«Հրապարակի» զրուցակիցն իրանցի քաղաքական վերլուծաբան Փույա Հուսեյնին է։
- Նախորդ տարեվերջից Իրանում շարունակվում են բողոքի արյունալի ցույցերը, որոնք ուղեկցվում են բախումներով, սպանություններով, իշխանությունը տապալելու կոչերով։ Պայքարի առաջնորդը նախկին շահի որդին է՝ Փահլավին, իսկ ապստամբության ֆորմալ պատճառը՝ երկրում առաջացած տնտեսական խնդիրները, ազգային արժույթի արժեզրկումը և այլն։ Այս ամենն իսկապե՞ս սոցիալ-տնտեսական արմատներ ունի, թե նախապատմությունն ավելի խորքային և բազմաշերտ է։
- Իհարկե, խնդիրներն ավելի բարդ են. դրանց մի մասը ներքին են, իսկ մյուս մասը՝ միջազգային, ներառյալ պատժամիջոցները, որոնք ուղղակիորեն ազդում են մարդկանց տնտեսական վիճակի վրա: Այն, ինչ դժգոհություն է առաջացրել ժողովրդի մոտ, մասամբ տնտեսական է, մասամբ՝ սոցիալական: Պետք է ասեմ, որ տնտեսական առումով տարիներ շարունակ Իրանը գտնվում է միջազգային ամենաանարդար և խիստ պատժամիջոցների ներքո, և այս տարիների ընթացքում Իրանի տնտեսությունը գնալով փոքրացել է՝ հասնելով ներկայիս ճգնաժամային վիճակին: Մարդկանց տնտեսական խնդիրների մեծ մասը պայմանավորված է ծանր պատժամիջոցներով, իսկ մի մասն էլ կապված է կառավարության սխալ տնտեսական գործունեության և տնտեսական քաղաքականության անարդյունավետության հետ, որոնց արմատները նույնպես հանգում են միջազգային պատժամիջոցներին:
Պատժամիջոցների պատճառով Իրանը չի կարողանում իր արտադրանքը, այդ թվում՝ նավթը, նավթամթերքը և այլ ապրանքներ, բնականոն կերպով արտահանել այլ երկրներ: Այդ պատճառով միջազգային գործարքների մեծ մասն իրականացվում է միջնորդների միջոցով: Իրանում գոյություն ունի դոլարի փոխարժեքի երկու տեսակ՝ պաշտոնական (պետական) և շուկայական: Պաշտոնական գործարքները պետք է իրականացվեն պետական փոխարժեքով, և այն միջնորդները, որոնք պատժամիջոցների պատճառով վաճառում են իրանական նավթը, պետք է դրա դիմաց ստացված դոլարը վերադարձնեն երկրի բանկային համակարգ՝ պետական փոխարժեքով: Երբ պետական և շուկայական փոխարժեքների միջև տարբերությունը մեծանում է, միջնորդների համար ձեռնտու չէ դոլարը պետական փոխարժեքով վերադարձնելը: Վերջերս շատ միջնորդներ հրաժարվել են Իրան վերադարձնել հարյուր միլիոնավոր և նույնիսկ միլիարդավոր դոլարներ: Այդ պատճառով երկրում դոլարը մի քանի անգամ թանկացել է, իսկ ազգային արժույթի արժեքը կտրուկ նվազել է: Արդյունքում, բոլոր ապրանքները մարդկանց համար բազմապատիկ թանկացել են, և ժողովուրդը բախվել է տնտեսական ուժեղ շոկի:
- Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը խոստովանել է, որ այն, ինչ կատարվում է հանրապետությունում, այն վիճակը, որին հասել են երկրում, բոլորի մեղքով է՝ խոստանալով շարունակել ջանքեր գործադրել առկա հիմնախնդիրները լուծելու համար։ ԱԳ նախարար Արաղչին էլ վստահեցրել է, որ այժմ երկրում վիճակը հանգիստ է, բողոքի ցույցեր այլևս չկան։ Այդպե՞ս է արդյոք։
