Երեկ Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ մեկնեց Արաբական Միացյալ Էմիրություններ` Աբու Դաբի, որտեղ կայանալու էր իր եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը։ Բացի այդ, պետք է մասնակցեր «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թ. մրցանակաբաշխությանը, որի այս տարվա մրցանակին են արժանացել ինքն ու Ադրբեջանի նախագահը` խաղաղության գործընթացի համար: Բանակցություններին ներկա են եղել հայկական կողմից ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը եւ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, իսկ ադրբեջանական կողմից՝ նրանց վիզավիները` համարժեք պաշտոնյաները։ Քանի որ շատ սուղ տեղեկատվություն է ստացվում, թե ինչի շուրջ են բանակցում կողմերը, եւ մեր «տառապանքը փորձ ունի», շատերը ենթադրեցին, որ ՀՀ վարչապետը նորից գնացել է ինչ-որ բան տալու, քանի որ Ալիեւը շտապում է, վստահ չէ, որ նա վերընտրվելու է, ուստի ուզում է մինչեւ հունիս նոր խոստումներ եւ շոշափելի բան կորզել:
Մենք ստիպված ենք ուշի-ուշով կարդալ պաշտոնական հաղորդագրությունները, որպեսզի տողատակերում գուշակեինք, թե ինչ է կատարվում: Կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է. «Կողմերը ողջունել են Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հյուրընկալությամբ եւ վկայությամբ կայացած Խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների իրականացման գործում արձանագրված առաջընթացը: Նրանք նշել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի դրական դինամիկայի պահպանման եւ առաջմղման կարեւորությունը՝ երկկողմ ձեւաչափով: Կողմերն ընդունել են, որ երկու հասարակություններն էլ ականատես են լինում խաղաղության իրական օգուտներին՝ առօրյայում։ Նրանք գոհունակություն են հայտնել երկկողմ առեւտրի մեկնարկի եւ Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի շարունակական արտահանման, ինչպես նաեւ երրորդ երկրներից հացահատիկի եւ այլ ապրանքների տարանցման իրականացման կապակցությամբ՝ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան:
Կողմերը համաձայնել են շարունակել ուսումնասիրել երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Նրանք նաեւ ողջունել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները եւ համաձայնել վստահության ամրապնդման միջոցառումների ընդլայնման անհրաժեշտության հարցում։ Վարչապետ Փաշինյանը եւ նախագահ Ալիեւը քննարկել են TRIPP-ի եւ այլ ենթակառուցվածքների նախագծերի իրականացումը»։
Քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով թեմային, ասում է. «Այս հանդիպումը եւ մրցանակը, որ ստանում են Փաշինյանն ու Ալիեւը, կոչվում է Խաղաղության եւ եղբայրության մրցանակ: Սա պետք է դիտարկել նախընտրական պայքարի շրջանակներում: Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի մեջ տարբեր ուժեր եւ կենտրոններ անում են տարբեր ներդրումներ: Ներդրումներից մեկն այս մրցանակն էր: Ես ուզում եմ մի շատ կարեւոր երեւույթի մասին խոսել, որն իրականում հիանալի երեւույթ է: Այն կոչվում է հիշողություն: Հիշո՞ւմ եք, թե Փաշինյանն ինչ էր անում 2018-2020 թվականներին: Կանաչ գրքույկը ձեռքին՝ փողոցից փողոց էր գնում, ասուլիսից՝ ասուլիս եւ խոսում էր այն մասին, թե հեղափոխությունն ինչպիսի հաջողություններ է բերել հայ ժողովրդին: Նա մատնանշում էր հարյուր հաջողություն, որն արձանագրվել է հեղափոխության շնորհիվ: Այդ հաջողություններից մեկն էլ այն էր, որ Արցախի եւ Ադրբեջանի շփման գծում չկային կրակոցներ: Բացի այն, որ կրակոցներ չէին հնչում, Արցախում այդ շրջանում սկսվել էր նախընտրական պայքարը: Պարզ էր, որ Բակո Սահակյանն այլեւս չի առաջադրվելու, իսկ Արայիկ Հարությունյանը պետք է դառնար նախագահ: Արայիկ Հարությունյանի ընտրվելու համար իդեալական պայմաններ ստեղծեցին` սահմանին զրո կրակոց, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ որպես խաղաղության «ռահվիրա», ընտրություններից հետո գնաց, Շուշիում պարեց, որից հետո սկսվեց պատերազմը, եւ դա եղավ Արցախի Հանրապետության վերջին ընտրությունը…. բայց նախընտրական պայքարի ժամանակ մեծ ներդրում էր արվել, այն արել էր Իլհամ Ալիեւը` Փաշինյանի հետ միասին: Արցախից մենք տարբերվում ենք մեր կարգավիճակով, մենք ճանաչված պետություն ենք: Քիչ է, որ Փաշինյանը հայտարարի խաղաղության մասին, իսկ Ալիեւը չկրակի, այս ամենին պետք է միջազգային շղարշ տալ: Այդ պատճառով այժմ մրցանակ են ստանում, մայիսին եվրոպական ընտանիքի գագաթնաժողովն է Հայաստանում կայանալու: Բոլորը փորձում են Նիկոլի նախընտրական քարոզարշավի մեջ ներդրումներ կատարել: Իրականությունը սա է: Չզարմանաք, եթե այսօրվա լուսանկարները, Թրամփի հետ լուսանկարները հայտնվեն Փաշինյանի նախընտրական «ռոլիկներում»: Նախընտրական տրամաբանությունից բացի, այստեղ այլ տրամաբանություն չկա: Օգոստոսի 8-ի փաստաթուղթը գիտե՞ք ինչու խաղաղության մասին չէ, որովհետեւ, ամեն ինչից զատ, այնտեղ չկա խաղաղություն ապահովող երաշխիքի անուն: Դոնալդ Թրամփն ընդամենը ունի վկայի կարգավիճակ` ոչ ավելին: Եթե մենք իսկապես խաղաղության մասին խոսեինք, ապա առնվազն Ադրբեջանը մի քանի գործնական քայլ կկատարեր, օրինակ` դուրս կգար օկուպացված տարածքներից, Հայաստանի ներքաղաքական կյանքին չէր խառնվի, սահմանադրության փոփոխություն չէր պահանջի կամ գոնե կդադարեր ֆինանսավորել «Արեւմտյան Ադրբեջան» նախագիծը»: