Մշակույթ

«Գեղանկարիչը` ոսպնյակից այն կողմ». Վահան Քոչարի 75-ամյակին 

«Գեղանկարիչը` ոսպնյակից այն կողմ». Վահան Քոչարի 75-ամյակին 

1990-ի նոյեմբեր-դեկտեմբերն էր, երբ պատանիս եկավ «Ազգ»-ի խմբագրություն, դեմս դուրս եկավ մի «աժդահա» մարդ՝ փարթամ մորուքով, ձեռքին էլ մի մեծ արկղ, համակարգչային տեխնիկայով և, ներող՝ «մռնչած»․ Դու ո՞վ ես»․․․ «Ժուռնալիստ»՝ ճարահատյալ խոնարհս շշնջած․․«Ա՛ռ, էս յաշիկը տար կողքի սենյակ․․․»:

Մի քանի անգամ արկղները կողքի սենյակ տանել-բերելով՝ անտրտունջ կերպով, «ձյաձը» ասաց․ «Էրևում ա, լավ տղա ես» (а ля «Таможня дает добро»…):
Վահան Քոչարն էր՝ մի բարի և արդար «աժդահա»․․․: 

Հունվարի 25-ին Հայաստանի նկարիչների միության դահլիճում մեկնարկեց Վահան Քոչարի առաջին, ավաղ՝ հետմահու ցուցահանդեսը՝ «Գեղանկարիչը` ոսպնյակից այն կողմ» խորագրով։ Ցուցահանդեսը, որը կգործի մինչև հունվարի 31-ը, յուրովի հարգանքի տուրք է Վահան Քոչարի գեղարվեստական ժառանգությանը․․․

Քոչար ընտանիքը համատեղ Հայաստանի նկարիչների միության հետ դրա կազմակերպիչներն են։ Ըստ մամուլի հաղորդագրության, վայելում ենք «․․․Քոչարի ստեղծագործական ճանապարհը՝ որտեղ ցուցադրված են կտավներ` 15 տարեկան հասակից մինչև 71-ը: Ցուցահանդեսի թեման, գաղափարները և արվեստի գործերը լույս են սփռում մի բազմակողմանի տաղանդ ունեցող մարդու վրա, ով լայնորեն հայտնի էր որպես գրքերի ձևավորող և լուսանկարիչ, իսկ այժմ՝ որպես գեղանկարիչ․․․:

Նաև՝ «Նրա գեղանկարների հավաքածուն ներառում է տարվա չորս եղանակները ներկայացնող գործեր, աբստրակտներ, նատյուրմորտներ, կոմպոզիցիաներ, բնանկարներ, ինչպես նաև որմնանկարներ՝ ոգեշնչված հայկական եկեղեցիներից, որոնք անմնացորդ հետք էին թողել իր գենետիկ հիշողության մեջ: Ցուցահանդեսին ներկայացված նրա ստեղծագործություններից մի քանիսը ներառում են՝ Արարատ. Արարատի պատկերը` 1956 թվականին իր հոր՝ Անդրանիկ Քոչարի կողմից արված լուսանկարից։

Ադի-բուդիի ծառ. «Ոգեշնչված ծաղկած դեղձենուց տեսած իր թոռնուհու հետ զբոսնելիս, ով հավատում էր, որ ծառի վրա ադի-բուդի է ծաղկել․․․»:

Վահանի թոռնուհին իր երախտագիտությունն է հայտնում սիրելի պապիկին՝ նշելով.

«Շատ ոգևորված եմ, քանի որ վերջապես տեսնում եմ սիրելի պապիկիս նկարները իրական ցուցահանդեսի պատերին կախված: Չնայած բազմաթիվ դժվարությունների միջով անցանք, բայց ընտանիքով արդեն 8 ամսից ավել է աշխատում ենք այս ցուցահանդեսը իրականացնելու համար. Ի մի են բերվել գեղանկարների պատկերագիրքը՝ ավարտին հասցնելով այն, ինչ նա սկսել էր դեռ 2015 թվականին: Հպարտ եմ շատ, քանի որ այս նկարները հայ մշակույթի համար նորագույն հայտնություն են և արժանի գնահատման»:  

Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան Երևանի նախկին փոխքաղաքապետ, մշակութային գործիչ Արամ Սուքիասյանը,  Հայաստանի նկարիչների միության փոխնախագահ Լևոն Աբրահամյանը, և խոնարհս․․․ 

