Վենեսուելայում տեղի ունեցած հզոր երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի, երկրի առողջապահության նախարար Կառլոս Ալվարադոյի խոսքերն է փոխանցում CNN-ը։
«Ցավոք, մեր բժշկական հաստատություններ են տեղափոխվել մոտ 235 մարդ, որոնք արդեն մահացած էին կամ մահացել էին տեղափոխվելուց անմիջապես հետո», - ասել է նախարարը։
Ալվարադոն նշել է, որ օգնություն է ցուցաբերվել ավելի քան 4300 տուժածների, որոնց մեծ մասը թեթև վնասվածքներ է ստացել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Սպիտակ տանը ֆերմերների հետ խոսելով, խոստացել է, որ Միացյալ Նահանգները կօգնի Վենեսուելային հետևանքների վերացման գործում. «Մենք, ի դեպ, օգնելու ենք նրանց (Վենեսուելային) իրենց խնդիրների հետ կապված. նրանք երեկ գիշեր ուժեղ երկրաշարժ ունեցան... Հսկայական, բացարձակապես հրեշավոր, բայց մենք օգնելու ենք նրանց»։
ԱՄՆ հարավային հրամանատարությունը մի քանի ռազմանավեր և տրանսպորտային ինքնաթիռներ է ուղարկել Վենեսուելա՝ երկրաշարժից հետո օգնություն ցուցաբերելու համար։ Բացի այդ, Պետդեպը հայտնել է Կարակասին 150 մլն դոլարի օգնություն ցուցաբերելու մտադրության մասին։
Հունիսի 24-ին Վենեսուելայում տեղի են ունեցել 7.2 և 7.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր: Ամենաշատ վնասը կրել է ափամերձ Լա Գուայրա քաղաքը՝ փլուզելով տասնյակ շենքեր:
Հիշեցնենք, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից հայտնել են, որ երկրաշարժերի հետևանքով, ցավոք, երկու հայ ընտանիքների տներ ավերվել են, ինչպես նաև կան մի քանի վիրավոր և անհետ կորած հայորդիներ։