Հարցազրույց

«Հրապարակ»․ Խիստ ժամանակավրեպ ու անտրամաբանական է Փաշինյանի նախատեսվող այցը Թուրքիա

«Հրապարակ»․ Խիստ ժամանակավրեպ ու անտրամաբանական է Փաշինյանի նախատեսվող այցը Թուրքիա

«Հրապարակ»-ի հարցերին պատասխանում է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը:

- Իսրայել-Իրան պատերազմի խորացման եւ էսկալացիայի ընդլայնման դեպքում ի՞նչ ռիսկերի առաջ կարող է կանգնել Հայաստանը՝ կոմունիկացիոն անվտանգության տեսանկյունից, հատկապես որ Վրաստանի հետ էլ այս իշխանությունը խնդիրներ ունի եւ անգամ կոնյակի արտահանման հարց չի կարողանում լուծել: 

- Կիսաշրջափակման պայմաններում գտնվող Հայաստանի համար, բնականաբար, իրանա-իսրայելական հակամարտությունը ստեղծում է լուրջ հաղորդակցային խնդիրներ՝ հաշվի առնելով, որ հենց Հայաստան-Իրան երթուղով պետք է կյանքի կոչվի Հյուսիս-Հարավ միջանցքը: Վերջինս պետք է դիտարկել որպես Հայաստանի տրանսպորտային անվտանգության առանցքային գործոն: Այժմ, երբ խնդիրներ են ստեղծվել Հյուսիս-Հարավ միջանցքի կենտրոնական հանգույցներից մեկում՝ Բանդար Աբբաս նավահանգստում, այս տրանսպորտային ռազմավարության լիարժեք իրականացումը եւս հայտնվում է հարցականի տակ: Մասնավորապես, վտանգվում է Պարսից ծոց-Սեւ ծով մուլտիմոդալ հաղորդակցությունը, ինչպես նաեւ՝ ավելի լայն՝ Հնդկական օվկիանոս-Կովկաս-Ռուսաստան կամ Հյուսիսային Եվրոպա երթուղին: Այս առումով Հայաստանը, որն ավանդաբար դիտարկվում է որպես այս ռազմավարության անբաժան շահառու, առերեսվում է լուրջ գեոտնտեսական ռիսկերի: Արդեն այսօր հայտնի է, որ Բանդար Աբբասում կուտակվել են Չինաստանից Հայաստան ուղեւորվող շուրջ 300 բեռնատար կոնտեյներներ, իսկ իրանական տրանսպորտային ցանցում ստեղծված կոլապսի պայմաններում մեծ դժվարությամբ է իրականացվում Իրան-Հայաստան տրանսպորտային հաղորդակցությունը: Խնդիրներ են առաջացել Հայաստանի համար հեռանկարային նշանակություն ունեցող Չաբահար նավահանգստում: Այն պայմաններում, երբ մեծ դժվարություններով է իրականացվում հայ-վրացական տրանսպորտային հաղորդակցությունը, իրանական ուղղության հնարավոր պարալիզացումը Հայաստանի համար դառնում է ազգային անվտանգության ուղիղ սպառնալիք:

- Դուք մտահոգություն էինք հայտնել նաեւ Հայաստանի էներգետիկ կայունության տեսանկյունից: Իրան-Հայաստան էներգետիկ համագործակցությունը կարո՞ղ է տուժել ստեղծված իրավիճակում:

