Քաղաքականություն

Կամ ընտրություններն են անվավեր ճանաչվում, կամ կոնկրետ տեղամասերում վերաքվեարկություն է նշանակվում

Կամ ընտրություններն են անվավեր ճանաչվում, կամ կոնկրետ տեղամասերում վերաքվեարկություն է նշանակվում

Հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի կոկորդին կանգնած Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ԲՀԿ-ի շուրջ վերջին օրերին դրամատիկ զարգացումները շարունակվում են։

Նախօրեին ուշ երեկոյան ԿԸՀ-ն չեղարկեց երկու ընտրատեղամասերի արդյունքները՝ ԲՀԿ-ին կրկին զրկելով խորհրդարան անցնելու շանսից։ Ընտրություններից հետո Փաշինյանի կամակատար ԿԸՀ ղեկավար Վահագն Հովակիմյանն, ինչպես հայտնի է, աճպարարության շնորհիվ ԲՀԿ-ից նվազեցրել էր մի քանաի տասնյակ քվե, որ կուսակցությունը չանցնի խորհրդարան, բայց ձայների վերահաշվարկի արդյունքում ձայները վերադարձան տիրոջը ու երբ հայտնի դարձավ, որ Ծառուկյանն էլ է անցնում Ազգային ժողով ու ՔՊ-ին դնում, մեղմ ասած, վատ դրության մեջ՝ զրկելով 3/5-ի մեծամասնությունից, այն է՝ սահմանադրական մարմինների ղեկավարներ եւ անդամներ ընտրելու հնարավորությունից, իշխանական եւ մերձիշխանական շրջանակները հանկարծ գիտակցեցին, որ ընտրությունների ժամանակ էական խախտումներ են եղել, հատկապես բանակի քվեարկության ժամանակ, ու Դանիել Իոաննիսյանի դիմումի հիման վրա ԿԸՀ-ն չեղարկեց երկու ընտրատեղամասի արդյունքները, որպեսզի ԲՀԿ ձայները նվազեն եւ նա անցողիկ շեմը չգերազանցի։ Այս պարագայում ԲՀԿ-ի ստացած 3,99 տոկոս ձայները բաշխվում են խորհրդարան անցած ուժերի եւ հատկապես` ՔՊ-ի վրա:

Վիճահարույց տեղամասերում քվեարկել էին նաև զինվորները, քվեարկությունը տեղի էր ունեցել ժամը 20:00-ից, այսինքն` տեղամասերի փակվելուց հետո: Ընդդիմությունը և դիտորդները սա խախտում էին համարել: ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը նախօրեին սա խնդիր չէր համարել. «Ըստ իս՝ խնդիր չկա, որովհետև առավել խնդիր կլիներ, որ տեղամասը կողպեին, դռան դիմաց կանգնած զինվորին զրկեին քվեարկելու իրավունքից», ասել էր նա: Իսկ մի քանի ժամ անց մտքափոխ եղել: Ուստի առավել քան ակնհայտ է, որ ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ անցկացնելու մասին պարծեցող Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը ժողովրդի կամքի վրա բռնանալով են փորձում դուրս գալ իրենց ոչ լեգիտիմ, «կաղ բադիկի» կարգավիճակից։

«Այն, ինչ քիչ առաջ կատարվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ոչ այլ ինչ է, քան դասական այլանդակություն։ Գիշերվա կեսին, մթության քողի տակ, գաղտագողի կայացված այս խայտառակությունը ուղիղ ԲՀԿ-ին ուղղված հարված էր, որի նպատակը բոլոր հնարավոր միջոցներով ԲՀԿ-ին ԱԺ մտնել թույլ չտալն է», - ԿԸՀ որոշումից րոպեներ անց հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը։ Ավելի ուշ հայտարարությամբ հանդես եկավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ հայտնելով, որ կուսակցությունն «սկսում է քայլերի շարք, որը միտված է պաշտպանելու արդարությունը և ընտրողի շահերը, և դիմակայելու իշխանության անօրինականություններին»։ «Մեր իրավաբանական թիմերն աշխատում են բոլոր հնարավոր բողոքարկումների և դատական պրոցեսների ուղղությամբ։ Մենք սկսում ենք քաղաքական կոնսուլտացիաներ քաղաքական ուժերի հետ՝ միասնական օրակարգի և քայլերի մշակման համար», - հայտարարեց Ծառուկյանը:

