Հարցազրույց

Դրական երեւույթ է. Շատ դժվար է մեկնաբանել խելագար գործողությունները. 2 հակադիր տեսակետ

Դրական երեւույթ է. Շատ դժվար է մեկնաբանել խելագար գործողությունները. 2 հակադիր տեսակետ

Նիկոլ Փաշինյանի որոշման հիման վրա ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Սահակ Սարգսյանին նշանակել է Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ Նստավայրը լինելու է Եթովպիայի մայրաքաղաք Ադիս-Աբեբան։ Սահակ Սարգսյանն ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության բաժինը, սովորել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի միջազգային հարաբերությունների դպրոցում, ունի միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում։ Աշխատել է որպես ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության Թուրքիայի բաժնի կցորդ, Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսության երրորդ քարտուղար, ՀՀ ԱԳՆ Ամերիկայի վարչություն ԱՄՆ և Կանադայի բաժնի քարտուղար, ՀՀ ԱԳ նախարարի օգնական, 2017-2018թթ. ՀՀ ԱԳՆ սահմանակից երկրների վարչության բաժնի վարիչի պաշտոնակատար և այլն։

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանից հետաքրքրվեցինք՝ որքանո՞վ է արդարացված Եթովպիայում ՀՀ դեսպանության բացումը, դրա վրա ծախսված ռեսուրսները։

«Այն, որ աֆրիկյան մայրցամաքում Հայաստանը դեսպանություն է բացում՝ իհարկե դրական երևույթ է, որովհետև բացի Եգիպտոսից, ուրիշ ոչ մի տեղ չունենք դեսպանություն՝ փաստացի գործող, նստավայրով դեսպանություն։ Ունենք մեկ դեսպան, ով ծածկում է մի շարք երկրներ, բայց չունենք կոնկրետ դեսպանություն՝ այդ առումով մեր հնարավորությունները աֆրիկյան մայրցամաքի հետ համագործակցության, հատկապես այն երկրների, որոնց հետ որոշակի պատմական առնչություններ ունենք, բնականաբար դրական երևույթ է։ Անձնավորությունն ում նշանակել են դեսպան՝ բավականին կարող անձնավորություն է, բազմաթիվ վայրերում աշխատած փորձառու դիվանագետ է և նաև միջազգային կառույցներում աշխատանքի մեծ փորձառություն ունի՝ բազմաշերտ խնդիրների առնչվելու տեսանկյունից։ Այս առումով բնականաբար ողջունելի քայլ է»,-ասաց Աղաջանյանը։

Հարցին, արդյոք չկա՞ր այլ պետություն, որտեղ ավելի նպատակահարմար կլիներ դեսպանություն բացել, Աղաջանյանն ասաց, որ ամեն դեպքում այդ առումով Եթովպիան նորմալ ընտրություն է, որովհետև այնտեղ աշխատում են մի շարք միջազգային կառույցներ՝ կետրոնացված կայաններ ունեն։ Բացի այդ Եթովպիան համարվում է արաբական և սև Աֆրիկայի խաչմերուկը, այդ առումով Եթովպիան շատ երկրների համար է կենտրոն համարվում, եթե Աֆրիկայի այլ տեղերում ներկայացվածություն չունեն։

«Եթովպիան նորմալ ընտրություն է, եթե այնտեղ դեսպանություն բացելով փորձելու ենք դեպի հարավ և դեպի ավելի աֆրիկյան մայրցամաքի խորքը ընկած երկրների հետ հարաբերությունները կարգավորել։ Ինչքանով կօգնեն, որ աշխատանքը լինի բազմաբովանդակ և բազմաշերտ, որովհետև մենք իրոք շատ մեծ հնարավորություններ ունենք, մեր կարողություններին համահունչ շատ լավ հարաբերություններ աֆրիկյան մայրցամաքի հետ ձևավորել՝ այդ թվում նաև տնտեսական հարաբերություններ ձևավորել՝ դա արդեն կախված կլինի իշխանությունների գործելաոճից։ Եվ չստացվի շատ դեպքերի նման, որ ամբողջ աշխատանքը մնում է զուտ դեսպանի ուսերին և հսկայական խնդիրները, որոնք բարձրացվում են կամ հնարավորություններ, որոնք պրպտվում և առաջադդրվում են դեսպանի կողմից՝ ուղղակի մնում են թղթի վրա»,- եզրափակեց Ձյունիկ Աղաջանյանը։

Քաղաքագետ Արթուր Խաչիկյանը խելամիտ քայլ չի համարում Եթովպիայում դեսպանության բացումը։ Նա ասում է. «Գիտեք, շատ դժվար է մեկնաբանել խելագար գործողությունները։ Նախ ինչո՞վ է Եթովպիան մեզ համար հիմա կարևոր, այն դեպքում, երբ որ մենք մեր պետությունն ենք փորձում փրկել, ես չգիտեմ։ Դատելով մեր որոշ դեսպանների մակարդակից ես սարսափով եմ մտածում, թե էլ ի՞նչ որոշումներ են ընդունվելու և իրենք էլ ինչ են տապալելու՝ մեր, այսպես կոչված, դիվանագետները, որոնց պրոֆեսիոնալիզմի մակարդակը զրոյից ցածր է»,-ասաց Խաչիկյանը։

Քաղաքագետն այս որոշման մեջ որևէ ռացիոնալ բան չի տեսնում։ Նա շեշտում է, որ նա ոչ մի սպասում չունի։ Հարցրինք, թե ո՞ր պետությունում պիտի բացեին դեսպանություն, որը մեզ օգտակար լիներ ստեղծված իրավիճակում, Խաչիկյանն ասաց․

«Մեզ պետք է զարգացնել մեր հարաբերությունները մեր ռեգիոնի երկրների հետ, մեզ պետք է զարգացնել մեր հարաբերությունները Իրանի հետ, փորձել վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, փորձել ոչ թե դատարկ բառեր և խաղալիքներ ստանալ Արևմուտքից, այլ ռեալ օգնություն, ռեալ պայմանագրեր»,-ասաց Արթուր Խաչիկյանը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image