Հրազդան համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի, շենքերի եւ շինությունների չափագրման եւ սահմանված կարգով հատակագծերի կազմման ծառայությունը տարիներ շարունակ իրականացնում է «Աշոտ Հակոբյան» ԱՁ-ն: Նշենք, որ Աշոտ Հակոբյանն իր «Անհատ ձեռներեց»-ի թույլտվությունը ստացել է իշխանափոխությունից հետո, երբ որդին նշանակվել է Հրազդանի համայնքապետարանի քաղաքաշինության եւ հողաշինության բաժնի պետ:
Հատկանշական է, որ 2019 թվականից համայնքապետարանի կողմից էլեկտրոնային աճուրդի միակ մասնակիցը եղել է ճարտարապետի հայրը՝ Աշոտ Հակոբյանը: Հրազդանի համայնքապետարանը 2020 թվականին 2 մլն 300 հազար դրամի պայմանագիր է կնքել տվյալ ԱՁ-ի հետ, 2021 թվականին՝ 1 մլն 700 հազար, 2022 թվականին՝ 5 մլն 250 հազար, 2023 թվականի մարտի 14-ին՝ 4 մլն 800 հազար դրամի: 2024 թվականին հայտարարված էլեկտրոնային աճուրդում Հրազդան համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի, շենքերի եւ շինությունների չափագրման եւ սահմանված կարգով հատակագծերի կազմման ծառայության շահող է ճանաչվել «Արմ Թրասթ» ՍՊԸ-ն, որն ավելի ցածր գին է ներկայացրել աճուրդին:
ՍՊԸ-ի տնօրեն Արայիկ Ստեփանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ որեւէ մեկին չի ճանաչում, որեւէ մեկի հետ կապ չունի, աճուրդին մասնակցել եւ շահել է: Աշոտ Հակոբյանին հարցրինք՝ ամեն տարի դո՞ւք եք շահել համայնքապետարանի կողմից էլեկտրոնային մրցույթը եւ չափագրման ի՞նչ գին եք սահմանել։ «Տենդեր ա լինում, մասնակցում եւ շահում եմ, էս տարի մենք չենք շահել, ես հիմա քաղաքապետարանի հետ գործեր չեմ անում, բարձրացեք էնտեղ, իրենց չափագրողից գները պարզեք»:
- Դուք համայնքի ճարտարապետի հայրն եք եւ մի քանի տարի շարունակ Դուք եք շահել տենդերը, ինչպե՞ս է ստացվել, որ այս տարի չշահեցիք:
- Հա, որ հայրն եմ, ի՞նչ, տենդեր ա եղել, ով քիչ գին ա տվել, նա էլ շահել ա:
- Ասում են, որ այս տարիների ընթացքում Հրազդանում միայն Ձեր ԱՁ-ն է չափագրում կատարել, մյուս ՍՊԸ-ներին չեք թողել, որ աշխատեն:
- Լավ, էլի, էս ժողովուրդն ի՞նչ են, ընդակառակը` ՍՊԸ-ներ կան, որ չեն թողնում մենք աշխատենք, եթե խոսքն ասում ենք, բերեք լրիվ փաստերով, թող էդ մարդիկ գան, տեսնեմ՝ ես իրենց խանգարե՞լ եմ:
- Նեղսրտե՞լ եք, պարոն Հակոբյան, որ այս անգամ տենդերը չեք շահել:
- Ընդհանրապես, շատ ուրախ ենք, որ չենք շահել, անհատի հետ ենք հիմա չափագրում անում:
- Ձեր ճարտարապետ տղան գուցե Ձեզ գործ տա, անգործ չեք մնա, չէ՞:
- Ինչի՞ պետք ա ինձ գործ տա, եթե քաղաքապետարանն ունի իր չափագրողը, կամ՝ ի՞նչ իրավունք ունի տա, կամ՝ ինչի՞ էդ գործը ես վերցնեմ-անեմ: Ես հեղափոխությունից առաջ էլ այս գործն եմ արել, հեղափոխությունից հետո էլ անում եմ: Պտղնի կամ Գառնի՝ կապ ունի՞ իմ տղեն դրանց հետ: Էս պահին ման գաս` Հրազդանից իմ մոտ գործ չկա:
ՀԳ․ Նշենք, որ հայր եւ որդի Հակոբյաններն այս տարիների ընթացքում ոչ միայն Հրազդանի հողամասերի, շենքերի եւ շինությունների չափագրման աշխատանքներն են իրականացրել, այլ նաեւ համայնքային որոշ հողամասեր են աճուրդային կարգով օտարել: Օրինակ՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի Սահմանադրության հրապարակ 6 հասցեում գտնվող 262.49 քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը ճարտարապետ Հակոբյանն աճուրդային կարգով օտարել է եղբորը՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 70 տան բնակիչ Արթուր Աշոտի Հակոբյանին` բնակելի տուն եւ տնտեսական շինություն կառուցելու նպատակով: