2018-ից առաջ էլ մենք շատ համերաշխ ու միասնական չէինք, բայց այն, ինչ կատարվեց 18-ից հետո, մեր ազգի միասնականությունից նշույլ չթողեց: Նախկիններին մերժելու եւ հին կարգերը նորով փոխարինելու անվան տակ մեր հանրությունը բաժանվեց սեւերի ու սպիտակների, նախկինների ու ներկաների: Նրանց թվաց, թե գտել են հավերժ իշխելու, բոլոր իրենց սխալներն արդարացնելու ձեւը` ինչ-որ մարդկանցից կերտում ես հավերժ թշնամու, մեղավորի կերպար, եւ քո մեղքն արդեն չնչին է թվում մարդկանց աչքին: Ոչինչ, որ հանրությունը դրանից պառակտվում է, ոչինչ, որ թշնամանք ու ատելություն է գեներացվում ինչ-որ մարդկանց, ուժերի, խմբերի նկատմամբ: Հետո արդեն պառակտելն ու թշնամանք հրահրելը դարձան նորմա. արդարադատությունը կաղում է` մեղավորը դատավորներն են, արտաքին ֆրոնտում ունենք անհաջողություններ` դիվանագետներն են պատճառը, կրթությունը լավը չէ` ուսուցիչների մեղքն է, Արցախը հանձնվեց` մեղադրեք արցախցիներին, բանակը լավ վիճակում չէ` զինվորականներն են մեղավոր: Քրեական գործեր, ապօրինի գույքի մասին ճոխ հայտարարություններ եղան. այս բոլորը հանրության պառակտումն էլ ավելի խորացրեց:
Այնպես, որ ոչ միայն Հայաստան-Սփյուռք, Երեւան-մարզեր, հարուստներ-աղքատներ երկփեղկվածությունը ծաղկի, այլեւ մեզանում չմնա գեթ մեկ ընտանիք, որտեղ մարդիկ համերաշխ են ու համակարծիք: Չլինի մի ոլորտ, մի համակարգ, մի կառույց, որ մեկ այլ ոլորտի, համակարգի ու կառույցի հետ տարաձայնություններ չունենա: Հիմա արդեն պառակտումը կատաստրոֆիկ չափերի է հասել: Առաջին հայացքից ընդհանուր շահեր ունեցողներն են արդեն կոնֆլիկտի մեջ` հարուստները կռվում են այլ հարուստների հետ, աղքատները` պակաս աղքատների, վարորդները` ուղեւորների, 100 դրամի կողմնակիցները 150 դրամի կողմնակիցների, պետական ծառայողները` մասնավորում աշխատողների, աշխատանք ունեցողները` գործազուրկների: Պարզ ասած. հայը` հայի հետ: Եւ այս մեծ խառնակչությունը, հանրային պառակտումը այս իշխանության գրեթե միակ ձեռքբերումն է 7 տարվա կառավարման ընթացքում: Ահա Նիկոլ Փաշինյանի ստեղծած իրական Հայաստանը: «Բաժանիր, որ տիրես ասացվածքը» ՔՊ առաջնորդը շատ ուղիղ է հասկացել եւ կիրառում է` ինչքան ուժ ունի: