Մենք անդրադարձել էինք ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնավարման տարեդարձին, նշել, որ, չնայած նա այս ընթացքում հարցազրույցներ է տվել տեղական եւ միջազգային տարբեր լրատվամիջոցների, սակայն այդպես էլ չի հրավիրել մամուլի ասուլիս։
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից փորձեցինք տեղեկանալ, թե իր պաշտոնավարման տարեդարձի առթիվ շնորհավորական ինչ ուղերձներ է ստացել Արմեն Սարգսյանը, որ երկրների որ պաշտոնյաներն են շնորհավորել նրան։
«Միջազգային պրակտիկայում սովորաբար պետությունների ղեկավարները շնորհավորական ուղերձներ ստանում են պաշտոնը ստանձնելու առթիվ»,- արձագանքել են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Ինչ վերաբերում է մեր երկրորդ հարցին, թե պատրաստվո՞ւմ է, արդյոք, ՀՀ նախագահը իր պաշտոնավարման տարեդարձի առթիվ հրավիրել մամուլի ասուլիս, մեզ պատասխանել են․ « Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարգում և գնահատում է զանգվածային լրատվության միջոցների դերը: Կարևորելով համատեղ աշխատանքը՝ նախագահ Սարգսյանը մշտապես բաց է լրատվամիջոցների համար:
Առաջիկայում եւս Հանրապետության նախագահը տարբեր ձեւաչափերով հանդիպումներ ու զրույցներ կունենա ԶԼՄ ներկայացուցիչների հետ, որոնց կազմակերպման վերաբերյալ լրատվամիջոցները նախապես կտեղեկացվեն»:
Տարբեր ձեւաչափերով հանդիպումներ եւ զրույցներ, ինչ խոսք, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ունենում է ԶԼՄ-ների հետ, հարցազրույցներ է տալիս նաեւ հեռուստաընկերությունների։ Սակայն այլ բան է մամուլի ասուլիս հրավիրելը, որի ժամանակ կարող են հնչել սպասվածից ու նախատեսվածից տարբերվող եւ երկրի ղեկավարին ոչ ցանկալի հարցեր։