Քաղաքականություն

Իշխանափոխության երկու տարբերակ. որն է ավելի իրատեսական

Իշխանափոխության երկու տարբերակ. որն է ավելի իրատեսական

Ընդդիմության ներսում Նիկոլ Փաշինյանին իշխանազրկելու հարցում երկու մոտեցում կա. «Հայաստան» դաշինքն ասում է` պետք է սպասել եւ պատրաստվել 2026 թվականի ընտրություններին` այդ ընտրություններում հաղթել, ՀՀԿ-ն եւ նրա հետ կապված «Պատիվ ունեմ» խմբակցությունն ասում են, որ գործը չպետք է հասցնել ընտրությունների, եւ նախաձեռնել են Փաշինյանին անվստահություն հայտնելու` իմպիչմենտի գործընթաց: «Պատիվ ունեմ»-ի 6 անդամ պատրաստ են ստորագրել անվստահություն հայտնելու նախաձեռնության ձեւաթղթի տակ, որ հարցը մտնի խորհրդարանի օրակարգ, առաջադրել են վարչապետի թեկնածու`Մասիսի համայնքապետ, ՀՀԿ խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանին: Բայց հարցը խորհրդարան մտցնելու համար պետք է ոչ թե 6, այլ՝ 36 պատգամավորի ստորագրություն, դրա համար պետք է, որ դրան միանան «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորները եւ եւս 2 պատգամավոր` ՔՊ-ից կամ, այսպես կոչված, անկախներից: «Հայաստան» խմբակցությունը հայտարարում է, որ իրենք անիմաստ են համարում մտնել մի գործի մեջ, որի արդյունքը կանխորոշված է, անվստահություն հայտնելու գործը տապալվելու է, քանի որ երկու խմբակցությունն իրար հետ չունեն անհրաժեշտ 36 ստորագրությունը` անվստահության հարցը խորհրդարանի օրակարգ մտցնելու համար, ո՛չ «անկախներն» են ուզում ստորագրել, ո՛չ ՔՊ-ականները, առավել եւս` չունեն 54 պատգամավորի աջակցություն, Փաշինյանին անվստահություն հայտնելու քվեարկության համար:

Ըստ «Հայաստան» խմբակցության, քանի դեռ չկա հստակ երաշխիք, որ կարելի է Փաշինյանին անվստահություն հայտնել, իմաստ չունի նման գործընթաց նախաձեռնել: Արդյո՞ք իմպիչմենտի գործընթացը նախընտրական քարոզարշավի մի մաս է, որի արդյունքում ՀՀԿ-ն փորձում է հասարակությանը ցույց տալ, որ ինքն ավելի արմատական ընդդիմություն է, քան «Հայաստան» դաշինքը, ինքն ուզում է Փաշինյանին հեռացնել, իսկ «Հայաստան» դաշինքը պաշտպանում է Փաշինյանին, թե՞ իսկապես հնարավոր է ներկա խորհրդարանի միջոցով Փաշինյանին անվստահություն հայտնել:

«Հայաստան» խմբակցության դիրքորոշումը շատ հստակ ձեւակերպել է խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը. «Ընդդիմության ներսում կան բազմաթիվ թեկնածուներ: Հիսուս Քրիստոսին էլ բերես թեկնածու, դու չունես բավարար քվե, որպեսզի ընտրության արդյունք ունենաս, Փաշինյանին հեռացման արդյունք ունենաս: Հողմաղացների դեմ կռիվ ենք տալու՝ չունենալով արդյունք»: Հողմաղացների դեմ կռիվ տալը փոխաբերական իմաստ ունի, Միգել դե Սերվանտես Սավվադրայի «Դոն Կիխոտ» վեպի հերոսը հարթավայրում գտնվող հողմաղացներն ընդունում է որպես չար հսկաներ եւ պատերազմ է հայտարարում դրանց, չնայած նրա զինակից Սանչո Պանսան զգուշացնում է, որ դրանք ամենեւին էլ չար հսկաներ չեն, այլ՝ հողմաղացներ: Չնայած դրան, Դոն Կիխոտը ձիով արշավում է հողմաղաց հսկաների դեմ, նիզակով հարվածում դրանցից մեկին եւ ընկնում ձիուց: Շատերը համարում են, որ Դոն Կիխոտի արածն անիմաստ մի գործ է, անարդյունք մի նախաձեռնություն, որն առաջացել է իրականության սխալ ընկալման եւ սեփական ուժերը գերագնահատելու հետեւանքով: 