- Իհարկե, դեռևս բողոքի ցույցերից առաջ Իրանի կառավարությունը ստիպված էր իրականացնել արագ և ցավոտ «տնտեսական վիրահատություն»։ Նպատակն էր. հավասարեցնել դոլարի պետական և շուկայական փոխարժեքները, որպեսզի միջնորդները վերադարձնեն Իրանի գումարները, և այլևս որևէ արդարացում չմնա այն միջնորդների համար, ովքեր երկիր չեն վերադարձնում նավթի, նավթամթերքի և այլ ապրանքների վաճառքից ստացված հասույթը։ Կառավարությունն առաջին հերթին փոխեց Կենտրոնական Բանկի նախագահին և ներդրեց սոցիալական աջակցության փաթեթներ բնակչության համար՝ նպատակ ունենալով փոխհատուցել ապրանքների թանկացման հետևանքով առաջացած ֆինանսական դժվարությունների մի մասը։ Այս աջակցությունը շարունակվում է և կշարունակվի նաև ապագայում։ Կառավարությունը խոստացել է լուծել ժողովրդի տնտեսական խնդիրները։ Վերջին մեկ-երկու օրվա ընթացքում բողոքի ցույցերի մակարդակը նվազել է, և քաղաքներում աստիճանաբար վերականգնվում է անդորրը։
- Շահի որդին նաև մեծ ապագա է խոստացել Իրանի ժողովրդին․ բարեկամություն ԱՄՆ-ի և Իսրայելի հետ և այլն։ Թրամփը, սակայն, թերահավատ է երկրում նրա առաջնորդության հարցում։ Իրանում իսկապե՞ս մեծ է աքսորյալ թագաժառանգի հեղինակությունը։
- Իրանը 92 միլիոն բնակչություն ունեցող երկիր է, որտեղ առկա են տարբեր քաղաքական նախասիրություններ։ Իրանի նախկին շահի որդին, իհարկե, Իրանում ունի կողմնակիցներ, բայց դա իր հոր՝ Իրանի վերջին շահի շնորհիվ է, այլ ոչ թե իր։ Այդ կողմնակիցներն այնքան շատ չեն, որքան գովազդում են արևմտյան լրատվամիջոցները, սակայն նրանք մեծ աղմուկ են բարձրացնում։ Նախկին շահի որդին մի մարդ է, ով Իրանից հեռացել է 17 տարեկանում և արդեն ավելի քան քառասուն տարի է, ինչ չի ապրում Իրանում։ Նա չունի իրական Իրանի, սոցիալական շերտերի, տնտեսական և մշակութային խնդիրների ճիշտ ընկալումը։ Ինչպե՞ս կարող է նա ղեկավարել Իրանը՝ լինելով այդքան օտարված երկրից և նրա հիմնախնդիրներից։ Վերջին քառասուն տարիների ընթացքում նա նույնիսկ մի փոքրիկ ընկերություն չի կառավարել, և իր ու իր ընտանիքի կյանքը հոգացել է հոր կողմից իրեն թողնված գումարներով։ Ինչպե՞ս կարող է նա ղեկավարել 92 միլիոնանոց երկիրը, այն էլ՝ այսքան բազում խնդիրների առկայության դեպքում։ Հաջորդ խնդիրը նրա ուժեղ կախվածությունն է ԱՄՆ-ի և Իսրայելի կառավարություններից, ինչն այնպիսի տպավորություն է ստեղծում, որ նա ոչ թե հասարակության առաջնորդ է, այլ օտարերկրյա տերությունների կամակատար:
- ԱԳ նախարար Աբբաս Արաղչին օտարերկրյա դեսպանների հետ հանդիպմանը հայտարարել է, թե ցույցերն ի սկզբանե խաղաղ են եղել, սակայն հետագայում դրանց ներգրավվել են ահաբեկչական տարրեր։ Նրա խոսքով, Իրանի դեմ ահաբեկչական պատերազմ է մղվում, որում գլխավոր խաղացողներն ԱՄՆ-ն և Իսրայելն են։
- Այո՛, սկզբում ցույցերը կապված էին տնտեսական խնդիրների հետ և կրում էին խաղաղ բնույթ, սակայն հետագայում դրանց ավելացան քաղաքական կարգախոսներ և պահանջներ։ Հաջորդ փուլում այլ երկրներից կախվածություն ունեցող տարրերն ու լիդերները ներխուժեցին ցուցարարների շարքերը, և նրանց միջոցով տարբեր քաղաքներում ցույցերը խաղաղ վիճակից վերածվեցին բախումների ոստիկանության և անվտանգության ուժերի հետ։ Այս փուլում ակտիվացան ահաբեկչական խմբավորումները, որոնք քաղաքներում զենքով հարձակվում էին ոստիկանների, ոստիկանական բաժանմունքների և պետական շենքերի վրա։ Նույնիսկ հրկիզվել են շտապօգնության և հրշեջ ծառայության մեքենաներ. այս ահաբեկչական գործողությունների ընթացքում սպանվել է շուրջ 100 ոստիկան։
