Ի՞նչ էինք սպասում, բայց չունեցանք 2024 թվականին, ի՞նչ էին մեզ խոստացել, բայց հուսախաբ արեցին, ի՞նչ պետք է լիներ, բայց չեղավ, չստացվեց, չկայացավ։ Եթե գանք վերջից, ապա չկայացավ Նիկոլ Փաշինյանի բանավեճը երեք նախագահների հետ, նրա նետած ձեռնոցը՝ բանավեճ ԼՂ բանակցությունների թեմայով, նախագահներից ոչ մեկը չվերցրեց։ Իր հերթին Փաշինյանը չգնաց ԵԱՏՄ գագաթնաժողովին՝ պատճառ բերելով քովիդը, որին ոչ ոք չհավատաց։ Հատկապես Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, որն ասաց՝ եթե մեր դիտորդներին հետաքրքիր է մեր միությունը, կխնդրեի ներկա լինել նիստերին, ոչ թե հեռուստացույցով պատմել, թե ինչպես ենք համագործակցելու՝ շեշտելով, որ նկատի չունի «սափրված» ու «վատառողջ» Վովաեւիչին։
«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանը, սակայն, հավատում է վարչապետի հիվանդությանը, թեեւ ասում է․ «Քովիդն այս տարի նորաձեւ չէր, ի տարբերություն կարմրուկի, ջրծաղիկի»։ Եվ խորհուրդ է տալիս նրան` իմունիտետը ստուգել կամ փոխել բժշկին։ «Նախ՝ թեստերի հավանականությունը 60 տոկոս է։ Երկրորդ՝ ցանկացած վարակի եթե դու ընկալունակ ես, հետեւաբար՝ պաշտպանական համակարգերի խնդիր ունես»։
Պաշտպանական համակարգեր… իսկ ո՞րն է ՀՀ պաշտպանության ոլորտի գլխավոր ձախողումը։ Ըստ ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի՝ դա վարժական հավաքները չկարգավորելն է. «Հստակ չեն ասել, բայց անորոշ ձեւով, ակնարկներով ընդունել են, որ խնդիր կա: Ոչ մի բան չի արվել, ըստ իս, ամենամեծն ու ամենածանրը` խոստացվածն ու չարվածը, այդ ոլորտում դա է»։
Խոսեցինք նաեւ հասարակ երեւանցու հետ՝ Արման Սահակյանի, որը 44-օրյա պատերազմի օրերին մեկնել է Արցախ, մասնակցել մարտերին, վիրավորվել: Խնդրեցինք իր ամենամեծ հիասթափությունը նկարագրել։ Նա չխոսեց սոցիալական խնդիրների մասին, թեեւ չունի աշխատանք ու ապրում է միայնակ, մոր ու դրսից տուն բերած մեծ շան հետ։ «Նայեք` 20 թվից հետո ես ամեն օր հիասթափվում եմ։ Իմ ամենամեծ հիասթափությունը եղել է մեր հողերի, Արցախի կորուստը, որը ես շատ վատ եմ տանում, ու մինչեւ էսօր մեծացող Եռաբլուրը։ Ըստ իս՝ Հայաստանը պարտավոր էր անցած 4 տարիների ընթացքում գոնե տուն տար Արցախից եկած հայրենակիցներին, ոչ թե թողներ վարձի հույսին։ Ոնց որ վերցրին տները ձեռքներից ու տվեցին թուրքին, այնպես էլ պետք է տներ տային մարդկանց, գոնե՝ ամեն ընտանիքին մեկ սենյականոց կացարան։ Բայց ի՞նչ արեցին՝ շատերին 1-2 տոպրակ ուտելիք տվեցին ու քաշվեցին մի կողմ»։
Արցախից տեղահանված 100 հազարից ավելի մարդկանց համար Հայաստանում քիչ թե շատ արժանապատիվ կյանք ապահովելու խոստումը, որի մասին գոռում էին դեռ 2023 թ. սեպտեմբերից, բլոկադայի օրերից, տապալվեց ամբողջությամբ։ Միակ աջակցությունը, որը 1 տարի տրամադրվել է տեղահանվածներին՝ 50 հազարական դրամները, մարտ ամսից չեն լինի, այն դեպքում, երբ մեր հայրենակիցներն այսօր էլ մատնված են աղքատության, գործազրկության, անտուն կյանքի, շատերը մի կտոր հացի կարոտ են։ «Շատ ծանր ենք ապրում։ Հազիվ գոյատեւում ենք,- ասում է Մաշա Զաքարյանը՝ Շուշիից։- Ես արդեն մոտ մեկ տարի է՝ փորձում եմ աշխատանք գտնել, չի ստացվում։ Ստացված գումարը տալիս ենք տանտիրուհուն, կոմունալը մեզ վրա է։ Բայց սնվել է պետք, չէ՞։ Ովքեր ունեն բնակարաններ, տներ, ճոխ են ապրում, ով չունի՝ դանդաղ մահանում է»։
«Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ ղեկավար Նինա Կարապետյանցին, որն անցնող տարի «Հրապարակի» գլխավոր փորձագետներից էր՝ իրավապաշտպան ոլորտում, հարցրինք, թե որն է եղել այս տարվա հիմնական սպասելիքը, որը չի արդարացել։ Պատասխանեց՝ փոփոխությունները, որոնք չիրականացան։ «Երեւի թե մեծ հույս ունեի, որ մենք կունենանք այլ իշխանություն, որը ոչ միայն խոստումներ կտա, գեղեցիկ փաթեթավորումներ կիրականացնի, այլեւ պատերազմից 4 տարի անց վերջապես կհեռանա, ու կունենանք նորմալ, ադեկվատ իշխանություն` պետական ինստիտուտների կարեւորությունը հասկացող, եւ որն իրապես փոփոխությունների կգնա։ Ամենամեծ հիասթափությունս փոփոխության իսպառ բացակայությունն է։ Բայց, դրան զուգահեռ, ունենք հասարակության իրավագիտակցության էական աճ, չնայած շատ ծանր գնով ենք ձեռք բերել։ Բայց սա նաեւ հույս է ներշնչում, որ այս սպասելիքը կիրականանա հաջորդ տարում»։
Ֆինանսների նախարարը տարեվերջյան ասուլիսում բազմաթիվ «չկատարումների» մասին խոսեց, ամենագլոբալը հարկերի հավաքագրումն է։ 2024-ին ՀՀ հարկային մարմինները նախատեսվածից մոտ 200 մլրդ դրամ (ավելի քան 500 մլն դոլար) պակաս են հավաքել։ Նախարար Վահե Հովհաննիսյանը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում վերջապես հայտարարեց այդ թիվը։ Չնայած նոյեմբերի բյուջետային քննարկումների առաջին օրը, երբ Փաշինյանը հարկ վճարողի պարտականությունների մասին խրատական ճառ կարդաց` համեմատելով երկրի եւ ընտանիքի բյուջեները, պարզ էր, որ եկամուտների թերակատարումն ահռելի է։ Ինչո՞ւ քիչ հավաքեցինք։ Հիմնական «մեղավորը» տնտեսական ցածր աճն էր՝ 5-5,1 տոկոս, պլանավորված 7 տոկոսի փոխարեն, եւ ցածր գնաճը։
Տնտեսական ակտիվությունը, որը Փաշինյանի սիրած ցուցանիշն է, նոյեմբերին հակառեկորդ է արձանագրել՝ 1,2 տոկոս։ Կանխատեսում կա, որ Ամանորին գնորդների ակտիվությունն է անկում ապրելու, խոզի բդի, կոկորդիլոսի մսի սիրահարները նախկին թափով չեն պաշարելու խանութները, քանի որ Հայաստանում գներն աճում են, եկամուտները` նվազում: «Գալիք տարի բարձր գնաճային ֆոն ենք ունենալու, ԿԲ-ն 4-5 տոկոս միջին գնաճ է կանխատեսել, չնայած այս տարի 2 տոկոսին է մոտ։ Իհարկե, ցածր գնաճն ապախթանող է տնտեսության իմաստով, բայց եթե թոշակ-նպաստ չեն բարձրացնում, գոնե ցածր գնաճն ինչ-որ չափով մեղմում է ռիսկերը»,- ասում է տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը։ Նա չի կարծում, որ նախատոնական թանկացումը շատ բարձր է լինելու. «Պահանջարկը սովորականից ավելի չէ այս տարի, եւ տնտեսվարողները սա նկատի են ունեցել իրենց պահեստավորումներն անելով... Զսպվածություն է լինելու, որովհետեւ սպառողն էլ գիտի, որ ռիսկերը գնալով մեծանում են, ու սահմանափակում են ծախսերը»:
