000-ականներին, իր ծննդյան 50-ամյակի առիթով ասել, թե իր մեծագույն ցանկությունն է «ապրել եւս 20 տարի եւ տեսնել Հայաստանը ԵՄ անդամ դարձած», ինչպես ՀՀ ներկա վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր մայիսին Կոպենհագենում հայտարարել, թե «ինքը կերազեր, որ Հայաստանը հենց այս տարի դառնար ԵՄ անդամ», այնպես էլ շատ այլոց համար Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին՝ 2030-ի ընդլայնման շրջանակում, հանգրվան է ու նպատակ։ 

Միեւնույն ժամանակ հասարակության այլ շերտերի համար այդ ընթացքը դեռ պատված է մշուշով։  Որպեսզի աչքը լույս տեսնի, պետք է նախ լույս վառվի։ Որպեսզի միտքը գործընթաց ընկալի, պետք է նախ դրա մասին խոսք հնչի։ Մինչդեռ անցյալ օգոստոսից, երբ 2030-ին նախատեսվող ԵՄ ընդլայնման մասին հայտարարվեց եւ պարզ էր, որ դիտարկվող 10 երկրներից մեկը Հայաստանն է, մինչեւ այսօր, երբ ՀՀ եվրաինտեգրման ճանապարհային քարտեզ է մշակվում ի դեմս New Partnership Agenda-յի, անգամ ԵՄ անդամակցության հարցով հանրաքվեի հարց է արծարծվել, դեռ չի հնչում լայն լսարաններին ուղղված մատչելի խոսք, որ եվրաինտեգրման առանցքային գործընթացը հասարակությանը բացատրի, վաղվա օրվա հանդեպ վստահություն եւ կանխատեսելիություն ներչնշի։ Փոխարենը կա աշխարհը քաոս ներկայացնող տեղեկատվական աղմուկ, որ գրեթե փոխարինել է լրագրությանը եւ մոլեգնում է Հայաստանում՝ Հայաստանը ներկայացնելով որպես միայնակ մնացած կռվախնձոր, որին առջեւում միայն փորձություններ ու ձախողումներ են սպասվում։ 

Իմ համոզմամբ լրագրությանը փոխարինած այդ տեղեկատվական աղմուկը պետք է օր առաջ հակակշռվի ԵՄ-ի եւ եվրաինտեգրման վերաբերյալ ճանաչողական-տեղեկատվական բնույթի, լրագրության տարբեր ժանրերում պատրաստվող հաղորդումներով։ Կարելի է լինել Հայաստանի եվրաինտեգրման կողմնակից, կարելի է լինել ռուսական ազդեցության ծիրում մնալու ջատագով, բայց հարկ է, որ մոտեցումները հենվեն իմացության, տեղեկացվածության եւ դատողության վրա, ոչ թե իշխանության, ընդդիմության, ՀԿ-ների հանդեպ սուբյեկտիվ մերժումների։ 

Իմ երկրորդ շարժառիթը՝ Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնի համար դիմելու, Հայաստանում (նաեւ սփյուռքում) հայոց պատմության եւ հայոց լեզվի իմացություն մակարդակը բարձրացնելուն նպաստ բերելն է։ 2023-ի փետրվարին, երբ Կիլիկիայում երկրաշարժեր եղան՝ Այնթապի մոտ եւ Աբլաստայի, մի քանի օր անց էլ՝ Մուսա լեռան, Սվեդիայի, ինձ ապշեցրել էր այն, թե այդ երկրաշարժերի կապակցությամբ ինչ տեղանուններ էին գործածվում Հայաստանում... Այնթապի փոխարեն Գազիանտեփ, Մարաշի փոխարեն Կահրամանմարաշ, Եդեսիայի փոխարեն Շալինուրֆա, Անտիոքի փոխարեն Անտաքյա, Ալեքսանդրետի փոխարեն Իսկանդերուն, Սվեդիայի, Մուսա լեռան փոխարեն Սամանդաղ․․․ Մղձավանջում անգամ հնարավո՞ր է պատկերացնել, որ Հայաստանում Հայկական լեռնաշխարհի՝ Մեծ Հայքի, Փոքր Հայքի, Ծոփքի, Կիլիկիայի հայկական տեղանունները գործածավեն թուրքալեզու տարբերակով․․․ Հայոց պատմության եւ լեզվի չիմացությունը ինչ անհատակ խորքերի պետք է հասած լինի, որ ընդամենը մի անսպասելի երկրաշարժ Կիլիկիայում Հայաստանում անգիտության, անտարբերության, անպատասխանատվության նման պատկեր բացահայտի։ 

Ես ինչ լուծում եմ տեսնում․․․ Հայոց պատմության մասին 10-15 րոպե տեւողությամբ, ամենօրյա թողարկումներով եւ կրկնություններով, դինամիկ, գիտա-հանրամատչելի շարքի ստեղծում, որի հիմքում Խորենացու, Չամչյանի, Օրմանյանի, Ալպոյաճյանի աշխատությունների մակարդակի աղբյուրներ դրվեն՝ սկսելով մեր պատմության վաղնջական շրջանից՝ Հայկազունիների արքայատնից։ Աշխատանքներում կարելի է ներգրավել նաեւ գիտաշխատողների, ասպիրանտ-մագիստրանտների։ Հայոց լեզվի մասով հրաշալի է, որ ռադիոյում «Մենք ու մեր բառերը» հաղորդաշար ունենք, ես կցանկանամ, որ այն լինի ամենօրյա, ավելի դինամիկ, ավելի կարճ տեւողությամբ եւ ավելի մեծ թվով բառերի մասին։

    

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image