Իրանի կառավարությունն ու պաշտոնյաները հստակ սահմանազատում են խաղաղ ցույցերը բռնի ու ահաբեկչական գործողություններից։ Իրանի իշխանությունները ճանաչում և հարգում են խաղաղ ցուցարարների բողոքի իրավունքը և խոստացել են լուծել բողոքող ժողովրդի խնդիրները, սակայն նրանք վճռականորեն պայքարում են ահաբեկիչների և թշնամու գործակալների դեմ։ Թշնամին նպատակ ունի ահաբեկչական գործողություններով և ցույցերը բռնության վերածելով ավելացնել զոհերի թիվը, որպեսզի հաջորդ փուլում միջազգային լրատվամիջոցները, չափազանցնելով ու ստելով, ներկայացնեն զոհերի մեծ քանակ և հիմքեր ստեղծեն Իրանի դեմ ռազմական հարձակման համար։
- Թրամփը չի էլ ժխտում, որ սատարում է Իրանում հակակառավարական ցույցի մասնակիցներին՝ միաժամանակ սպառնալով անդառնալի հարվածներ հասնել Իրանի տարածքին։ Ի վերջո, Վաշինգտոնն ու Թեհրանը կնստե՞ն բանակցությունների սեղանի շուրջ՝ հատկապես, որ ԱՄՆ նախագահն ուրախալի լուր է հայտնել և նշել, որ Իրանում սպանությունները դադարել են։
- Թրամփն ուղղակիորեն հրահրում էր ցուցարարներին հարձակվել և գրավել պետական շենքերը, իսկ մյուս կողմից՝ Իրանին սպառնում էր ռազմական հարձակմամբ։ Իրանը միշտ պատրաստ է եղել կառուցողական, արդար և իրական բանակցությունների՝ առանց ավելորդ պահանջների, և այժմ էլ Պարսից Ծոցի արաբական երկրների միջնորդությամբ բանակցություններ են ընթանում՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական հարձակման վտանգը վերացնելու համար։ Ամեն դեպքում, Իրանի զինված ուժերը լիակատար պատրաստվածության մեջ են՝ պատասխանելու ցանկացած տեսակի ռազմական ոտնձգության։ Ըստ նրանց հայտարարության՝ եթե որևէ հարձակում տեղի ունենա, տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ռազմական բազաները կդառնան Իրանի ռազմական պատասխանի թիրախը։
- Ի դեպ, Իրանի բարեկամներից, կարծես, միայն Չինաստանն է հատուկ ընդգծել ԻԻՀ ինքնիշխանությունը հարգելու և այդ երկրում արտաքին միջամտությունը բացառելու անհրաժեշտության մասին։ Ինչու՞ են լռում մյուսները, այդ թվում՝ բարեկամ համարվող Մոսկվան։ Ուկրաինայի հարցով Վաշինգտոնի հետ բանակցային գործընթացին չվնասելու նկատառումո՞վ է, թե՞ այլ գործոններ կան։
- Հնարավոր է, որ դա այդպես լինի, բայց Մոսկվան նույնպես դատապարտել է Իրանի ներքին գործերին ցանկացած տեսակի միջամտություն, և այժմ Ռուսաստանի կողմից Իրանին խորհրդատվություններ ու օգնություն են տրամադրվում։ Ընդհանուր առմամբ, Չինաստանն ու Ռուսաստանը քաջ գիտակցում են, որ եթե Իրանի համար խնդիրներ ստեղծվեն, իրենք լինելու են հաջորդ թիրախը։ Իրանի թուլացումը կնշանակի նաև նրանց թուլացումը։
- Եթե Թուրքիայում մտավախություն ունեն, թե Իրանում տեղի ունեցող զարգացումները վատ հետևանքներ կունենան իրենց համար՝ նշելով, որ տարածաշրջանը և հատկապես իրենց շրջապատող տարածքը կարող են վերածվել կրակե օղակի, Բաքվում, ընդհակառակը, սկսել են ոգևորված խոսել այսպես կոչված «իրանական Ադրբեջանի»՝ Ադրբեջանին միանալու հեռանկարների մասին։ Չե՞ք կարծում, որ Ալիևի ռեժիմը միացել է հակաիրանական քարոզարշավին։