Այսքան մանրամասն գրում եմ Սերվանտեսի ստեղծագործության մասին, որովհետեւ առաջին հայացքից Գեղամ Մանուկյանի ասածը շատ տրամաբանական եւ ռացիոնալ է. ընդդիմությունը չունի 36 ստորագրություն եւ 54 կողմնակից` Փաշինյանին անվստահություն հայտնելու համար: Ստացվում է` ի՞նչ իմաստ ունի պատերազմ հայտարարել ՔՊ խմբակցությանը, երբ հայտնի է, որ այդ պատերազմում պարտվելու ես: Բայց չէ՞ որ ընդդիմությունը նոր չէ, որ պատերազմ է հայտարարել Փաշինյանին, այդ պատերազմը հայտարարված է շատ վաղուց`դեռեւս 2020 թվականից կամ դրանից էլ առաջ: Երբ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ընդունելով, ընդդիմությունը, որպես փոքրամասնություն, վերցրեց պատգամավորական մանդատները եւ մտավ խորհրդարան` ասելով, որ իրենք խորհրդարան են գնում սեփական օրակարգով, եւ դա Փաշինյանին անվստահություն հայտնելն է, մի՞թե չգիտեին, որ պայքարելու են հողմաղացների դեմ: Մի՞թե անցած 4 տարիների ընթացքում «Հայաստան» խմբակցությունը դոնկիխոտություն չէր անում` անարդյունք չէր պատերազմում չար հսկա ՔՊ-ի դեմ, եւ միայն իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելով կամ դրան միանալով է, որ ցույց է տալու իր անադեկվատությունը, որովհետեւ այլեւս չի հավատում, որ նրան հնարավոր է հաղթել` առնվազն խորհրդարանի այս ուժերի բաշխվածության պարագայում:

Ինչո՞ւ է «Հայաստան» խմբակ­ցությունն այդպես հետեւողականորեն դեմ արտահայտվում իմպիչմենտին, հիմնավորելով հաջողության հասնելու եւ հաղթելու անհնարինությունը, մի՞թե ավելի տրամաբանական չէր լինի, եթե հայտարարեին, որ պատրաստ են իրենց ունեցած 28 ստորագրությունը դնել ցանկացած նախաձեռնության տակ, որն ուղղված է Փաշինյանին իշխանությունից հեռացնելուն, չէ՞ որ դա ավելի հասկանալի եւ ազնիվ մոտեցում կլիներ: Գուցե պատճառն այն է, որ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը համարում է, որ Փաշինյանին հեռացնելու նախաձեռնությունը պետք է բխի իրենցի՞ց, իրենք պետք է լինեն նախաձեռնող, եւ ավելի փոքրերը պետք է միանան իրենց, եւ ոչ թե հակառակը` իրենք մի քանի անգամ մեծ լինելով «Պատիվ ունեմ»-ից, գնան ու միանան իրենից 5-6 անգամ փոքր խմբակցությանը: Իսկ գուցե իսկապե՞ս վախենում են, որ «Պատիվ ունեմ»-ը կարող է հաջողության հասնել Փաշինյանի հեռացման հարցում, այդ դեպքում ի՞նչ կստացվի` հաղթանակի բոլոր դափնիները բաժին կհասնեն «Պատիվ ունեմ» խմբակցությանը, Հանրապետական կուսակցությանը, իսկ իրենք կմնան ընդամենը աջակցողի դերում: 

Եթե անգամ հայտնի է, որ հնարավոր չէ հավաքել 36 ստորագրություն, «Հայաստան» խմբակցությունը պետք է միանա ստորագրահավաքին՝ դրանով փարատելով կասկածները, որ ինքը որեւէ նպատակ չունի պահելու Փաշինյանի իշխանությունը, անգամ մինչեւ հաջորդ ընտրություններ: Միակ բացատրությունը, թե ինչու իրենք անվերապահ աջակցություն չեն հայտնում իմպիչմենտին, կարող է այն լինել, որ Սերժ Սարգսյանը պայմանավորվել է Նիկոլ Փաշինյանի հետ, որ նա իմպիչմենտի միջոցով իշխանությունը հետ հանձնի իրեն, եւ այդ դեպքում «Հայաստան» խմբակցությունը կդառնա ընդամենը գործիք այս գործարքի հաջող իրականացման համար: Բայց համաձայնեք՝ սա չափազանց անհավանական տարբերակ է:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image