Քաղաքականություն

«Հրապարակ». Արցախը ջնջել նաեւ հիշողություններից

«Հրապարակ». Արցախը ջնջել նաեւ հիշողություններից

Արցախի վտարանդի կառավարություն ձեւավորելուն, Արցախի պետական ինստիտուտների պահպանմանն ուղղված քննարկումները, ինչպեսեւ սպասվում էր, անարձագանք չմնացին։ Իշխանության ներկայացուցիչների փոխարեն աղաղակում են նրանց աջակիցները, հաճախորդներն ու դաշնակիցները։ Նախորդ շաբաթ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի մասնակցությամբ Արցախի հարցով փակ քննարկումից հաշվված օրեր անց՝ նախօրեին, Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը 24 news-ին տված հարցազրույցում մի շարք թեզեր է առաջ քաշել՝ հայտարարելով, որ Արցախի ինստիտուտների պահպանումը Հայաստանի համար ազգային անվտանգության հարց է։ «ՀՀ-ում Արցախի ոչ մի ինստիտուտ չի գործելու, դա ազգային անվտանգության հարց է»,- կտրուկ հայտարարել է նա` մարտահրավեր նետելով բոլոր նրանց, ովքեր ասում են, որ կյանքի գնով պետք է պահպանել Արցախի ինստիտուտները եւ ամեն ինչ անել արցախցիների վերադարձն ապահովելու ու Արցախի խնդիրը նորից վեր հանելու համար։

Հիշեցնենք․ սեպտեմբերի 19-ի ռազմական ագրեսիայից օրեր անց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հայտարարեց Արցախի լուծարման հրամանագիր ստորագրելու մասին, համաձայն որի՝ ԱՀ պետական ինստիտուտները պետք է գործեն մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը։ Մինչդեռ հասկանալի է, որ նա չէր կարող ի պաշտոնե նման հրամանագիր ստորագրել՝ լուծարելով պետությունը, եւ այդ հայտարարությունն արել էր Ադրբեջանի պարտադրանքով, որոնք սպառնում էին հաշված ժամերի ընթացքում մտնել Ստեփանակերտ եւ բնաջնջել արցախցիներին։ Հիմա Արցախի եւ Հայաստանի քաղաքական որոշ շրջանակներ կարծում են, որ չպետք է ենթարկվել Ադրբեջանի սպառնալիքներին ու մոռանալ հայրենի Արցախի մասին՝ մեր բառապաշարից ջնջելով անգամ «Արցախ» բառը, ինչն անում է ՀՀ իշխանությունը: Այլ պետք է հնարավորինս պահպանել պետական ինստիտուտները, հանդես գալ պահանջատիրությամբ եւ թույլ չտալ, որ Արցախի հարցը մոռացվի, այլ մշտապես պետք է տաք պահել։

Անցած շաբաթ «Մարիոթում» կայացած փակ հանդիպման ժամանակ հատկապես այս հարցն էին քննարկել, քննարկել էին Շահրամանյանի հայտնի հրամանագիրը չեղարկելու եւ այլ հարցեր: Թվում էր, թե ՀՀ իշխանություններն ամեն ինչ կանեն այս ուղղությամբ, գոնե չեզոքություն կդրսեւորեն այս հարցում, որպեսզի ապացուցեն, որ Արցախը ոչ թե իրենք են հանձնել, անհավասար պատերազմի հետեւանքն էր, սակայն Արցախի պետական ինստիտուտները պահպանելու փորձերը փորձում են խեղդել բարուրում` սկզբում պապից ավելի կաթոլիկ դարձած Էդմոն Մարուքյանի շուրթերով: Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը ոչ միայն Արցախը հանձնել են ու ձեռքերը լվացել Արցախից, այլեւ հայ ժողովրդի հիշողությունից են ուզում ջնջել այդ անունը։

Արցախի «Արդարություն» կուսակցության ղեկավար, ԱՀ նախագահի հետ անցած շաբաթ փակ քննարկմանը մասնակցած Հակոբ Հակոբյանը, անդրադառնալով Մարուքյանի հայտարարությանը, ակնկալում է, որ նա կհիմնավորի իր տեսակետը, թե ինչպես կարող է ԱՀ պետական ինստիտուտների պահպանումը սպառնալ ՀՀ ազգային անվտանգությանը: Նա հակառակն է պնդում` որ առանց Արցախի չի կարող գոյություն ունենալ ուժեղ եւ կենսունակ Հայաստան, եւ որ Արցախը, Հակոբյանի խոսքով, Հայաստանն ուժեղացնող գործոն է եւ ոչ թե հակառակը․ «Հայկական Արցախ կարող ենք ունենալ միմիայն այն դեպքում, երբ Հայաստանի հետ միասնական ճակատով հանդես գանք, բայց, ցավոք սրտի, մենք տեսանք, որ երբ կտրվեց Հայաստան-Արցախը կապը` դիվանագիտական մակարդակներում, վերջին շրջանում՝ նաեւ հողի վրա, մենք ուղղակի կորցրինք Արցախը, եւ այն թեզը, որ չի կարող գոյություն ունենալ հայկական Արցախ` առանց Հայաստանի եւ առանց  Արցախի՝ ուժեղ Հայաստան, աքսիոմատիկ ճշմարտություն է: Դա մենք տեսանք գործնականում: Չկա առանձին Արցախի հարց, չկա առանձին ՀՀ հարց, կա մեկ ընդհանուր հայկական հարց»։

Հակոբ Հակոբյանի խոսքով՝ Արցախի պետական ինստիտուտների պահպանումը չպետք է լինի ինքնանպատակ, այն հստակ ծրագրի, ազգային տեսլականի բաղադրիչ պետք է լինի, որին պետք է համահայկական աջակցություն ցուցաբերվի․ «Ցավալի է, բայց այս հարցի շուրջ միասնական տեսակետ չկա` ինչպես ՀՀ, այնպես էլ Արցախի իշխանությունների կողմից»։ Մեր դիտարկմանը, թե գուցե Արցախի քաղաքական իշխանությունն էլ նման մտահոգություններ ունի, որ այդ գործընթացը կարող է վնասել ՀՀ անվտանգությանը, Հակոբյանն այսպես արձագանքեց․ «Ես կարծում եմ, որ ցանկացած քաղաքական-հասարակական գործիչ պետք է առաջնորդվի այն աքսիոմատիկ ճշմարտությամբ, որ առանց Արցախ չենք կարող ունենալ ուժեղ Հայաստան, առաց Հայաստան՝ հայկական Արցախ»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image