2018-ի նոյեմբերին, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետի պաշտոնակատար էր, Մարտունու 190-ամյակին նվիրված միջոցառման ելույթում հայտարարեց՝ «Հայաստանում 3 միլիոն վարչապետ կա, և այդպես էլ պետք է լինի»։ Հետադարձ հայացքով պարզ է դառնում, որ այդ խոսքերը ոչ թե ժողովրդին զորակցելու նշան էին, այլ ընդամենը քաղաքական «ոտքի տեղն» ամրացնելու հնարք։ Նա դեռ ամուր չէր կանգնած հողի վրա, ուստի փորձում էր սիմուլացնել ժողովրդական աջակցություն։
Նույն ժամանակներում ասում էր․ «Եթե ժողովուրդը կառավարությանը շենքի դուռը ջարդում է՝ լավ է անում, ի՜ր դուռն է»։ Այն օրերին սա հնչում էր ժողովրդամետ խոսք։ Բայց հիմա հիշում ես՝ սա ընդամենը ժամանակավոր դերասանություն էր։
Կենցաղից օրինակ բերեմ։ Կեսուրը պատմում է․ «Հարսը շատ լավն էր, մեղմ, սիրալիր։ Բայց հենց որ երեխա ունեցավ ու «ոտքի տեղը պնդացրեց», պոզեր հանեց»։ Հիմա Փաշինյանն է նույն կերպ․ եկել էր՝ համեստ, ժողովրդավարության խոստումներով։ Իսկ երբ ամուր նստեց աթոռին, սկսեց կոպտել ու ստորացնել. «գյադեք էս յան, գյադեք էն յան»։
Կառավարությունը քոնն է, նախարարությունները քոնն են, Ազգային ժողովը քոնն է, դատարանները քոնն են, ուժայինները քոնն են։ Յոթ տարում հասցրել ես բոլորին քո թրի տակով անցկացնել։ Միայն ժողովուրդն է, որ քոնը չէ։ Ժողովուրդն այն է, ում խաբեցիր ու խոստացար, թե իբր նրա համար ես գալիս։ Բայց իրականում կառուցեցիր ամուր համակարգ՝ հենց այդ նույն ժողովրդին ճնշելու, լռեցնելու համար։
Այսօր ով ձայն է բարձրացնում՝ գլխին խփում ես տարբեր գործիքներով ու էլի նույն կեղծ-հերոսական տոնով ասում ես՝ «Դժգոհ եք, հեղափոխություն արեք»։ Բայց ամեն մեկի գլխին արդեն տասը չագուջ ես դրել ու հետո էլ համարձակվում ես ասել՝ հեղափոխություն արեք։ Մնացել է միայն՝ շնչելը քրեականացնես։
Ահա թե ինչու էր պետք կենցաղային օրինակը։ Գալիս ես տուն, ասում ես՝ բոլորդ հավասար եք, ես ձեզնից մեկն եմ։ Իսկ երբ «ոտքի տեղդ պնդացնում ես», հանկարծ հայտարարում ես՝ «Դուք ո՞վ եք, չեմ ճանաչում»։
Ժողովուրդն այս տան իրական տերն է։ Ժամանակն է, որ Տան տղան թասիբով առաջ գա ու ասի՝ «Այս Տան տերերը մենք ենք, ոչ թե դու»։ Հետո էլ ձեռքիցդ հանգիստ, բայց վճռական բռնի ու ոչ թե պարզապես ցույց տա, այլ ուղեկցի հորդ տան ճանապարհով՝ որ այլևս երբեք չմոլորվես ու չմտնես այն տուն, որի դռները խաբեությամբ բացեցիր։