Քաղաքականություն

Կարող եմ իմ լուման ներդնել կոռուպցիայի դեմ պայքարում

Կարող եմ իմ լուման ներդնել կոռուպցիայի դեմ պայքարում

ՀՀ վարչապետի՝ այս տարվա հունիսի 24-ի որոշմամբ ստեղծված հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարակական կազմակերպություններ ընդգրկելու նպատակով ՀՀ կառավարությունն՝ ի դեմս արդարադատության նախարարության օրերս հայտարարել է մրցույթ՝ նշելով նաեւ այն պահանջները, որոնք պետք է բավարարեն մրցույթին մասնակցելու հավակնող կազմակերպությունները։

«Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ն տարիներ շարունակ զբաղվել է Երեւանի Հյուսիսային պողոտայի եւ Բուզանդի փողոցի տուժած քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ, դատական տարբեր ատյաններում ներկայացրել է նրանց շահերը։ «Պետական կարիքների զոհեր» ՀԿ ղեկավար Սեդրակ Բաղդասարյանից հետաքրքրվեցինք, թե ինքը մասնակցելո՞ւ է հայտարարված մրցույթին։ «Ես դրան ծանոթ չեմ, չգիտեմ, եթե ծանոթանամ, գուցեեւ՝ մասնակցեմ»,- ասաց մեր զրուցակիցը։ Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, ապա Սեդրակ Բաղդասարյանը նշեց, որ իրենց կազմակերպությունը շատ մեծ փորձ չունի այդ պայքարում։

ԱԺ-ն էլ պատրաստվում է աշխատանքային խումբ ստեղծել՝ վեթթինգ իրականացնելու նպատակով, որում, դատելով հայտարարություններից, ՀԿ-ներին չեն առաջարկել ներգրավվել։ Պե՞տք է ՀԿ-ներին ներգրավվել այդ աշխատանքային խմբում, թե՞ ոչ։ «Իմ կարծիքով՝ այդ հարցում պետք է զբաղվեն մասնագետները։ «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ն այդ ոլորտում նույնպես մասնագիտացված չէ, սակայն, որպես ՀԿ, կարող ենք մեր լուման ունենալ այդ գործում, այսինքն՝ տրամադրել տեղեկատվություն։

Մենք իրավական վերլուծություններ ենք արել, այդ վերլուծություններում նշված է, որ դատավորները վճիռներ կայացնելիս հղում չէին անում պաշտպանվող կողմի առարկությունների եւ փաստերի վրա։ Եվ այդ հարցում կարող եմ օգտակար լինել։ Իսկ ԱԺ-ում իմ ղեկավարած ՀԿ-ի մասին շատ լավ գիտեն, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից շատերը ճանաչում են ինձ, թող դիմեն, խնդիր չկա։ Իհարկե, պետք է ներգրավվել ՀԿ-ներին, նրանց փորձն ու գիտելիքները պետք է օգտագործել, բայց մյուս հարցերում պետք է այդ շրջանակը նեղացվի։ Ես չեմ կարծում, որ պետք է դատավորների նկատմամբ վեթթինգ իրականացնեմ։ Թող դատավորները գան, ապացուցեն, թե ինչպես են իրենց գույքը, եկամուտները ձեռք բերել»,- նշեց Սեդրակ Բաղդասարյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image