Առավել հիշվեց Արամ Սուքիասյանի խոսքը․ «Անմիջական ու խորհրդավոր վավերագրողը ում, վավերագրում առկա է նույնիսկ գեղանկարներում՝ հայզերի, ապրումների, զգացումների մի աշխարհ որ իրենն էր ու նայև մերը: Արվեստագետ, ով առավել կենտրոնացավ իր հոր աշխատանքների լուսբանման վրա, ջանք դրեց, մի տեսակ իրենը չկարևորելով: Հայ լուսանկարիչների թանգարան ունենալու անկատար երազանքն ու, հանրագիտարանի ստեղծմանը ձեռնամուխ լինելը:
Շնորհավոր կարգին մարդ ու երևանցի, տոհմիկ եսն ունեցող արվեստագետի 75- ամյակը:
Այնքան հայ ու համամարդկային․․․
Այնքան հայկական ու եվրոպական․․․
Այնքան հոգևոր ու աշխարհիկ, այնքան երևանյան ու քաղաքացիական․․․
Եվ, վերջապե՛ս, այնքան երկրային ու այսօր արդեն երկնային»։

Հեղինակի մասին․

Վահան Քոչարի ստեղծագործական կյանքն ի ծնե կապված էր ո՛չ միայն լուսանկարչության և գրքերի ձևավորման հետ, այլ նաև առաջնային դիրքում էր արվեստագետի գեղանկարչական ձիրքը: Վահան Քոչարը տաղանդաշատ լուսանկարիչ, գեղանկարիչ և գրքերի ձևավորող էր։ Իր կյանքի ընթացքում հեղինակել է երեք գիրք՝ «Հայ լուսանկարիչներ» հանրագիտարանը, «VIVE LA CINEMA», որտեղ ներկայացված են «Հայֆիլմ»-ի նկարահանման հրապարակում իր հոր՝ Անդրանիկ Քոչարի կողմից արված կուլիսային լուսանկարները և «Հիսուսի անձեռակերտ պատկերը Հայոց Աբգար թագավորի դաստառակին» ուսումնասիրությունը։ Նաև ձևավորել է տասնյակ պատկերագրքեր, այդ թվում` Հենրիկ Իգիթյանի հետ համատեղ` Ժամանակակից արվեստի թանգարանի հատորները: Նրա առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել 1962 թվականին, երբ նա դեռ 13 տարեկան էր: Նրա գեղանկարները արժեքավորել են ո՛չ միայն մեր հայ մեծերը, ինչպիսիք են Մարտիրոս Սարյանը, Մինաս Ավետիսյանը, Երվանդ Քոչարը, այլ նաև արտասահմանյան արվեստագետներն ու գեղանկարիչներ:

Մի փոքր հատված Սավառնակ թերթից. շաբաթ, 29 օգոստոս 1964.

«Երկու տարի առաջ Երևանում բացվեց Վահանիկ Քոչարի անդրանիկ ցուցահանդեսը: Հիմա բացվել է երկրորդը: Այն, ինչ ցուցադրված է այժմ, հաստատում է նրա շնորհքը: Ինչպես գրում է նկարիչ Ռաքուել Քենտը (Rockwell Kent), նրա նկարները նայելուց հետո, չես հավատում, թե նա տարիքով մարդ չէ. զարմանում ես, որ պատանին միայն ութերորդ դասարանի աշակերտ է»:

Այսպես, վաղ հասակից Քոչարի արվեստը լցված էր նրան բնորոշ մտքի ազատությամբ, գունային զգացումով և բնավորության խորությամբ:

Վահանը անժամանակ մահացավ 2020 թվականի հոկտեմբերի 17-ին՝ թողնելով արվեստի գործեր, որոնք անմնացորդ արժեք են ո՛չ միայն իր ընտանիքի, այլև հայ մշակույթի համար․․․

Վահան ավագ ընկերս հիրավի բացառիկ ՄԱՐԴ էր, ուստի բացման երեկո հավաքեց իր շուրջ բացառիկ մարդկանց՝ ավաղ, կորչող մի տեսակի, քաղաքի սիրելի ընկերների, որոնցից շատերին մի ․․․քսան տարի չէի հանդիպել․․․․և, ԱՆՍՊԱՍԵԼԻՈՐԵ՛Ն, մեր տաղանդավոր, շատ գեղեցիկ եգիպտա-ֆրանսա-ամերիկա-հայաստանցի դերասանուհի, պրոֆեսոր Նորա Արմանիին, ով, պարզվեց, Վահանի քույրիկն է․․․

Համարյա երեսուն տարի է անցել Փարիզում մեր հանդիպումներից, սակայն գեղեցկուհի Նորան գրեթե չէր փոխվել՝ հրաշք, հուզիչ էր․․․
Վահան ՋԱՆ, մեզ հետ ես․․․ 

Գուրգեն Խաժակյան
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image