Նոր Նորքի թաղապետարանում ակտիվիստ Արթուր Չախոյանին խմբակային ծեծի ենթարկելու դեպքով 6 անձ է ձերբակալվել, այդ թվում ծեծի ենթարկված Չախոյանը։ ՆԳՆ լրատվական վարչության պետի տեղակալ Մարտուն Սիմոնյանը «Հրապարակ»-ին հայտնեց, որ ձերբակալության համար հիմք է հանդիսացել տեսանյութը։ Տեսանյութում Արթուր Չախոյանին հարվածներ է հասցնում նաեւ Նոր Նորքի թաղապետ Տիգրան տեր-Մարգարյանը։
Զավեշտալին այն է, որ Մարգարյանին իրավապահները ձերբակալելու որոշում չեն կայացրել։ Հարցին՝ տեսանյութում ակնհայտ երեւում է, որ թաղապետը նույնպես հարվածներ է հասցնում Չախոյանին, ինչո՞ւ նրան եւս ձերբակալելու որոշում չի կայացվել, Մարտուն Սիմոնյանն ասաց․ «Այս պահին նպատակահարմար չենք համարում անհատականացնող տվյալներ հայտնել»։
ՆԳՆ լրատվականից ասացին նաեւ․ «6 անձի ձերբակալել ենք, ոստիկանությունն իրականացնում է այդ անձանց ձերբակալումից բխող անհրաժեշտ գործողություններ, որ փաստաթղթերը ներկայացնի ՀՀ քննչական կոմիտե»:
Հիշեցնենք նաեւ, որ դեպքից անմիջապես հետո մեզ ՆԳՆ-ից հավատացնում էին, որ Չախոյանին բերման են ենթարկել, որ հանցագործության մասին հաղորդում վերցնեն։ Չախոյանն այժմ Բժշկական կենտրոնում է՝ նրան բուժօգնություն են ցուցաբերում։