Ադրբեջանը հերթական հակահայկական ձեռնարկն է սկսել։ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիան հրատարակելու է Հայաստանից գնացած ադրբեջանցիների մասին հանրագիտարան, որը Բաքվում անվանում են ոչ այլ կերպ, քան «Արեւմտյան Ադրբեջանի հանրագիտարան»։ Զուգահեռաբար, ադրբեջանական մամուլում ակտիվորեն շրջանառվում են հեռուստահաղորդումներ, հոդվածներ կամ այլ նյութեր, որտեղ Հայաստանից գնացած ադրբեջանցիները պատմում են իրենց կյանքի պատմությունը։ Հասկանալի է, թե այս ամենն ինչ հեռահար նպատակներ ունի։ Եթե հաշվի առնենք, որ ժամանակ առ ժամանակ, այսպես ասած՝ «Հայաստանի ադրբեջանական համայնքն» իր գոյության մասին է հիշեցնում տարբեր միջազգային ատյաններ նամակներ հղելով եւ իր իրավունքների մասին բարձրաձայնելով, կարելի է ասել, որ վերջնական նպատակը խորհրդային ժամանակներում Հայաստանում ապրած ադրբեջանցիներին հետ վերադարձնելն է։
Դժվար է ասել, Հայաստանի գործող ղեկավարությունն այս ամենի հետ կապված ինչ է անելու կամ ինչ-որ բան անելո՞ւ է, թե ոչ, սակայն եթե մի օր ինչ-որ անվամբ «փաթեթավորված»՝ խորհրդային ժամանակներում Հայաստանում ապրած ադրբեջանցիները կամ նրանց ժառանգները գան կամ վերադառնան Հայաստան, ապա այստեղ կսկսվի նախ իրական քաոս, եւ ապա նաեւ՝ լուրջ հարված կհասցվի Հայաստանի ժողովրդագրական պատկերին՝ էթնիկ կազմի իմաստով։ Հայաստանը կդադարի լինել գրեթե միատարր էթնիկ երկիր, իսկ դա արդեն կնշանակի, որ հայկական ազգային պետականությունը, ամենամեղմ բնորոշմամբ՝ կկազմալուծվի։ Իհարկե, քարտեզի վրա կմնա «Հայաստան» կամ «Արմենիա» անվանումով պետություն, սակայն դա կլինի զուտ տեղանուն այլեւս։
Սա այն հարցն է, որը չի կարող կոմպենսացվել ոչ մի տեսակի ներդրումներով, միջազգային բանաձեւերով ու մեխանիզմներով։ Այլ է հարցը, թե Հայաստանում հասարակությունն այս ամենը որքան լրջությամբ է հասկանում կամ ինչ է պատրաստ անել, որ նման բան տեղի չունենա։ Մեծ հաշվով, եթե հասարակությունն ամեն ինչ լռելյայն ընդունի, ապա ոչ մի ահազանգ էլ իմաստ չի ունենա, եւ գուցե ամենամոտ ապագայում Հայաստանի ադրբեջանցի «հայրենադարձվածների» հետ «քիրվայությունն» էլ լինի շատ բնականոն իրականություն Հայաստանի եւ հայաստանցիների համար։