Հասարակություն

Կառավարությունը Դիանա Գալոյանին թաքուն նշանակեց ռեկտոր

Կառավարությունը Դիանա Գալոյանին թաքուն նշանակեց ռեկտոր

Երեկ հայտնի դարձավ, որ կառավարության որոշմամբ Դիանա Գալոյանը 5 տարով նշանակվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր։ «Հաստատել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առեւտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում Դիանա Ռոբերտի Գալոյանի ընտրության արդյունքները»,- տեղեկացրեց կառավարությունը։

Մինչդեռ Գալոյանի նշանակվելու դեմ որոշ ժամանակ առաջ շարժում էր կազմակերպվել․ ուսանողությունն էր դուրս եկել փողոց, ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանն էր տեղեկացնում խախտումների վերաբերյալ, ինչպես նաեւ խոսվում էր Գալոյանի ատենախոսության մեջ գրագողության դեպքերի մասին, ինչը հաստատել էր ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանը։ 

Անգամ Ռ․ Հայրապետյանը դատական հայցեր էր ներկայացրել, եւ դրանք քննության փուլում են։ Եվ հանկարծ կառավարությունը, առանց բաց քննարկման, չզեկուցվող հարցի կարգով հաստատում է Գալոյանի ընտրությունը ռեկտորի պաշտոնում։ Ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը մեզ հետ զրույցում նշեց․ «Դատարանում գործը շարունակվում է, եւ կառավարության հաստատելն այդ առումով ոչինչ չի փոխում։ Ապօրինություններն ակնհայտ են, որոնց մասին տեղեկացված է նաեւ կառավարությունը, բայց, ըստ էության, ապօրինությունները ֆիքսելու պատասխանատվությունը փոխանցել են դատարանին, ինչն անընդունելի մոտեցում է, որովհետեւ մինչեւ դատարանի վերջնական որոշումը, փաստորեն, ռեկտորի ապօրինի պաշտոնավարման փոքր շրջան է լինելու, եւ առոչինչ պայմանագրերի հետեւանքով առաջացած վնասի հատուցման խնդիր է առաջանալու: Իսկ կառավարությունն այս պահին պարտավոր է առնվազն մեկնաբանել, թե որն էր պատճառը, որ հանրային հնչեղություն ունեցող հարցի վերաբերյալ որոշումը կայացվել է առանց կառավարության նիստի՝ հեռակա, ըստ էության, գաղտագողի ռեժիմով: Սա չափազանց էական հանգամանք է, որովհետեւ այս աննախադեպ մոտեցումը կիրառվել է առաջին անգամ՝ հաշվի առնելով այն, որ տվյալ հարցի վերաբերյալ 4 ընթացիկ դատական հայց կա։ Որեւէ մեկը պե՞տք է բացատրի նման վիճահարույց որոշումը հեռակա կարգով, առանց բաց քննարկման ընդունելու պատճառները, հատկապես՝ երբ դրանից մեկ շաբաթ առաջ ՃՇՀԱՀ ռեկտորի ընտրության արդյունքները հաստատվել են սովորական ընթացակարգով՝ որպես հերթական նիստի զեկուցվող հարց»։

Հարցին՝ տեղեկություն ունի՞, թե ինչու է ռեկտորի նշանակման հարցը չզեկուցվողների մեջ ընդգրկվել, մեր զրուցակիցն ասաց, որ սկզբում չզեկուցվող է եղել, ապա, երբ նախարար Առաքելյանը բարձրաձայնել է իրավական խնդիրների առկայությունը, հարցը հանվել է օրակարգից եւ հաստատվել հեռակա՝ թաքուն որոշմամբ․ «Ես, իհարկե, հասկանում եմ, որ քննարկման դեպքում խախտումները ջրի երես էին դուրս գալու, բայց թե ինչու կառավարությունն այդ աննախադեպ քայլն արեց՝ խուսափելով քննարկումից, հենց իրենք են պարտավոր մեկնաբանել: Սա պետական բուհ է, ինչ-որ մեկի սեփականությունը չէ, որ առեւտրային, չբարձրաձայնվող գաղտնիքներ լինեն: Ամեն դեպքում, դատարանն այդ խնդիրը կլուծի, բայց, ցավոք, կրկին ամիսներ կկորեն, եւ բազմաթիվ առոչինչ պայմանագրեր ու հրամաններ»։

Նրա խոսքով, եթե դատարանն առոչինչ ճանաչի Գալոյանի ընտրության արդյունքները, ապա ամեն դեպքում «կկազմակերպվի նոր ընտրություն, իսկ առոչինչ ակտերի հետեւանքով առաջացած վնասի հատուցման բեռը դատարանը կբաշխի»։ Դիանա Գալոյանը, մեզ հեզ զրույցում անդրադառնալով հարցը չզեկուցելուն, նշեց․ «Նախ՝ ես չեմ համարում, որ որեւէ թաքուն որոշում է եղել, թե ինչու է չզեկուցվող եղել, այդպիսի բազմաթիվ դեպքեր կան, օրինակ՝ այս տարի Վանաձորի համալսարանի ռեկտորին եւս չզեկուցվող հարցով են հաստատել․․․ Նիստի ընթացքում դարձավ զեկուցվող, եւ երբ քննարկումը տեղի ունեցավ, պարոն Ավինյանը նշեց, որ մեկ անգամ եւս քննարկում կանեն եւ հեռավար կարգով կհաստատեն։ Ես որեւէ թաքուն բան այստեղ չեմ տեսնում եւ տարբեր տվայտանքների չեմ ուզում գնահատականներ տալ»։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image