Քաղաքականություն

Ոչ մի ուժի չենք դարձնելու իշխանություն

Ոչ մի ուժի չենք դարձնելու իշխանություն

Փետրվարի 1-ին կհիմնադրվի տարբերվող անունով մի կուսակցություն` «Բոլորին դեմ եմ»։ Նախաձեռնության հեղինակները մի խումբ երիտասարդներ են: Նրանցից մեկը` Իշխան Գեւորգյանը, նախորդ շաբաթ կարճ ձեւակերպեց իրենց նպատակը՝ մեր ուզածը 100 օրվա մանդատ է։

«Կուսակցությունը հիմնադրվում է այն նպատակով, որ մասնակցի 2026-ի ընտրություններին եւ 100 օրվա ընթացքում երեք փոփոխություն կատարելուց հետո անցկացնի նոր ընտրություններ»,- ասաց նա եւ նշեց, որ առաջարկվող երեք փոփոխություններից մեկը վերաբերում է «դեմ եմ բոլորին» ընտրական քվեաթերթիկի վերականգնմանը, երկրորդը՝ կայուն մեծամասնության չեղարկմանը, իսկ երրորդը՝ ընտրական շեմի իջեցմանը։ Նոր ձևավորվող այս ուժի մասին տարբեր ընկալումներ ու կարծիքներ են հնչում: Կան պնդումներ, որ եթե անգամ ընդդիմության հաղթանակը կախված լինի «Բոլորին դեմ եմ» ուժի ձայներից, ապա նրանք միևնույն է չեն միանալու որևէ ընդդիմադիր ուժի, միևնույն ժամանակ ձայներ են փոշիացնելու, քանի որ ամենաշատ ձայները չեն հավաքելու: Այս մասին «Հրապարակը» մեկնաբանություն խնդրեց նախաձեռնության անդամներից Միքայել Նահապետյանին, պարզելու համար, թե ի՞նչ ծրագրեր ունեն ընդդիմադիրների հետ համագործակցելու առումով, քանի որ թե իրենք և թե մյուս ընդդիմադիր ուժերը ունեն մեկ նպատակ` հասնել իշխանափոխության:

Միքայել Նահապետյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով թեմային, ասում է. «Մենք մտածում ենք, որ եթե շանս լինի տարբեր ուժերի քվեարկությամբ իշխանափոխության հասնելու, ապա ճիշտ կլինի, որ բոլոր իշխանափոխության խոստացող քաղաքական ուժերը քվեարկեն մեր օրակարգին` հավատարիմ մնալով իրենց խոստմանը, ինչից հետո կձևավորվի 100-օրյա քաղաքական ուժ, որից հետո էլ տեղի կունենան արտահերթ ընտրություններ և այդ բոլոր իշխանափոխության հասած ուժերը, թող փառքով, պատվով գնան ընտրություններին մասնակցեն և արդյունքում բոլորս ազատված կլինենք Փաշինյանի իշխանությունից: Համագործակցության առումով կա հստակ սկզբունքային մոտեցում, որը մյուսների սկզբունքներին ևս չի հակասում: Մենք ասում ենք, որ խոստացել ենք, որ ոչ մի ուժի չենք դարձնելու իշխանություն: Ընդդիմադիր մյուս ուժերը այժմ խոստանում են իշխանափոխություն: Որպեսզի բոլորս մեր սկզբունքային դիրքորոշումը պահենք, լավ կլինի, որ մեր 100-օրյա կառավարությանը աջակցեն տվյալ ուժերը, ինչից հետո նոր թող բոլոր ուժերը մասնակցեն ընտրություններին»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image