Բնապահպանները, որպես տարվա գլխավոր հիասթափություն, նշում են Երեւանի կանաչապատման ձախողումը։ «Հիասթափությունս կատարվածի մասով է՝ կանաչապատման ահռելի գիտական բացերը, որի արդյունքում քաղաքը կորցնում է հսկայական հասուն կանաչ զանգված՝ ստանալով խամաճիկ տնկիներ։ Չստեղծվեց բնապահպանական խորհուրդ, չկա Երեւանի գլխավոր դենդրոլոգ, ու որոշումները մեկտեղված են մեկ կառույցում։ Ահռելի, անիմաստ ծախսերն են հիասթափեցրել՝ ամանորյա զարդարանք, բալետներ, Էրեբունի-Երեւան, երգեր, ֆիլմեր, միլիոնավոր գումարների պետական միջոցների սխալ կառավարում` Երեւանի ահռելի կենսական խնդիրների մեջ։ Օդի աղտոտվածության դեմ 0 պայքարն է հիասթափեցրել, ինչը սպառնում է բնակչության կյանքին»,- ասում է ավագանու անդամ, Բժշկական համալսարանի դոցենտ Քրիստինա Վարդանյանը։ Ես հիշում եմ, որ մեկ-երկու տարի առաջ խոսում էին, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափորոշիչների համաձայն, մեկ անձին ընկնող կանաչ տարածքների նվազագույն մակերեսը 9 քմ է, քաղաքապետարանը խոստանում էր առաջիկա 5 տարիների ընթացքում հասնել եւ անցնել նվազագույնի շեմը․ այսօրվա տեմպերով դա ռեա՞լ եք համարում։ Մեր հարցին Վարդանյանը պատասխանում է․ «Մեր խնդիրն այլ է։ Երեւանում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները 5 անգամ պակաս են պահանջվածից, քաղաքի տարածքի 4%-ն են՝ 20%-ի փոխարեն։ Մեր խնդիրը խոշոր հատումներն են, փոշին նստեցնող բարձր սանիտարահիգիենիկ հատկանիշներով օժտված սաղարթախիտ ծառերի փոխարինումը դեկորատիվ-էսթետիկ հատկանիշներով նորատունկերով՝ քաղաքի փողոցներում»։
Հույս կա՞, որ երեւանցիներիս կլսեն, գոնե մյուս տարի, թե՞ на войне как на войне։ «Հուսով եմ, որ ինչ-որ բան կփոխվի, որովհետեւ այսպես, ինչպես որ կա, չի կարող շարունակվել։ Ինձ թվում է՝ թիմում էլ են լավ հասկանում այս ամենը, եւ կարծում եմ՝ քաղաքային իշխանության առաջին դեմքի մակարդակով մենք փոփոխություններ պետք է ունենանք, այլ տարբերակ չեմ տեսնում։ Ես նրանց առաջարկեցի աշխատել գրագետ, ներգրավելով ամենաբարձր մակարդակի միջազգային փորձագետների, ի՞նչ արեցին նրանք։ Այլանդակեցինք մեր քաղաքը, որի արդյունքում խեղդվում ենք փոշուց, ու պնդում են, որ ամեն ինչ շատ ճիշտ են արել, ինչի համար վաղ թե ուշ պետք է պատասխան տան։ Ի վերջո, մեր թիրախն իրենք չեն, իրենք իրենց են բացահայտում, իսկ երեւանցիները, կարդալով մեզ, ստանում են օբյեկտիվ հնարավորություն՝ իմանալու, թե որտեղ է ճշմարտությունը, եւ որտեղ՝ մանիպուլյացիան ու սուտը»։
Վերջին միտքը կարելի է տարածել նաեւ մամուլի վրա։
Մանիպուլյացիան եւ սուտը բացահայտելու առաքելությամբ 2025-ին շարունակելու է գործել նաեւ «Հրապարակ»-ը: