Քաղաքականություն

«Հրապարակ»․ Կոռուպցիան ավելանում է, իսկ կոմիտեն զբաղված է ինքնագովեստով

«Հրապարակ»․ Կոռուպցիան ավելանում է, իսկ կոմիտեն զբաղված է ինքնագովեստով

Հակակոռուպցիոն կոմիտեում 2025 թվականի արդյունքներն են ամփոփել կոլեգիայի նիստում եւ որոշել, որ իրենք շատ լավ են աշխատել, ուստի իրենք իրենց պարգեւատրել են, մեդալներ ու դասային աստիճաններ շնորհել: Հետաքրքիր անվանակարգեր են հորինել՝ «Լավագույն ստորաբաժանում», որը, իհարկե, սեփականության դեմ ուղղված կոռուպցիոն հանցագործությունների վարչությունն է եւ օպերվարչությունը, լավագույն քննիչ, լավագույն ծառայող: Կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը, որպես առաջընթացի վկայություն, նշել է դատարան ուղարկված վարույթների քանակական աճը, պետությանը պատճառված վնասի վերականգնումը, պատմել է թե առաջիկայում ոնց են հերոսաբար ուժեղացնելու այդ գործիքակազմը, ֆինանսական հոսքերի, գույքային շարժի եւ ապօրինի հարստացման ու շահերի բախման դեպքերի բացահայտման մեխանիզմներն են կատարելագործելու, քննության որակ ու հսկողություն են բարձրացնելու եւ այլն` ոչ մի նոր բան: 

Տպավորություն է, թե պարոն Նահապետյանը չի կարդացել Freedom House հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության վերջերս հրապարակած «Freedom in the World 2025» զեկույցում Հայաստանի վերաբերյալ հնչեցրած գնահատականները, մասնավորապես այն, որ հակակոռուպցիոն հռչակված քաղաքականության ֆոնին կոռուպցիոն ռիսկերը Հայաստանում պահպանվում են, իսկ որոշ ոլորտներում՝ խորանում։ Ի դեպ, զեկույցում Արթուր Նահապետյանի ղեկավարած կառույցի մասին առանձին գնահատական էլ կա: Գրված է հակակոռուպցիոն մարմինների «ինստիտուցիոնալ խոցելիության» մասին, որ հակակոռուպցիոն համակարգը Հայաստանում ինքն է դարձել կոռուպիոն ռիսկերի աղբյուր, որ իշխող կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաները հազվադեպ են ենթարկվում իրական քննության, «նույնիսկ այն դեպքերում, երբ առկա են պաշտոնեական լիազորությունների չարաշահման ակնհայտ ցուցումներ, կոռուպցիոն գործերով հաջողված դատապարտումները վերին էշելոններում մնում են բացառիկ, ոչ թե կանոն»։ 

Պարոն Նահապետյանը նաեւ չի հետեւում Transparency International կազմակերպության հրապարակումներին: Այլապես կկարդար ու կամաչեր գովաբանել իր կառույցը եւ պարգեւատրումներ տալ ինքն իրեն: Ըստ հրապարակման՝ Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը հակակոռուպցիոն «գովաբանումների» ժամանակահատվածում՝ 2025-ին 2024-ի համեմատ նվազել է մեկ միավորով՝ իջնելով 46 միավորի՝ հայտարարել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը: Ըստ Transparency International-ի հրապարակման, Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ) գերազանցում է հարեւան երկրների եւ ԵԱՏՄ մյուս երկրների 2025-ի ԿԸՀ արժեքները, բացի Վրաստանից։ 2023 եւ 2024 թվականներին այդ թիվը Հայաստանի համար անփոփոխ է մնացել է 47 միավոր: Այն, որ համաթիվն իջել է, լավ չի: Սովորաբար բարձր միավորը նշանակում է քիչ կոռուպցիա, ցածրը հավասար է կոռուպցիայի ավելի բարձր աստիճանի: Այսինքն՝ եթե ցուցանիշն իջնում է, նշանակում է, որ երկրում կոռուպցիան ավելացել է, եւ հանրությունն էլ գիտի դրա մասին: Հիշեցնենք, որ, ըստ Հայաստանի իշխանությունների, մեր երկրում համակարգային կոռուպցիա չկա, համակարգային կոռուպցիան իրենք արմատախիլ են արել երկրից:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image