- Ադրբեջանը տարիներ շարունակ միացել է հակաիրանական արշավին. սա նորություն չէ, սակայն ուշագրավ է նրանց ուրախությունը Իրանում տիրող ծանր իրավիճակի կապակցությամբ։ Վերջին տարիներին Իրանը եղել է նրանց աշխարհաքաղաքական նկրտումները զսպող կարևորագույն գործոններից մեկը։ Իրանը, Հայաստանի տարածքային ամբողջականությունը հայտարարելով որպես «կարմիր գիծ», թույլ չի տվել իրականացնել «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը։ Բացի այդ, Ադրբեջանը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական և անվտանգության, համագործակցում է Իրանի գլխավոր թշնամու՝ Իսրայելի հետ, ինչը ցույց է տալիս, թե Ադրբեջանը որքանով է ներգրավված Իրանի թշնամիների ճամբարում։
- Իսկ ի՞նչ մարտահրավերներ և սպառնալիքներ կան Հայաստանի համար, եթե Իրանում իրադարձությունները վատ սցենարով զարգանան։ ՀՀ-ում Իրանի դեսպանն օրինակ բավականին կոշտ է արտահայտվել՝ նշելով, թե Հայաստանն ակամայից վերածվում է Թեհրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի կենտրոնի, նաև բողոքել է, որ թույլ է տրվում բողոքի ցույցեր անցկացնել դեսպանատան մոտ։
- Իրանը տարածաշրջանի երկրների անվտանգության հենասյունն է: Եթե Իրանը թուլանա կամ նրա հետ որևէ բան պատահի, անվտանգային վակուումը (դատարկությունը) կհամակի ողջ տարածաշրջանը: Չպետք է մոռանալ, որ «Իսլամական պետությունը» (ԴԱԻՇ) առաջացավ հենց նման անվտանգային վակուումի հետևանքով՝ Իրաքում ԱՄՆ-ի հարձակումից հետո, երբ Իրաքում և Սիրիայում բացակայում էր ուժեղ ու հզոր պետականությունը, ինչը լուրջ խնդիրներ ստեղծեց տարածաշրջանի բոլոր երկրների համար: Հատկապես Հարավային Կովկասում, որտեղ Ադրբեջանն ու Թուրքիան բացահայտորեն աչք ունեն Հայաստանի հողերի վրա և դա երբեք չեն թաքցրել: Իրանի թուլացումը նշանակում է Հայաստանի անվտանգության թուլացում, և հակառակը նույնպես ճիշտ է:
Ինչ վերաբերում է Իրանի դեսպանատան դիմաց տեղի ունեցող ցույցերին, պետք է ասել, որ Երևանը վկայակոչում է խոսքի և հավաքների ազատությունը, սակայն հարցն այն է, թե որքա՞ն է այդ ազատության սահմանը: Երբ դա վնասում է երկու հարևան և եղբայրական երկրների հարաբերություններին, ապա խնդիրն այլևս «խոսքի ազատությունը» կամ նմանատիպ գեղեցիկ բառերը չեն, այլ ազգային անվտանգության լուրջ հարցը: Նրանք, ովքեր արդեն քանի օր է հավաքվում են Իրանի դեսպանատան դիմաց, հայհոյանքներով ու վիրավորանքներով թիրախավորում են Իրանի պետական խորհրդանիշները: Նրանք նույնիսկ փորձել են դեսպանատան պատերին լուսանկարներ փակցնել, ինչը կանխվել է ոստիկանության կողմից: Նրանք նախկին շահի որդու կողմնակիցներն են, ով ուղղակի հրահանգ է տվել իր բոլոր հետևորդներին՝ բոլոր երկրներում Իրանի դեսպանատների շենքերից իջեցնել Իրանի Իսլամական Հանրապետության դրոշը և նույնիսկ փորձել ներխուժել դեսպանատան շենք: Այս բոլոր մտադրություններն ապացուցելի են: Իրանի դեսպանի խոսքերը եղբայրական հորդոր էին հայ գործընկերներին՝ թույլ չտալ հակաիրանական ուժերին ձևավորվել և գործել Հայաստանում՝ «խոսքի ազատության» և «ժողովրդավարության» անվան տակ:
- Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը տեղեկացրել է, որ Իրանում տեղի ունեցող զանգվածային բողոքի ցույցերի և անկարգությունների ընթացքում երկու հայ է զոհվել։ Ձեզ այլ տվյալներ հայտնի՞ են հայության շրջանում տուժածների մասին։
- Ցավոք, զոհվածների ընտանիքներին կարեկցելով հանդերձ, պաշտոնական աղբյուրների համաձայն՝ գրանցվել է ընդամենը երկու զոհ: