Բրյուսովի անվան համալսարանի շուրջ կրքերն արդեն երկար ժամանակ է՝ չեն հանդարտվում, վերջին շրջանում իրար հետեւից թե՛ ստորագիր, թե՛ անստորագիր բաց նամակներ են հրապարակվում մամուլում՝ ուղղված թե՛ ԿԳՄՍ նախարարին, թե՛ վարչապետին, թե՛ այլ պատկան մարմինների։ Բոլոր նամակներն էլ ահազանգ են, թե ինչպիսի վախի ու անպատժելիության մթնոլորտ է տիրում համալսարանում, որտեղից վերջին մեկ տարում շուրջ 100 դասախոս է աշխատանքից ազատվել, իսկ «ռեկտոր Դավիթ Գյուրջինյանն իր տեղակալների՝ Դոնարա Ղազարյանի եւ Գեւորգ Հակոբյանի հետ համալսարանը ղեկավարում է ոչ թե գիտական արժեքներով, այլ՝ վրեժի, վախի եւ ճնշման մեխանիզմներով։ Մարդիկ, ովքեր տարիներ շարունակ նվիրված են եղել համալսարանի զարգացմանը, աշխատանքից ազատվում են առանց հիմնավոր պատճառների, միայն այն պատճառով, որ համարձակվել են հայտնվել այդ եռյակի «սեւ ցուցակում» կամ պաշտպանել ակադեմիական արդարությունը։ Հակառակ ձայները ճնշվում են անմիջապես։ Սա էլ է մեկ «պատիժ»՝ Գյուրջինյանի անձնական շահերից բխող վրեժի շղթայի մեջ»,- նշված է մամուլում հրապարակված բրյուսովցիների վերջին բաց նամակում։
Ֆիզիկական կուլտուրայի եւ քաղաքացիական պաշտպանության ամբիոնի նախկին վարիչ, մ.գ.թ., դոցենտ Էռնեստ Ավանեսովը նույնպես նոր ուսումնական տարուց լեզվաբանական բուհում չի դասավանդելու։ Ասում է՝ մինչեւ անցած տարվա դեկտեմբերի կեսերն ընտրված ամբիոնի վարիչ է եղել, որից հետո փորձել են իրենից ինչ-որ ժամեր վերցնել, բայց հասկացել են, որ այլ մասնագետ ուղղակի չկա, քանի որ մինչ օրս ամբիոնի վարիչի տեղում իրեն փոխարինող չեն գտել։ «Այսինքն՝ ստացվում է, որ ավելի լավ է ընդհանրապես ամբիոնը վարիչ չունենա, քան ես լինեի, որ այդքան բան եմ արել, ու ամբիոնն այդքան ակտիվ է եղել»,- ասում է նա ու նկատում՝ ակնհայտ էր, որ իրենից էլ են ուզում ազատվել ու որպեսզի միանգամից դա չանեն՝ ե՛ւ ամբիոնի վարիչի պաշտոնից զրկեն, ե՛ւ՝ ժամերից, մի կես տարի սպասել են, բայց արդեն ներքին հրահանգներ են իջեցվել նաեւ իր հետ կապված, նոր ուսումնական տարում իրեն էլ են զրկել դասախոսական ժամերից ու դա արել են ծածուկ, գաղտնի։
«Սեւ ցուցակ ունեն, նաեւ՝ մաքուր ցուցակ։ Բնականաբար՝ նրանք, ովքեր ընդգրկվել են սեւ ցուցակում, ժամ չեն ունենալու համալսարանում։ Եթե ուրիշների դեպքում ինչ-որ բաներ են ասում, թե չի համապատասխանում պաշտոնին եւ այլն, իմ դեպքում ընդհանրապես որեւէ բացատրություն չկա, քար լռություն է, ավելին՝ ես քայլ եմ արել հանդիպելու եւ հասկանալու, թե ինչու, բայց ոչ մի բացատրություն՝ այն դեպքում, որ ամեն ինչ իդեալական է եղել՝ ցանկացած ստուգումների պարագայում, առանց ուշացումների, բայց հանկարծ այդպիսի շրջադարձ, ինչը պաշտոնեական դիրքի չարաշահում է, եւ իրենք ամեն տեղ փորձում են բերել-նշանակել իրենց մարդկանց»,- նշում է զրուցակիցս։
«Իրենք» ասելով մասնավորապես ո՞ւմ նկատի ունի։ «Դա անձամբ պրոռեկտոր Դոնարա Ղազարյանն է անում, բայց եթե ռեկտորը չի միջամտում այս ամենին, պարզ չէ՞, որ նաեւ իր անմիջական մասնակցությամբ է տեղի ունենում։ Փաստացի, այդ համալսարանը կառավարում է Դոնարա Ղազարյանը, ինչ ուզում եւ ինչպես ուզում, այդպես էլ անում է, բայց, իհարկե, դերերը բաշխված են, եւ ամեն մեկն այստեղ իր սեւ գործն է անում»։
Ավանեսովը դժվարանում է ասել, թե որն է այս ամենն անելու մոտիվը։ «Ամեն օր հավաքվում են, գոռգոռում են իրար վրա, թիմ են հավաքում իրենց համար»։ Ինչ վերաբերում է, այսպես կոչված, սեւ ու սպիտակ ցուցակներին, ապա «նրանց, ում ժամ են տալիս, փաստացի իրենց աջակցողներն են․․․ այնքան տհաճ է, որ թոշակի տարիքի, բայց ղեկավար դիրքում գտնվող մարդը խոսքի մեջ կարող է ասել՝ մեր թիմը-ձեր թիմը․․․ փորձում են հաշվեհարդար տեսնել ու լավ զգալ դրանից, ինքնահաստատվել, երեւի այս տարիքում լավ զգալու միակ տարբերակը սա է մնացել այդ մարդկանց համար։ Իսկ իմ դեպքում, նորից եմ ասում՝ չկա որեւէ բացատրություն, ընդամենը մի հատ ծանուցում է եկել, ընդ որում՝ 4-5 հատ սխալներով, սխալ հրամաններ նշելով, այսինքն՝ ծանուցում այն մասին, որ ձեր պայմանագրի ժամկետը լրանում է, ինչը զուտ տեխնիկական մասն է այս ամբողջ գործընթացի, որը միշտ այդպես է արվում, բայց ազատվել պաշտպանած, դոցենտ մարդուց, որի կարիքը բուհը ռեալ ունի, ու դա քանի անգամ որակի ապահովման կենտրոնն է ֆիքսել, բայց այս մարդկանց համար կարեւոր չէ՝ դոցենտ լինես, թե դոկտոր, պրոֆեսոր, կարեւորը՝ իրենց թիմից լինես, անկախ նրանից՝ գրագետ ես, թե անգրագետ»։
Դասախոսների կրճատումները, ըստ Էռնեստ Ավանեսովի, դեռ անցած տարվանից են սկսել, իսկ այս տարվանից մեծ թափ են հաղորդել․ «Ասում էին՝ մի հարյուր հոգի հանել ենք, մի 80 հոգու էլ պիտի հանենք, ի՞նչ կա որ։ Այ, այսպիսի արհամարհական ու զզվելի տոնով, որն ուղղակի տհաճ է նման տարիքի մարդու դեպքում, դա ուղղակի դեռահասին բնորոշ ինքնահաստատման փորձ է»։