Այսօր նրա մի խումբ թիմակիցներ եւ իրավական խորհրդատու Արամ Օրբելյանը ասուլիս էին հրավիրել, ապա նաեւ ԿԸՀ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացրեցին։ ԲՀԿ-ն պահանջում է՝ կամ ընտրությունների արդյունքները չեղարկված ընտրատեղամասերում վերաքվարկություն անցկացնել, կամ էլ ԿԸՀ որոշումը չեղարկել, եթե ոչ, ապա պարտավոր են չեղյալ հայտարարել բոլոր տեղամասերի արդյունքները։ Օրենքն իսկապես միանշանակ է` վերաքվեարկություն 2 տեղամասերում կամ նոր ընտրություններ: «Եթե ընտրություններն անվավեր ճանաչված տեղամասերում ԿԸՀ-ն վերաքվեարկություն չի իրականացնում, ապա մնում է մեկ տարբերակ՝ ամբողջ Հայաստանում ընտրություններն անվավեր ճանաչել եւ նոր ընտրություններ կազմակերպել», ասաց Արամ Օրբելյանը։

Ընդդիմության հայտարարություններին ի պատասխան ԿԸՀ-ից երեկ կոչ արեցին հունիսի 14-ին՝ կիրակի, սպասել քվեարկության արդյունքների վերջնական ամփոփմանը: ԿԸՀ-ից հղում էին արել Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի հոդված 95-ին, համաձայն որի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում՝ հունիսի 14-ին, ամփոփում է ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը․

1) Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին.

2) Ազգային ժողովի պատգամավորների մանդատների նախնական բաշխման մասին.

3) առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին.

4) Ազգային ժողովի ընտրություններն անվավեր ճանաչելու և ընտրությունների վերաքվեարկություն նշանակելու մասին.

5) Ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկությունն անվավեր ճանաչելու մասին: Այդ դեպքում

Հանրապետության նախագահը նշանակում է Ազգային ժողովի նոր հերթական ընտրություն:

«Այս պահին իրավիճակի վերաբերյալ ԿԸՀ պաշտոնական ցանկացած մեկնաբանություն կարող է ընկալվել որպես կանխակալ կարծիք, ուստի կոչ ենք անում սպասել հունիսի 14-ի քվեարկության արդյունքների վերջնական ամփոփմանը», հայտարարեց Հանձնաժողովը։

Օրենքի նույն հոդվածում ասվում է նաեւ. «Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված որոշումները կենտրոնական հանձնաժողովն ընդունում է 101-րդ հոդվածով նախատեսված դեպքերում», իսկ հիշյալ հոդվածը սահմանում է «Ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկություն նշանակելը, ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելը», ըստ այդմ՝ «եթե ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, եթե այդ միջոցով հնարավոր է շտկել այդ խախտումների հետեւանքները: Եթե այդ միջոցով հնարավոր չէ շտկել այդ խախտումները, ապա Ազգային ժողովի ընտրություններն անվավեր են ճանաչվում, եւ նշանակվում է Ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկություն»:

Ակնհայտ է, որ 2 ընտրատեղամասի արդյունքների անվավեր ճանաչումն ազդել է ընտրությունների արդյունքների վրա եւ ԲՀԿ-ն դուրս է մնում խորհրդարանից, ուստի ԿԸՀ-ն այս հիմքով պարտավոր է վերաքվեարկություն նշանակել։
Ի դեպ, վերաքվեարկությունն, ըստ օրենքի, անցկացվելու է այդ որոշումն ընդունելուց հետո` 7-րդ օրը: Այս դեպքում Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների ամփոփման համար սահմանված ժամկետները հաշվարկվում են վերաքվեարկության օրվանից:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image