- Իհարկե, տնտեսական առումով ստեղծված իրավիճակը դժվար թե հանգեցնի Հայաստանում որեւէ կարեւոր ապրանքատեսակի պակասորդի կամ գնաճի, քանի որ հայ-իրանական առեւտրաշրջանառության մեջ առյուծի բաժինն ապահովում է էներգետիկայի ոլորտում փոխգործակցությունը, որը, սակայն, եւս կարող է հայտնվել ռիսկային գոտում: Օրերս Իսրայելն ուժգին հարված հասցրեց Հարավային Պարս խոշորագույն գազի հանքավայրին, արդյունքում դադարեցվել է արդյունահանումը դրա 14-րդ ֆազայում՝ նվազեցնելով ներիրանական գազի արդյունահանումը՝ օրական 12 մլն խմ: Գիտենք, որ Իրանն առանց այդ էլ վերջին շրջանում գտնվում է էներգետիկ նախաճգնաժամային պայմաններում՝ հաշվի առնելով աճող պակասորդն ու մատակարարումների անկայունությունը: Եվ այս պայմաններում ես չեմ բացառում, որ կարող է վերանայվել կամ առնվազն ժամանակավորապես դադարեցվել դեռեւս 2007-ից գործող «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» հայ-իրանական բարտերային գործարքը: Այո, վերջինիս ծավալներն այս պահի դրությամբ այդքան էլ մեծ չեն, իսկ Իրան-Հայաստան գազամուղի հզորությունների ընդամենը 20-25%-ն է օգտագործվում: Սակայն այս գազամուղն իրապես ապահովում է Հայաստանի էներգետիկ դիվերսիֆիկացումն ու ավելացնում ողջ էներգետիկ համակարգի «ամրության պաշարը»: Ավելին՝ Երեւանն ու Թեհրանը պայմանավորվածություն ունեն՝ էապես ավելացնելու բարտերային գործարքի ներքո իրականացվող փոխանակման ծավալները, ինչի նպատակով կառուցվում է Իրան-Հայաստան 3-րդ օդային էլեկտրահաղորդման գիծը: Վերադառնանք Հյուսիս-Հարավ ռազմավարությանը: Իրանա-իսրայելական էսկալացիայի շարունակության ու խորացման դեպքում կխափանվի ոչ միայն վերոնշյալ օդային գծի կառուցման ընթացքը, այլեւ Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքը, որը կոչված է միացնելու Իրանի, Հայաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի էլեկտրաէներգետիկ համակարգերը: Հայաստանի համար այս միջանցքը կարող է հնարավորություններ ստեղծել՝ խթանելու բարձր մարժինալությամբ ապրանքի՝ էլեկտրաէներգիայի արտահանումը:

- Նախօրեին էկոնոմիկայի նախարարը խոսում էր Բանդար Աբբաս նավահանգստում մնացած ապրանքների մասին, այսինքն՝ արդեն իսկ Հայաստանը բախվել է խնդիրների, մինչդեռ ՀՀ իշխանությունն անհաղորդ է եւ ոչ մի քայլ չի ձեռնարկել՝ քննարկելու մերձավորարեւելյան այս կոնֆլիկտից բխող անվտանգային ռիսկերը, փոխարենը` հաստատվել է Փաշինյանի այցն Անկարա: Գուցե այնտեղի՞ց ուղղորդում ստանա: 

- Այո, Բանդար Աբբասում ունենք Հայաստան ուղեւորվող բեռների կուտակում, եւ դա կարծես թե շարունակական բնույթ է կրում: Այս պայմաններում առնվազն տարօրինակ է Հայաստանի իշխանությունների անհոգ կեցվածքը: Մի կողմից, ունենք տրանսպորտային հաղորդակցության խնդիր, մյուս կողմից՝ ազգային անվտանգության շատ ուղիղ սպառնալիք: Վերջինս պայմանավորված է թե՛ Մերձավոր Արեւելք-Հարավային Կովկաս օրգանական գեոքաղաքական կապով, թե՛ Իրանի դիրքերի թուլացման դեպքում Հայաստանի համար էքզիստենցիալ վտանգների առաջացման հեռանկարով: Եվ այս պայմաններում առնվազն անհրաժեշտ է հրավիրել ԱԽ նիստ ու հստակեցնել Հայաստանի անելիքները: Այո, ԱԳՆ-ն հանդես եկավ բավականին կշռադատված հայտարարությամբ, սակայն դա բավարար չէ: Պետության կառավարման ռազմավարական մշակույթը ենթադրում է, որ նման դեպքերում անհրաժեշտ է ձեռքի տակ ունենալ սցենարներ՝ տարբեր զարգացումների դեպքում սեփական ռիսկերը մինիմիզացնելու համար: Ու այս ամենի բացակայության պայմաններում խիստ ժամանակավրեպ ու անտրամաբանական է Փաշինյանի նախատեսվող այցը Թուրքիա: Իրանա-իսրայելական հակամարտության ընթացքից ու, առավել եւս՝ հանգուցալուծումից են կախված լինելու Մերձավոր Արեւելք-Հարավային Կովկաս անվտանգային ճարտարապետությունն ու ուժերի դասավորվածությունը: Հետեւապես, Երեւանի համար այս պայմաններում ճիշտ կլիներ ժամանակավոր դադար վերցնել, այլ ոչ թե պրոթուրքական ռեւերանսներ անել: Թեեւ դժվար չէ կռահել այցի իրական նպատակը. առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են, եւ առանց «խաղաղության պայմանագրի» ՔՊ-ին շատ դժվար է լինելու վերարտադրվել: Անհրաժեշտ է Էրդողանի ավելի ներառական մասնակցությունն այդ «պայմանագրի» կնքման հարցում: Պետք է, սակայն, հասկանալ, որ այդ թղթի կիրառելիությունը կախված է լինելու նրանից, թե ինչպես են «գետնի վրա» լուծվելու տարածաշրջանային խնդիրները:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image