Արձագանքելով Դ․ Ղազարյանի այն պնդմանը, թե՝ «մեր նոր կադրերը՝ բոլորը հետազոտական ոլորտում իրենց ասելիքն ունեն եւ հիմնականում գիտությունների թեկնածուներ են», զրուցակիցս նկատում է․ «Իհարկե, դա այդպես չէ, այդ կադրե՞րն են գիտությունների թեկնածուներ, ովքեր հրամաններ են կազմում, եւ որոնք բանի պետք չեն, 4-5 անգամ նույն հրամանը ստորագրում ենք, ու ամեն անգամ՝ նոր սխալներով։ Սա՞ է լավ աշխատելը, այստեղ ուրիշ սկզբունքներ են գործում՝ իմ եւ քո տարբերակ ասվածը, ուրիշ բան չկա։ Ես լաբորանտ ունեմ, որ իրենց հակառակ ստատուս է լայքել, ու դրա համար հեռացրել են համալսարանից, ու այդպես՝ շարունակաբար։ Ես ոչ միայն մամուլից, այլեւ տարբեր մարդկանցից լսել եմ, որ այդ կինը տարբեր պատճառներով տարբեր մարդկանցից տարբեր չափերի գումար է վերցրել, որը մասամբ տվել է եւ մասամբ՝ ոչ, իսկ ովքեր հետաքրքրվել են՝ ինչու չի տալիս գումարը, պատահականության սկզբունքով ժամեր այլեւս չեն ստացել։ Սա ուղղակի խայտառակություն է, ինչի մասով նաեւ ռեկտորն է տեղյակ»։
Ինչո՞վ է բացատրում պատկան մարմինների լռությունը, հատկապես՝ ԿԳՄՍՆ-ի։ «Նախարարը, իհարկե, տեղյակ է, ավելին՝ նա հովանավորյալ է հանդիսանում»,- ասում է զրուցակիցս ու նկատում, որ անցած շաբաթ՝ վերջին գիտխորհրդի նիստի ժամանակ, շեղվելով օրակարգից, ռեկտորն իր խոսքում նշել է, որ ինչ ուզում եք, գրեք, որովհետեւ «ձեր գրելուց հետո նախարարն ինձ հրավիրեց՝ իր հետ գնալ ինչ-որ մի երկիր՝ պաշտոնական այցի, ինչը նշանակում է, որ ես ու նախարարն ամենաբարձր սարից, թե որտեղից թքած ունենք ձեր բողոքների վրա։ Դա նշանակում է, որ բացարձակ ինքնիշխանություն են տվել, եւ արտոնյալի պայմաններում է ինքն իրեն զգում, որովհետեւ նախարարը կանաչ լույս է վառել ու ասում է՝ ինչ ուզում ես, արա, երեւի դա ժողովրդավարություն է․․․ այսինքն՝ մարդը փաստացի ասել է, որ նախարարը թքած ունի ձեզ վրա, ենթադրաբար՝ վարչապետն էլ։ Երեւի ժողովրդավար երկրներում այդպես է»։ Գիտխորհրդի այդ նիստին թեպետ ինքը ներկա չի եղել՝ քննության է եղել, բայց լսել է նիստի ժամանակ արված ձայնագրությունը․ «Ուղղակի սարսափելի բաներ են խոսվել․ մարդկանց նվաստացնել եւ այլն… այս վիճակն է տիրում համալսարանում»։
Է. Ավանեսովը դիմել է նաեւ ԱԺ ԿԳՄՍ հանձնաժողովի պատգամավորներին՝ ցանկանալով նաեւ նրանց կարծիքը լսել, բայց՝ անարձագանք․ «Մեր ժողովրդավար երկրի, ժողովրդավար Ազգային ժողովի ժողովրդավար պատգամավորները, որ առավոտից իրիկուն սազը ձեռքներին նվագում են, նույնիսկ չեն էլ արձագանքում։ Ստացվում է՝ այս երկրում ով ինչ ուզում՝ անում է, եւ այն, որ ասում են՝ մասնագետ չկա, դա թյուր կարծիք է, սուտ է։ Ու երբ այսպիսի ոչ մասնագետները լինեն ղեկավար կազմում, իհարկե, իրենց շուրջն էլ հավաքելու են ոչ մասնագետների, որոնք, կարեւորը՝ իրենց հլու-հնազանդ լինեն»։