Հասարակություն

Իրանի միջուկային խնդիրը Հայաստանին պետք է որ շատ հետաքրքրեր․ իրանագետ

Իրանի միջուկային խնդիրը Հայաստանին պետք է որ շատ հետաքրքրեր․ իրանագետ

Այսօր վաղ առավոտյան ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը գրել էր, որ Իրանը և Կենտրոնաաֆրիկայի Հանրապետությունը զրկվել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկելու իրավունքից` անդամության չվճարված պարտքերի պատճառով:

Լրատվամիջոցը որպես տեղեկության աղբյուր նշել էր Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի` Գլխավոր ասամբլեայի նախագահ Վոլքան Բոզքըրին ուղղված նամակը: Պարտքը մարելուց հետո ՄԱԿ անդամ պետությունը կարող է վերականգնել ընտրելու իրավունքը: Ըստ Գուտերեշի նամակի՝ ընտրական իրավունքը վերականգնելու համար Իրանը պետք է 16.251.298 ԱՄՆ դոլար փոխանցի կազմակերպության բյուջե, իսկ ԿԱՀ-ը՝ 29.395 ԱՄՆ դոլար:

Սրան զուգահեռ երեկ Վիեննայում ավարտվել է Իրանի միջուկային ծրագրի (Գործողության համատեղ համապարփակ ծրագիր / JCPOA) շուրջ բանակցությունների հերթական շրջանը, որի արդյունքների վերաբերյալ դրական են արտահայտվել թե՛ իրանական, թե՛ եվրոպական կողմերը։  

«Հրապարակը» ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս, իրանագետ Ահարոն Վարդանյանից հետաքրքրվեց՝ ՄԱԿ ԳԱ-ում ձայնի իրավունքից զրկվելը կարո՞ղ է կապ ունենալ Իրանի միջուկային գործարքի բանակցությունների հետ, և սա ի՞նչ ազդեցություն կունենա Իրանի քաղաքականության, մեր տարածաշրջանի վրա։

«Չեմ կարծում, թե նման հարցերը միջազգային քաղաքականության մեջ զուգադիպություն կամ պատահական լինեն։ Բայց քանի դեռ որևէ փաստ չունենք այդ ամենն իրար կապելու համար, ուղղակի կարող ենք ենթադրություններ ու վերլուծություններ անել։ Ինչ վերաբերում է բանակցությունների հերթական փուլին, թվում էր, թե բանակցությունները ուր որ է պետք է ավարտվեին, բայց դրանք ձգձգվում են։ Եվ այստեղ կան խոչընդոտներ, որոշակի կնճռոտ հարցեր, որոնց շուրջ չեն կարողանում համաձայնության գալ և վերջնական համաձայնությունը կնքել», - նշեց նա։

Ըստ իրանագետի՝ կան բազմաթիվ կողմեր, որոնց ձեռք չի տալիս միջուկային համաձայնագրի կնքումը։ «Ընդորում՝ դա ոչ միայն միջազգային հարթությունում և միջազգային խաղացողների շրջանակում, այլ նաև՝ կոնկրետ Իրանում և Միացյալ Նահանգներում։ Այս երկների մեջ էլ կան տարբեր տեսակի խմբավորումներ, ներքին խաղացողներ և այլն։ Այս երկրներում կան բազում հակասություններ միջուկային համաձայնագրի հետ կապված», - ընդգծեց Ահարոն Վարդանյանը։

«Եվ այս ամենի ֆոնին էլ, տեսե՛ք, իրանական նավը, որն ամենանայն հավանականությամբ ուղևորվում էր դեպի Վենեսուելայի ափեր, խորտակվում է, և չեն կարողանում այն փրկել։ Այն համարվում է Իրանում տարողունակությամբ մեծ նավերից մեկը։ Սա էլ է ինչ-որ բան վկայում կամ հուշում, որ կան ինչ-որ կողմեր, շահագրգիռ հատվածներ, որոնք չեն ուզում, որ միջուկային համաձայնագիրը վերակքնվի և պատժամիջոցներն Իրանի վրայից հանվեն։ Բնականաբար այս ամենը մեր տարածաշրջանում է տեղի ունենում և չի կարող չազդել նաև մեր մոտ տեղի ունեցող դեպքերի վրա։ Բայց պետք է ասել, որ մեզ մոտ իրադարձություններն այնպիսի հունով են զարգանում, որ երևի թե Հայաստանում շատ քչերին է հետաքրքրում ընդհանրապես Իրանի միջուկային խնդիրը և դրա շուրջ ծավալված իրավիճակը։ Այնինչ պետք է որ շատ հետաքրքրեր։ Եվ պետք է որ դա ուշադրության կենտրոնում պահվեր։ Սակայն վերջին երեք տարում Հայաստանն իր ներքին խնդիրներով է տարված և այդ խնդիրներից դեռևս չի կարողանում դուրս գալ», - ասաց իրանագետը։

Իրանական բանակցային խումբը ղեկավարող արտաքին գործերի փոխնախարար Աբբաս Արաղչին Վիեննայում բանակցությունների հետո ասել է, որ միջուկային բանակցություններում մեծ առաջընթաց է գրանցվել, բայց որոշ կարևոր տարաձայնություններ դեռ պետք է լուծվեն: Իրանցի դիվանագետն այլ մանրամասներ չի նշել։

Իր հերթին, Եվրոպական Միությունը ներկայացնող դիվանագետ Էնրիկե Մորան, որը նախագահել է չորեքշաբթի օրվա բանակցությունները, ասել է, որ Ռուսաստանի, Չինաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Բրիտանիայի, Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները կվերադառնան տուն՝ իրենց կառավարություններին տեղեկություն փոխանցելու համար, իսկ հաջորդ շաբաթ կրկին կհանդիպեն: «Կան մի քանի քաղաքական խնդիրներ (և) կան մի շարք տեխնիկական խնդիրներ, ևս բավականին համալիր», - հանդիպումից հետո լրագրողներին ասել է Մորան:

Հարցին՝ այս իրադարձությունները և միջուկային գործարքի ձգձգումն ի՞նչ ազդեցություն կունենան մեր տարածաշրջանի վրա, Իրանի տնտեսության վրա, Հայաստանի նկատմամբ Իրանի քաղաքականության վրա՝ Ահարոն Վարդանյանը պատասխանեց․

«Տեսե՛ք, եթե գործարքը ձգձգվի մինչև Իրանում նախագահական ընտրությունները, և չկարողանան կնքել գործարքը, ապա այն, ըստ երևույթին, կձգձգվի մինչև աշուն։ Որովհետև ընտրություններից հետո՝ նոր կառավարություն, նոր մետեցումներ, բայց մի փոքր։ Որովհետև Իրանում, գիտեք, կառավարությունն ամբողջությամբ չի կարող փոխել պետական քաղաքականությունը, որովհետև այնտեղ կա հոգևոր առաջնորդի գրասենյակ, ԻՀՊԿ գրասենյակ և այլն։ Բայցևայնպես նոր կառավարությունը պետք է ծանոթանա խնդրին ու այսպիսի հարցեր։ Այսինքն՝ սա կարող է բերել որոշակի դանդաղկոտություն, որը կարող է Իրանի տնտեսության վրա որոշակի ազդեցություն ունենալ։ Իրանում միջուկային համաձայնագրի կնքումը ցանկանում են նաև այն պարզ պատճառով, որպեսզի կարողանան բարելավվել երկրի սոցիալ-տնտեսական վիճակը»։

Իրանագետը նշեց, որ Իրանի ներկայիս կառավարությունը բարեփոխիչների կառավարություն է համարվում, և եթե գան պահպանողականներ, կարող են որոշակի խնդիրներ առաջանալ, քանի որ վերջիններս սովորաբար ավելի արմատական են տրամադրված նման հարցերում։ «Սակայն կարող է նաև ամեն ինչ հակառակը լինել, և համաձայնագիրն արագորեն կնքվի։ Հնարավոր է, որ մեկ օրում նշանակվի արտաքին գործերի նախարար, որը ժամանակին եղած լինի բանակցություններում ընդգրկված մարդ։ Բայցևայնպես Իրանում պետք է ջանք գործադրեն, որպեսզի մինչև ընտրությունները համաձայնագիրը հասցնեն կնքման վերջնական փուլ», - եզրափակեց Ահարոն Վարդանյանը։   

2018-ին միջուկային համաձայնագրից Դոնալդ Թրամփի վարչակազմի դուրս գալուց և ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ նոր կոշտ պատժամիջոցներ սահմանելուց հետո իրանական տնտեսությունն ահռելի վնասներ է շարունակում կրել։ Այս հանգամանքն էլ Իրանի ստիպում է երբեմն առևտրատնտեսական ու քաղաքական կախվածություն ունենալ նաև Հայաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված պետություններից։ Այս պատժամիջոցների հետևանքով Իրանը զրկվել է տնտեսական-քաղաքական դաշտում ավելի լայն մանևրելու հնարավորություններից։

Նշենք նաև, որ ՄԱԿ ԳԽ-ի նամակում պարտապանների ցուցակը ներառում է հինգ պետություն՝ ԿԱՀ, Իրան, Սան Տոմե և Պրինսիպի, Կոմորոյան կղզիներ և Սոմալի: Այնուամենայնիվ, ՄԱԿ Գլխավոր ասամբլեան որոշել է թույլատրել վերջին երեքին քվեարկել վեհաժողովում մինչև այս նստաշրջանի ավարտը:


 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image