Հերթական խելահեղ տարին ամփոփելիս առանձնակի ցավով ենք արձանագրում մասմեդիայի համաշխարհային ընտանիքի կրած կորուստները։ Մարդիկ, որոնք չեն խնայել կյանքը՝ իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս։
Ամենաթարմ դեպքերը գրանցվեցին իսրայելապաղեստինյան վերջին էսկալացիայի ժամանակ, որտեղ պատերազմի գնդակը գտավ նաեւ անմեղ մարդկանց ճակատագրերն ու իրավունքները պաշտպանող, նրանց անարդար մահը լուսաբանող լրագրողներին։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատար Ֆոլկեր Թյուրքի խոսքով, 2023 թվականին աշխարհում սպանվել է առնվազն 46 լրագրող։ Այս հանցագործությունների մեծ մասը, հավանաբար, կատարվել է միտումնավոր: Այս տարի նաեւ ազատազրկված լրագրողների դեպքերի թիվը հասել է 531-ի։
«Լրագրությունը չափազանց կարեւոր է մարդու իրավունքների պաշտպանության համար: Հետաքննող լրագրությունն օգնում է ապահովել տարբեր հաստատությունների աշխատանքի թափանցիկությունն ու արդյունավետությունը: Օբյեկտիվ տեղեկատվությունը թույլ է տալիս մարդկանց ավելի լավ ընտրություն կատարել եւ նշանակալից մասնակցություն ունենալ որոշումների կայացմանը:
Եվ սա է պատճառը, որ լրագրողներն այդքան հաճախ դառնում են սպառնալիքների, բռնությունների եւ նույնիսկ սպանությունների թիրախ։ Որովհետեւ նրանց աշխատանքը կարեւոր է մեզնից յուրաքանչյուրի իրավունքների պաշտպանության համար»,- ասվում է Թյուրքի հայտարարության մեջ: ՄԱԿ-ի հանձնակատարը նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ լրագրողների դեմ հանցագործությունների 86 տոկոսը մնում է անպատիժ։
Ի դեպ, 2023 թվականին ամբողջ աշխարհում ձերբակալվել է 363 լրագրող՝ սա ռեկորդային թիվ է Լրագրողների պաշտպանության կոմիտեի կողմից կատարված հաշվարկների ողջ ժամանակահատվածի համար։ Ընդհանուր առմամբ, վերջին տասնամյակում սպանվել է ավելի քան 893 լրատվամիջոցի աշխատակից։ «Լրագրողների եւ լրատվամիջոցների այլ աշխատողների վրա հարձակումների անպատժելիության մակարդակն անընդունելի է։ Եվ վերջին տասնամյակում միջազգային հանրությունը մեծացրել է ուշադրությունն այս խնդրի նկատմամբ: Հրապարակվել են զեկույցներ, ընդունվել են որոշումներ։ Լրագրողների դեմ հանցագործությունների անպատժելիությանը վերջ տալու միջազգային օրվա գոյությունը վկայում է այս աշխատանքի մասին՝ ուշադրություն հրավիրելու նման հանցագործությունների վրա: Բայց խոսքի եւ գործողությունների միջեւ հսկայական անջրպետ կա: Լրագրողները շարունակում են վտանգված լինել, մինչդեռ նրանց եւ մեր իրավունքները պետք է ավելի լավ պաշտպանվեն»,- ասել է Ֆոլկեր Թյուրքը:
Ցավոք, արդի աշխարհում անպաշտպան են գրեթե բոլորը եւ հատկապես` մարդկանց իրավունքները պաշտպանող լրագրողները։