«Վերածնունդ» նորաստեղծ թաղամասի ժողովուրդը, ի վերջո, իր խոսքը լսելի դարձնելու համար ստիպված եղավ կտրուկ քայլերի դիմել: Երեք տարուց ի վեր քաղաքային իշխանություններին հղած նրանց տասնյակ նամակներն ու խնդրագրերն անպատասխան եւ անարդյունք եղան: Միշտ ստանում էին միեւնույն հեղհեղուկ պատասխանը` «նպատակահարմար չենք գտնում․․․», ու վերջ։ Իսկ նրանք ընդամենը պահանջում էին, որ իրենց թաղամասին հարող Մոնթե Մելքոնյան պողոտայի հարմար մի վայրում գծանշումներով ապահովեն հետիոտնի անվտանգ անցում։ Ժողովրդի խոսքով՝ երեխաների ձեռքը պինդ բռնած, խաչակնքելով պետք է հատեն այդ պողոտան։ Այդ հսկա թաղամասը ներկա վիճակում մի տեսակ կղզիացած է։ Զավեշտալին այն է, որ երբ ժողովուրդը ստիպված հատում է փողոցը ցանկացած տեղից, ոստիկանությունն էլ տուգանում է նրանց՝ սխալ տեղից փողոցը հատելու համար։ Իսկ ճիշտ տեղը պարզապես չկա․․․
Ժողովուրդն էլ ճարահատյալ կազմակերպել էր մի ակցիա, որ իր ձեւով ու բովանդակությամբ, տպավորիչ հմտությամբ եւ ճաշակով արդեն մեծ հնչեղության է արժանացել համացանցում։ Միասնական ձեւով, գրագետ ու բարձր մակարդակով՝ նրանք կարողացան փակել հարակից պողոտան ու կարճ ժամանակով խափանել երթեւեկությունը։ Մասնակիցները նույն թաղամասի տարբեր տարիքի երիտասարդ ընտանիքներն են՝ հատկապես փոքրիկները, որոնք իրենց գունավոր կավիճներով հասցրին մի քանի րոպեում ժամանակավոր գծանշումներով ցույց տալ քաղաքային իշխանությանը, որ իրենց ուզածն ընդամենը այդքան բան է։
Քաղաքային իշխանությունների եւ, առհասարակ, այս իշխանությունների գործելաոճին ծանոթ ենք։ Իրենց անգործությունը քողարկելու համար բառախաղերով են պատասխանում ժողովրդի տրամաբանական պահանջներին․ «Նպատակահարմար չենք գտնում», «Առայժմ այդպիսի որոշում չունենք», «Առայժմ հնարավոր չէ» եւ այլն։ Մի տեսակ սովետական գործելաոճ են կիրառում։ Սովետական տարիներին արտասահմանյան ցանկացած հեռախոսազանգի կա՛մ չէին պատասխանում, կա՛մ էլ պատասխանում էին՝ «սխալ համար եք հավաքել», ու լսափողը կախում․․․
Իհարկե, միամտություն կլինի, որ սրանց անգործությունը միայն նշված անփութությանը վերագրենք։ Թաղամասը հիմնադրվել եւ հաջողությամբ կառուցվել է նախկին իշխանությունների նախաձեռնությամբ եւ օրոք։ Թաղամասի բնակիչները գոհ են, հատկապես որ համեմատաբար մատչելի գներով կարողացել են բնակարանի տեր դառնալ եւ հանգիստ ապրել` օրը օրին զարգացող մի մեծ համալիրում: Իսկ իշխանությունները, որ ընդհանրապես զուրկ են այդպիսի համապարփակ եւ ընդգրկուն նախաձեռնություններից, լավ աչքով չեն նայում նրանց: Համենայնդեպս, սրանք հասկանում են, որ սա այն թաղամասը չէ, որ քառասուն պահնորդներով իրենց շեֆին բերեն այդտեղ ու հեծանիվ քշելու ներկայացում կազմակերպեն կամ երեխաներին պաղպաղակ հրամցնելու ձեւեր թափեն...
Իսկ թաղամասին հարող պողոտան, որը նույնպես նախկինների հաջողած գործերից է, կրում է Մոնթե Մելքոնյանի անունը։ Այս վերջին տարիների տեսածից ու լսածից արդեն գիտենք, որ սրանց ամեն մի գործողության խորքում ընկած է հիվանդագին մաղձ` նախկինների եւ հատկապես նրանց թողած ժառանգության նկատմամբ։ Մոնթե Մելքոնյանի ու նրա զինակիցների ամբողջ վաստակը մեկ հարվածով քամուն տված խեղկատակ այս իշխանավորներից ի՞նչ կարելի է սպասել։
Վահան Դարբինյան